Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կլինի՞ արդյոք տնտեսական հեղափոխություն

Փետրվար 27,2019 12:30

Երբ կառավարության ծրագիրն ընդունվեց, եւ կողմ ու դեմ կրքերը հանդարտվեցին, կարելի է մի փոքր շունչ քաշել եւ զգացմունքայնությունը մի կողմ թողած, դատել մեր երկրի տնտեսական զարգացման ծրագրային ուղեծրի մասին: Ընդհանրապես, հեղափոխությունները հարիր չեն տնտեսական համա¬կարգերին: Խուսափելով այդ տերմինից, տնտեսագետները, որպես կանոն, օգտագործում են «տնտեսության թռիչքային աճ» եզրույթը: Հեղափոխությանը հատուկ է համակարգային կտրուկ փոփոխություններ, իսկ տնտեսությունը դա չի հանդուրժում, եւ ավելի շատ հակված է էվոլյուցիոն ընթացքին, քանի որ հեղափոխականը ուղեկցվում է տնտեսական ցնցումներով: Հիշենք միայն Ռուսական հեղափոխության դառը փորձը: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, որտեղ կառավարության ծրագրի ընդունումից հետո տնտեսության ոլորտում ակնկալվում են հեղափոխական գործընթացներ, ապա ուզում եմ ընդգծել, որ այստեղ շտապողականությունը տեղին չէ: Տնտեսության մեջ հեղաշրջում չի ստացվի ընդամենը մի քանի շաբաթով փողոցներ փակելով, կամ ցուցարարների ոգեւորիչ ու բոցաշունչ ելույթներով: Այստեղ արդեն տարիներ են հարկավոր, որոնք պահանջելու են վերանայել մեր հայրենասիրական նկրտումները ազգային տնտեսության նկատմամբ:
Եկեք համաձայնենք, որ տնտեսության մեջ հայրենասիրությունը մեր օրերում շատ է պակասում: Եթե այստեղ դրսեւորենք հայրենասիրական նկրտումներ, ապա հաստատ տնտեսական կտրուկ վերելք կունենանք, առանց սպասելու ու այդպես էլ «կարոտով մնալու» օտարերկրյա խոշորամասշտաբ ներդրումների: Միջազգային պրակտիկայում քիչ չեն դեպքերը, երբ ազգաբնակչությունը նախընտրում է շուկայից գնել տեղական արտադրության ապրանքներ, թեկուզ մի քիչ անորակ ու թանկ, բայց եւ այնպես հուսադրումով դեպի ազգային տնտեսության զարգացումը: Այսօր դրա մասին մենք քիչ ենք խոսում, փոխարենը՝ անընդհատ շեփորահարում ենք ՀԴՄ կտրոնների տրամադրման պահանջը, որը թերեւս հստակ կարգավորված է վարչական լծակներով: Իսկ հայրենասիրական նկրտումները օրենսդրորեն չեն ամրագրվում, դրանք մեր մեջ տարիների ընթացքում ամրապնդվում են բարոյական նորմերով:

Հետեւաբար, տնտեսական թռիչքային աճ հանրապետությունում տեղի կունենա, երբ գործեն այդ նորմերը եւ առաջինը ակտիվանան տեղական ներդրողները, որոնք առայժմ մեր երկիրը թողած, փորձում են կապիտալ արտահանել եւ բիզնես ձեռնարկել դրսում: Ավելին, ունենք հազարավոր հաջողած գործարարներ սփյուռքում, որոնք դեռեւս խանդավառված չեն հայրենիքում ձեռներեցական գործունեությամբ եւ առայժմ ծաղկեցնում են օտարների տնտեսությունը: Մինչեւ ինքներս ներդրումներ չանենք մեր երկրում եւ դրանով չարձանագրենք հաջողություններ, օտարները չեն վստահի մեզ եւ չեն գա համագործակցության: Եկեք հիշենք, թե անկախացումից ի վեր քանի-քանի կառավարական ծրագրեր եկան ու անցան, հագեցած կոնկրետ թվերով ու ամպագոռգոռ գործողություններով, սակայն դրանցից ոչ մեկն էլ չիրականացան, առավել եւս՝ կառավարություններն էլ պատասխանատվություն չկրեցին ձախողումների համար: Եվ բազմիցս տնտեսական թռիչքային աճի նախապայման այդ ծրագրերում համարվեց օտարերկրյա կապիտալի ներհոսքերի խթանումը, եւ ոչ թե հայրենասիրական պարարտ հողի ստեղծումը մեր տնտեսավարման վարքագծում: Ուրեմն պիտի այս ամենից դասեր քաղենք եւ տնտեսական հայրենասիրության գործոնը, որպես հզոր միջոց, օգտագործենք ի նպաստ տնտեսության թռիչքաձեւ զարգացման, քան հույսներս դնենք կառավարության ցանկացած, լավ կամ վատ ծրագրերի վրա, որոնք մինչեւ վերջ չեն իրագործվում եւ անգամ չեն կրում հանրության առջեւ ձախողումների պատասխանատվության ինստիտուտ:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

տնտեսագիտության դոկտոր,

պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ,

26.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728