«Երկրում տեղի ունեցող քաղաքական այս իրավիճակը, որն ամենուրեք տարվում է սպիտակի ու սեւի տարանջատման կանխամտածված քաղաքականությունը, այս լուրջ պահին ազգին հասցնում են պառակտման»,- այսօր «Ազատության» հրապարակում «Հողեր չունենք տալու» կարգախոսի ներքո հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն:
Ըստ նրա, հայ ժողովուրդը, ընկղմվելով հետհեղափոխական էյֆորիայի մեջ, դուրս է մնացել ամբողջական ազգ դառնալու գիտակցությունից. «Անհրաժեշտ է գիտակցել, որ չկա դիմադիր կամ ընդդիմադիր հայ մարդ, չկան հակահեղափոխականներ, կամ միայն սեւ ու սպիտակներ»:
Ռուբեն Գեւորգյանն ասաց, որ ռազմական հաղթանակներ տարած մեր երկրին պարտված խոսքեր պետք չեն:
ՀՅԴ անդամ, ազատամարտիկ, պահեստազորի սպա Արթուր Եղիազարյանն էլ իր ելույթում ասաց. «Այս հավաքը հայ ազգի տեսակի խնդիրն է, մի տեսակի, որի համար հայրենիքը բացարձակ արժեք է: Հայրենիքը չեն ընտրում, հայրենիքը մենք ենք: Այսօր, մեր պատմական հայրենիքի մոտ 90 տոկոսը կորցրած լինելով՝ իրավունք չունենք այն մեր հոգու մեջից ջնջել այն: Այսօր Վանա լիճը մեր հայրենիքն է, Արցախը, մինչեւ Քուռ գետը մեր հայրենիքն է: Արցախում այսօր գոյություն չունի գրավված, ազատագրված տարածք, կա Արցախի հանրապետություն՝ իր վարչական շրջաններով, իր Սահմանադրությամբ, այս հարցը անգամ քննարկման ենթակա չի: Ադրբեջանը մեր հակառակորդը չի, մեր թշնամին է: 2016-ին այն վայրագությունները, որ նրանք դրսեւորում էին, քաղաքակիրթ ոչ մի ազգի բնորոշ չէ, դա մեզ ատող տեսակն է: Այս գիտակցությունը պետք է մեր մեջ պահենք ու հասկանանք ում հետ գործ ունենք»:
Արթուր Եղիազարյանը պատմական ակնարկ կատարեց՝ ասելով. «Այսօր այն սահմանը, որը գծված է, դա նվազագույն անվտանգության սահմանն է, այսօր վիճարկել որեւէ թիզ, որեւէ մետր հողի մասին ուղղակի չի կարելի: 94-ից առ այսօր համեմատաբար զինադադարի այս իրավիճակը զուտ սահմանների արդյունքն է: Մեր պետության դոկտրինը այդպիսին պետք է լինի՝ հաջորդ անգամ Ադրբեջանի կողմից 2016-ի նման քայլ անելու դեպքում մեր սահմանը լրիվ պետք է այլ տեղ գծվի: Այսօրվանից մեր մտածողությունը, մեր տնտեսությունը պիտի հարմարեցնենք սրան»:
Եղիազարյանը հայտարարեց. «Մի բան պետք է պարզ հիշենք՝ տրվողին չեն հարգում, տվողին ուրիշ բան են անում, սա պետք է մեկընդմիշտ հիշենք, դրա համար մենք տալու ոչինչ չունենք: Մենք բանակցելու անգամ ոչինչ չունենք Ադրբեջանի հետ՝ բացառությամբ Ադրբեջանի ժողովրդի ինքնորոշման իրավունքի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ