Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Հարությունյանի փաստաբանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել

Փետրվար 26,2019 22:22

«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի փաստաբանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով այն է՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը։

Խնդիրն այն է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2018թ-ի դեկտեմբերի 30-ին` դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, քննության առարկա է դարձրել «Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը եւ բավարարել այն` առանց պաշտպանական կողմի մասնակցության:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նշված որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննարկման ժամանակ փաստաբանը կեղծ փաստաթուղթ է հայտնաբերել` «ՀԵՌԱԽՈՍԱԳԻՐ» վերտառությամբ: Ըստ նշված հեռախոսագրի` դեկտեմբերի 30-ին` ժամը 11։25-ին (միջնորդությունը դատավորին մակագրվելուց 11 րոպե անց), Դատարանի աշխատակազմը փորձել է կապ հաստատել Վահագն Հարությունյանի պաշտպանի հետ և տեղեկացնել, որ դատական նիստը նշանակված է նույն օրը ժամը 13։00-ին, սակայն Միհրան Պողոսյանը հեռախոսազանգերին չի պատասխանել։ Վերջինս հայտնել է, որ ինքն այդ օրը հեռախոսազանգ չի ստացել եւ պատրաստակամ է ներկայացնել դա վկայող փաստաթղթեր: Նա համոզված է, որ այդպիսի հեռախոսազանգ ոչ միայն չի կատարվել, այլեւ հետագայում է որպես կեղծ ապացույց զետեղվել վարույթի նյութերում, քանի որ այն չի եղել, երբ 10.01.2019թ. ծանոթացել է նյութերին:

Հայտնաբերված կեղծիքի վերաբերյալ փաստաբանը հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ։ Մ.Օհանջանյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ հարուցված քրեական գործն ուղարկել են դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու համար։

Լուսանկարում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը

Աղբյուր` Փաստինֆո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728