«Պատկերացնենք, որ մի պահ այն զիջումները, որոնք ամրագրված են Մադրիդյան սկզբունքներում, տեղի ունենան, այսինքն՝ 5+2 շրջան հանձնվի՝ ազատ կամարտահայտության օգտին: Արդյոք դա կմոտեցնի՞ խաղաղությանը և խաղաղություն կբերի՞ տարածաշրջանին: Կարծում եմ, որ ոչ: Դա Ադրբեջանին կտանի հստակ գայթակղության՝ հերթական անգամ ուժ ցուցադրելու: Ներկա պայմաններում որևէ բան զիջել պետք չէ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արա Պապյանը:
Խոսելով «Հողեր չենք տալու» կարգախոսով հավաքի մասին, որը մեկնարկելու էր այսօր, պարոն Պապյանն ասաց, որ մարդիկ ազատ են իրենց տեսակետը ցույցի ու ելույթի ձևով արտահայտելու համար, նա կիսում է իրենց գաղափարը, որ տարածք զիջել պետք չէ:
«Ներկա իշխանությունը մի բան է հստակորեն մերժել և ժխտել. դա է տարածքներ՝ խաղաղության դիմաց: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մենք երբեք խաղաղության դիմաց տարածքներ չենք տալու, բայց որևէ մեկը չի ասել, որ իշխանությունները պատրաստություն ունեն խաղաղության դիմաց տարածք տալու, և անգամ նախկին իշխանության ժամանակ դա չի քննարկվել: Քննարկվել է հետևյալը՝ տարածքներ՝ կարգավիճակի դիմաց: Այ սա է, որ ներկա իշխանությունները չեն ժխտել: Այսինքն՝ հստակ դիրքորոշում չկա, որ դա չի լինելու»,- նշեց քաղաքագետը:
Վերջինս նկատեց նաև, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հստակ մի դիրքորոշում ունենք, և դա կախված է ոչ թե բանակցային բուն բովանդակության հետ, այլ բանակցային ձևաչափի հետ, որ Արցախն էլ պետք է մասնակցի, բայց բուն նյութը՝ այն կարմիր գիծը, որից հետո մենք պատրաստ չենք ոչինչ զիջելու, ըստ պարոն Պապյանի՝ չկա. «Ադրբեջանը 1988-ից առ այսօր հստակ մի գիծ ունի. Արցախը չի ստանա որևէ կարգավիճակ Ադրբեջանի սահմաններից դուրս: Սա նշանակում է, որ անգամ բանակցային գործընթացը իրենց համար կանխորոշված է»:
Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ