«Մենք Ադրբեջանի հետ չունենք որեւէ բան բանակցելու, մինչեւ իրենք գրավոր պայմանագրային ձեւով չհաստատեն իրենց կապիտուլյացիան»,- այսօր Ազատության հրապարակում «Հողեր չունենք տալու» կարգախոսով հավաքի ժամանակ հայտարարեց «Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար Տիգրան Չոբանյանը:
Նրա խոսքով՝ մի երկիր, որը միջազգային պարտավորությունները չի կատարում, խաբում է, այդ երկրի հետ որեւէ պայմանավորվածության գնալ ու բանակցել չի կարելի:
Ապրիլյան պատերազմում զոհված Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց. «Մենք թուրքին զիջելու ոչինչ չունենք, մենք պահել ենք ու պահելու ենք մեր երկիրը: Մեր ազատագրված հայրենիքի ամեն մի թիզ հողը, որը ներծծված է մեր եղբայրների, մեր քույրերի, մեր զավակների արյամբ, երբեք ու երբեք չի կարող սակարկման ու զիջման առարկա լինել: Այդ հարցը մեզ համար մեկընդմիշտ ու վերջնական լուծված է: Այդ հարցը լուծել է հայ ազատամարտիկը, հայ ֆիդային, հայ զինվորը, կամավորականը, լուծել են իրենց կյանքի գնով: Դրանք մեր համար սրբազան տարածքներ են, սրբազան հայրենիք, իսկ մարդիկ իրենց սրբությունները երբեք չեն զիջում: Մենք այսօր ուժեղ ենք, մեր բանակը հզոր է, մեր հայրենիքը՝ ամուր: Սա է թուրքին խաղաղություն պարտադրելու մեր բանաձեւը:
Մեր ազգային նպատակներին հասնելու համար ինձ համար կոնկրետ կա երկու կարեւոր ճանապարհ: Առաջինը սահմանին կանգնած մեր զինվորի անվտանգությունն է, բանակի հզորացումը: Սահմանում կանգնած մեր զինվորը պիտի զգա իր թիկունքի ամրությունը, մեզնից յուրաքանչուրը, ով հնարավորություն ունի, գոնե մեկ անգամ պիտի անցնի սահմանով, պիտի զինվորին տա իր ջերմությունն ու աջակցությունը, այդ դեպքում մեր զինվորը պատրաստ կլինի մեր հայրենիքին տալու իր սերն ու ուժը: Մյուս կարեւոր ճանապարհը մեր ազատագրված հայրենիքի վերաբնակեցումն է»: Ելույթի վերջում Ատոմ Զոհրաբյանը, դիմելով իր զոհված որդուն, ասաց. «Տղա՛ս, ես ընդունում եմ քո ընտրությունը, հարգում եմ քո ընտրությունը, ես խոնարհվում եմ քո ու քո մարտական ընկերների կատարած ընտրության առաջ ու որպես ծնող, որպես հայր, ես քեզ խոստանում եմ, մինչեւ իմ ապրելիք օրերի վերջը ես տեր եմ կանգնելու քո ընտրությանը»:
Հավաքի վերջում մասնակիցները, ձեռքերը բռունցք արած, բղավում էին՝ Արցախը չենք զիջելու, Արցախը Հայաստանն է եւ վերջ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հանրահավաքից լուսանկարը՝ Կարեն Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից: