ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները փետրվարի 26-ին հանդիպել են Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի գրասենյակի մի խումբ երիտասարդ ներկայացուցիչների: Խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, անդրադարձել է կուսակցության որդեգրած քաղաքականությանը, գործունեության ուղղություններին եւ առաջիկա ծրագրերին:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի կրտսեր մասնագետ Կարմեն Գրլիցան նշել է, որ հանդիպման նպատակն է ծանոթանալ երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, ստանալ քաղաքական որոշ օրակարգային առաջնահերթություններին վերաբերող հարցերի պատասխաններ:
Խորհրդարանականները ներկայացրել են իշխանափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, անդրադարձել տնտեսական հեղափոխության տեսլականին, ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին, բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը, մարզերի զարգացմանը, հակակոռուպցիոն ռազմավարությանը, ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցերի:
Գեւորգ Գորգիսյանը նշել է, որ Եվրամիության հետ գործընկերությունը Հայաստանի համար ունի կարեւոր նշանակություն եւ հույս է հայտնել, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) արագ կվավերացվի ԵՄ անդամ երկրների կողմից:
Պատգամավորները պատասխանել են անցումային արդարադատությանը, զանգվածային լրատվամիջոցների ազատությանը, ընդդիմության դերակատարությանը, կառավարության նոր ծրագրին, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենսդրական աշխատանքներին վերաբերող հարցերին:
ՀՀ Ազգային ժողով