Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում:
Մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացում քննարկվել են պաշտպանական գերատեսչության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխգործակցության, սահմանամերձ համայնքների խնդիրների լուծմանն առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի, եղել մարտական հենակետերում, տեղում դիտարկել կատարված և ընթացիկ ինժեներական ու ամրաշինական, հենակետերի վերազինմանն ուղղված աշխատանքները, տվել համապատասխան հանձնարարականներ:
Դավիթ Տոնոյանը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց պատրաստությամբ ու տրամադրությամբ` հավաստիացնելով, որ զինանձնակազմի սոցիալ-կենցաղային հարցերը գտնվում են ռազմաքաղաքական ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Աշխատանքային այցի շրջանակում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է նաև հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի վարժադաշտում հետևել զինծառայողների մարտավարամասնագիտական պատրաստության գործնական պարապմունքներին, դիտարկել զորամասային ու զորանոցային պայմանները, զինծառայողների ճաշացանկը` համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկելով ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն