Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աննա Օհանյան. «Ես դա չէի կոչի հեղափոխություն ՝ չնայած հայերն այն այդպես են սիրում անվանել»

Փետրվար 26,2019 23:57

«Ամերիկայի ձայն». Ռազմավարական միջազգային հետազոտությունների կենտրոնի հրավերով փորձագետ Աննա Օհանյանը ներկայացրեց իր և մի շարք այլ փորձագետների հեղինակությամբ «Ռուսաստանն արտասահմանում» աշխատությունը, որը գիտական տեսության հիման վրա քննարկում է Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն իր հարևան տարածաշրջանների նկատմամբ:

Հեղինակի կարծիքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ոլորտում անհրաժեշտ են փոփոխություններ: Նա դրական է համարում հայկական և ադրբեջանական կողմերի ցուցաբերած պատրաստակամությունը ինքնուրույն առանց միջնորդների հանդիպելու վերաբերյալ: Փոփոխություններն անհրաժեշտ են,ըստ նրա, բանակցային ձևաչափում:

«Կարևոր է ներառել Լեռնային Ղարաբաղը, որպես հակամարտության կողմ բանակցություններում: Կարելի է ներառել նաև Լեռնային Ղարաբաղից ադրբեջանցի փախստականներին»,- գտնում է Օհանյանը:

Խոսելով Ռուսաստանի հարևանությամբ տեղի ունեցած հեղափոխական գործընթացների մասին՝ նա ընդգծեց քաղաքացիական հասարակության կարևոր դերն այդ հեղափոխական շարժումներում: Ըստ Օհանյանի, գունավոր հեղափոխությունները ժողովրդավարության անցման վաղ շրջանի դրսևորումներ էին և ընթացել էին վերևից՝ ներքև, այն դեպքում, երբ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ժամանակ էր ունեցել հասունանալու, և դա իր անդրադարձն է ունեցավ հայաստանյան զարգացումների վրա:

«Ես դա չէի կոչի հեղափոխություն ՝ չնայած հայերն այն այդպես են սիրում անվանել: Այն ոչ թե հակադրվել էր պետությանը, այլ ընդհակառակը, միտված էր պաշտպանելու պետական ինստիտուտներն ու սահմանադրականությունը »,- ասում է Օհանյանը:

Անդրադառնալով ընտրությունների կարևորությանը փորձագետն ընդգծում է, որ միայն ընտրությունների անցկացումը բավարար չէ ժողովրդավարական հասարակության կայացման համար: Անհրաժեշտ է նաև հանրային կոնսոլիդացում և կայացած քաղաքացիական հասարակություն:

«Հանրության մշտական մոբիլիզացումը կոնսոլիդացնում է ժողովրդավարությունը երկարաժամկետում»,- փաստում է Օհանյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728