«Սահմանադրության փոփոխման անհրաժեշտություն տեսնում եմ, որովհետև ներկա սահմանադրությունը, դիպուկ բնորոշմամբ, կարված է եղել Սերժ Սարգսյանի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արա Պապյանը: Սակայն, ըստ նրա, հարցն այն է, թե այդ փոփոխությունն ինչ խորությամբ պետք է լինի:
«Կարծում եմ, որ ընդհանրապես նոր սահմանադրություն պետք է ընդունել, ինչքան էլ, որ ասեն՝ ամեն տարի սահմանադրություն չեն փոխում: Պետք է փոխել, որովհետև այս սահմանադրությունը իր ձևով հարմար չէ: Շատ հարցերում համաձայն չլինելով Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ գտնում եմ, որ տվյալ դեպքում պետք է վերադառնալ կիսանախագահականին: Այսինքն՝ ժողովուրդը պետք է ընտրության հնարավորություն ունենա. երկու ընտրություն պիտի կատարի՝ նախագահ՝ որպես գործադիր իշխանության ղեկավար և օրենսդիր՝ խորհրդարանական ընտրություններ, որպեսզի այս երկու ուժային կենտրոնները իրար հակակշռեն և վերահսկեն: Այսօրվա սահմանադրությամբ մենք ունենք միակենտրոն համակարգ»,- իր խոսքում նշեց պարոն Պապյանը:
Քաղաքագետն իր խոսքն հիմնավորեց նաև ասելով, որ հաշվի առնելով մեր հայկական ավանդույթները, երբ նույն կուսակցության կամ շրջանակի ժողովուրդը ազատորեն չի քննադատում սեփական կուսակցությանը, և ըստ պարոն Պապյանի՝ դա մենք խորհրդարանի այս կարճաժամկետ աշխատանքի դեպքում տեսանք նույն կառավարության ծրագիրը ընդունելու պահին, հետևաբար նոր սահմանադրության անհրաժեշտությունը կա: Պարոն Պապյանի կարծիքով՝ դրան կես տարի պետք է նախորդեն լուրջ քննարկումներ՝ լավագույն տարբերակը գտնելու և տեսակետների բախումների համար:
Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ