Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա դեռ հարց է՝ էսօրվա իշխանությունը հող հանձնո՞ղ է, թե՞ հանձնող չի». Ռուբեն Գեւորգյան

Փետրվար 26,2019 20:40
Ruben Gevorgyan

Այսօր Ազատության հրապարակում «Հողեր չունենք տալու» կարգախոսի ներքո «հայահավաք» էին կազմակերպել: Ազատության հրապարակում էր նաեւ Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ, ԲՀԿ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն:

Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Դա դեռ հարց է՝ էսօրվա իշխանությունը հող հանձնո՞ղ է, թե՞ հանձնող չի»:

Դիտարկմանը, որ իշխանություններն ասում են, որ իրենք որեւէ բան հիմա չեն բանակցում, հետեւաբար տարածքների զիջման մասին խոսելն անհեթեթ է՝ Ռուբեն Գեւորգյանն արձագանքեց. «Այստեղ տարածքների մասին բոլորն էլ կարող են խոսել, դա անհեթեթություն չի, մենք՝ մեր տանը, դուք՝ ձեր տանը կարող եք այդ հարցերն արծարծել, ո՞վ է արգելք հանդիսանում խոսել դրա մասին, կամ չխոսել: Միշտ էլ դա իմաստ ունի: Դա մեր պետության այն սկզբունքն է, որի հիման վրա մենք գոյատեւում ենք մինչեւ այսօր»:

Հարցին՝ եթե տարածք հանձնելու հարց չկա, ինչո՞ւ եք այսօր ազատամարտիկներով հավաք կազմակերպել՝ նա պատասխանեց. «Մենք երբեք չենք մեղադրում, որ տարածք են ուզում հանձնեն, կամ տարածք չեն ուզում հանձնեն: Մենք իրավունք չունենք քննադատել, թող քաղաքական դաշտում քննադատեն, բայց եղած իրավիճակում զգաստանալն ու զգաստացնելը լավ բան է: Հիշեցնենք, որ երբեք միակարծիք չի լինելու այս հարցը, կան տարակարծություններ: Երկրի տերը, ճիշտ է, ժողովուրդն է, բայց ճակատագրի տերը նրանք են, ովքեր կյանք ու արյուն չեն խնայել մեր երկրի ու ժողովրդի համար»:

Հարցին՝ իշխանությունները զգաստ չե՞ն՝ նա պատասխանեց. «Ես չգիտեմ զգաստ են, թե զգաստ չեն, համենայնդեպս, մենք պարտավոր ենք որպես էս երկրի համար պայքարած տղերք, չեմ ասում մենք ամենաառաջնային սիրով լցվածներնն ենք, բայց մենք ամեն մեկս մեր ժամանակին պարտավոր ենք մեր խոսքն ասելու: Սա մեղադրական ակցիա չի իշխանության դեմ, որ գիտեք ինչ կա, էս ի՞նչ եք անում: Մենք դեռ չգիտենք, թե ինչ են անում: Թող ամբողջ միջազգային հանրությունը զգա, որ մեր երկրում միանշանակ չի այս հարցը»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ վտա՞նգ եք տեսնում, որ իշխանություններին զգաստանալու կոչ եք անում՝ Ռուբեն Գեւորգյանը պատասխանեց. «Ասեք՝ վստահություն կա՞ իշխանությանը, թե՞ չկա, իսկ վստահել-չվստահելը կախված է Արցախի հարցով հանդիպումներից: Եթե դեռ պարզ չի…մենք պարտավոր ենք, որպես ժողովուրդ, մեր կարծիքը հայտնել»:

Լրագրողները ճշտեցին եւս մեկ անգամ՝ եթե Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ հող հանձնելու մասին խոսք լինել չի կարող, ինչի՞ց եք ենթադրել, որ հող են հանձնում ու մի հատ էլ կանխարգելիչ քայլեր եք անում՝ Ռուբեն Գեւորգյանը պատասխանեց. «Եթե ես իրավունք չունեմ իմ հայրենիքում, որպես Ռուբեն Գեւորգյան, իմ կարծիքը ամեն պահ հայտնեմ, որ չի կարելի հող հանձնել, հայրենիքը միայն հողակտոր չի, արյուն է, որը թափվել է, ես էդ տղաներից մեկն եմ ու եթե իրավունք չունեմ բարձրաձայնեմ, պիտի ասեմ՝ Նիկոլ Փաշինյան, թույլ տալի՞ս եք, որ նման հարց բարձրացնե՞մ…»:

Ռուբեն Գեւորգյանն ասաց, որ ինքը հրավիրված է, հավաքի կազմակերպիչներից չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728