«Պատմությունը մոռանալ չի կարելի, բայց չի կարելի նաեւ «մնալ» Մարտի 1, ցեղասպանության, Հոկտեմբերի 27-ի «տակ»: Մարտի 1-ը քաղաքականացնել չի կարելի: Եթե թույլ տանք, որ ամեն մեկը Մարտի մեկին նայի իր տեսանկյունից, գործը կքաղաքականացվի: Ուստի Մարտի մեկը պետք է թողնել միայն իրավական հարթության վրա, հետո՝ փակել ու բացել մարտի երկուսի էջը, այլապես կմնանք դրա «տակ»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով մարտի մեկին սպասվելիք երթին, որը նախաձեռնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նա ընդգծեց, որ մարտիմեկյան երթերը նորություն չեն, նախկինում էլ այդ օրը որոշ քաղաքական գործիչներ հարգանքի երթեր են արել, ծաղիկներ խոնարհել. «Ներկա եւ նախկին իշխանությունները Մարտի մեկը քաղաքականացնում են, բայց երթը նորմալ է: Նորմալ կլինի՞, եթե ապրիլի 24-ին երթեր չանենք»: Նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը Կարեն Քոչարյանի հետ չհամաձայնեց՝ պնդելով, որ մարտիմեկյան երթերը միշտ էլ քաղաքական նպատակներ են ունեցել. «Իշխանությունները պետք է անեն դա եւ հայտարարեն, որ իրենք չեն դիմի «մարտի մեկի», ինչպես նախկինները դիմեցին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ