Մամուլում այսօր շրջանառվում է տեղեկատվություն, թե քաղաքապետի որոշմամբ, իբր, «Հրապարակ» օրաթերթին և այլ լրատվամիջոցների «վտարում են զբաղեցրած տարածքից»: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ քաղաքապետարանը որևէ սուբյեկտի, այդ թվում, հատկապես, որևէ լրատվամիջոցի, զբաղեցրած տարածքից վտարելու մտադրություն չունի:
Խնդիրը հետևյալն է.
Երևանի քաղաքապետարանը համայնքային սեփականություն հանդիսացող գույքի առավել արդյունավետ կառավարման նպատակով օրերս ծանուցումներ է ուղարկել մի քանի տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք տարածքներ են զբաղեցնում համայնքին պատկանող շինություններում՝ անհատույց օգտագործման կամ վարձակալության հիմունքներով:
Մասնավորապես, ս.թ. փետրվարի 21-ին ծանուցումներ են ուղարկվել Բուզանդի փողոցի 1/3 հասցեում տարատեսակ գործունեություն իրականացնող 27 իրավաբանական և ֆիզիկական անձանց: Դրանց թվում են շահույթ հետապնդող կազմակերպություններ՝ բանկեր, տպարաններ, լրատվամիջոցներ և այլն, ինչպես նաև շահույթ չհետապնդող այլ անձինք ու կազմակերպություններ, ՀԿ-ներ, քաղաքական կուսակցություններ, կառավարական հիմնարկներ, լրատվամիջոցներ և այլք:
Քաղաքի իշխանությունը այս տարածքների հարցում խնդիր ունի՝ որոշակիացնելու օգտագործման պայմանները այն առումով, որ շատ դեպքերում հստակ չէ, թե ինչ չափորոշիչներով է տվյալ կազմակերպությունը տարածքն օգտագործում անհատույց կամ վարձակալությամբ: Որովհետև, օրինակ, նույն «Հրապարակ» օրաթերթը կամ «Ա1+» հեռուստաընկերությունն իրենց զբաղեցրած տարածքներն օգտագործում են անհատույց, բայց, օրինակ, մեկ այլ լրատվամիջոց՝ «Հետքը», նույն շենքում գտնվող իր տարածքը վարձակալում է: Գործընթացի արդյունքում կսահմանվեն օգտագործման օպտիմալ ձևեր և պայմաններ:
Ուղարկված՝ պայմանագրից հրաժարվելու ծանուցումները, այսպիսով, ընդամենը սկիզբն են նշված գործընթացի, որի նպատակը հավասար պայմանների ստեղծումն է՝ տարածքը անհատուց կամ վարձակալությամբ օգտագործելու դեպքերում: Ծանուցումը մեխանիկորեն չի հանգեցնում օգտագործման իրավունքի դադարեցման, այսինքն, ստորև բերված փաստաթղթերում «ծանուցումն ստանալու պահից (փետրվարի 21-ից) մեկ ամիս անց՝ հնգօրյա ժամկետում տարածքն ազատելու» դրույթը ինքնաբերաբար չի ենթադրում, որ կազմակերպությունները պետք է ազատեն տարածքը: Ըստ մշակված չափորոշիչների, յուրաքանչուր դեպքով կկայացվի որոշում:
Ավելորդ է նշել, որ գործընթացը լրատվամիջոցների աշխատանքի պայմանները վատթարացնելու կամ, առավելևս, «ի պատասխան քննադատության» լրատվամիջոցին քաղաքական հետապնդման ենթարկելու հետ որևէ աղերս չունի և չի կարող ունենալ: Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ, ինչպես նշեցինք, ծանուցումներ են ուղարկվել 27 կազմակերպությունների և անձանց, այդ թվում՝ կառավարական հիմնարկների:
Քաղաքային գործող վարչակազմը քաղաքի կառավարումն ստանձնելու պահից ի վեր աշխատանքի մեկ հիմնարար սկզբունք ունի. գործել՝ ելնելով բացառապես համայնքի շահերից: Այդ գործելաոճի բաղկացուցիչներից է հատկապես լրատվամիջոցների հետ առավելագույնս բաց և թափանցիկ աշխատանքը, որի արդյունքում մեդիան առանց որևէ խոչընդոտի քաղաքապետարանի և ավագանու աշխատանքները լուսաբանելու հնարավորություն է ստացել, և որի միջոցով հանրությունը պարբերաբար օպերատիվ տեղեկատվություն է ստանում քաղաքին վերաբերող ցանկացած խնդրի մասին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն