Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ընթանում էր ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով հերթական դատական նիստը։ Պաշտպանները միջնորդել են Մանվել Գրիգորյանին ազատ արձակել՝ 20 միլիոն գրավի դիմաց։
Թե նիստն ինչ ընթացք ունեցավ, դատարանի մոտ հավաքված լրագրողներին չհաջողվեց պարզել։ Մանվել Գրիգորյանի պաշտպանները խուսափում էին լրագրողների հարցերին պատասխանել կամ մեկնաբանություններ տալ։ Հաջողվեց միայն ճշտել, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանները բացարկի դիմում են ներկայացրել գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանին։ Բացարկի հիմքերի մասին պաշտպանները չխոսեցին։ Դատարանը խորհրդակցական սենյակում է, որոշումը կհրապարակի վաղը ժամը 14․00-ին։
Ենթադրվում է, որ դատավորին բացարկ հայտնելու պատճառ կարող է հանդիսանալ այն, որ Մանվել Գրիգորյանի տարբեր գործերով կալանքի որոշումներ կայացրել է հենց դատավոր Մարինե Մելքոնյանը։
Հիշեցնենք, Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու եւ շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ, նախկինում բացահայտված հանցագործություններից բացի հայտնաբերվել են նաեւ Մ. Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը կազմակերպելու, պետական միջոցները վատնելու եւ առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը կազմակերպելու դեպքեր: Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ