Լրահոս
Օրվա լրահոսը

Կենդանաբանական այգու աշխատակից. «Ռուբեն Խաչատրյանի դեմ արշավն ուղղորդված է»

Փետրվար 26,2019 18:52

Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի Կենդանաբանական այգու  կենդանիների խնամքի բաժնի համակարգող Արտյոմ Մակարյանը նշեց, որ մոտ երկու ամիս է, ինչ աշխատում է, սակայն այգին գիտի երեխա ժամանակվանից, նաեւ նշում է 1991-93թթ եղել է կենդանաբանական այգու փոխտնօրենը: Ինչ վերաբերվում է Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի դեմ ոմանց արշավին, նրա ձեւակերպմամբ, այդ ամենն ուղղորդված է . «Ով բերանը բացում է, ուրեմն ինչ-որ բան են խոստացել; Կան նաեւ մարդիկ, որոնք նեղացած են,  նրանց էլ զանգում-ասում են՝ դու ինչի չես միանում մեզ»:

«Հիմա նորից եմ եկել, որովհետեւ տեսնում եմ այն մասշտաբները փոփոխությունների, նոր մոտեցումները, որոնք առկա են Երեւանի կենդանաբանական այգում: Ես ինքնաբավ մարդ եմ, նորից եկել եմ այստեղ ոչ թե փող աշխատելու, այլ այն պատճառով, որ տեսա, թե ինչպես է աշխատում Ռուբեն Խաչատրյանը, որպես մենեջեր, ինքը գիտի, թե ինչն ինչպես է արվում; Ես շատ ուրախ եմ, որ նման մարդու եւ մասնագետի թիմին եմ միացել»,-ասաց պարոն Մակարյանը;

Հավելեց, որ այն խնդիրները, որոնք ժամանակ առ ժամանակ գլուխ են բարձրացնում հետեւանք են նախկինների աշխատանքի: Նա նաեւ պնդում է՝ այսօր ովքեր պահանջում են Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը, նրանցից շատերը հենց կենդաբանական այգու ինչ-ինչ խնդիրներում մեղքի բաժին ունեն:

«Իրենց սխալներն ուզում են գցել իրենց վրայից… Ինձ բախտ է վիճակվել լինել այգու ղեկի մոտ՝ ամենածանր տարիներին, երբ ամեն ինչ քանդվում էր, լույս չկար: Ես հիշում եմ, թե ինչ դժվարությամբ էինք այգին պահում: Այն ժամանակ էլ կային այնպիսի երեւույթներ, որոնց հիմա էլ ենք հանդիպում: Մենք զինված դուրս էինք գալիս հերթապահության, որ այգու կենդանիներին սոված մարդիկ չվնասեն:

Այն ժամանակ էլ եղել են դեպքեր, երբ եկել ու տեսել եմ, որ, օրինակ, փասիանների վզերը պոկված են..Կամ եղել է դեպք, երբ եկել եւ տեսել եմ, որ բիզոնների կղմիդրե տանիքը ջարդել են կենդանիների վրա…Եղել են կենդանիները թունավորման դեպքեր: Հիմա, որ նորից Երեւանի կենդանաբանական այգում եմ աշխատում, նույն ձեռագիրը տեսնում եմ: Առայժմ ոչ մի անուն չեմ ուզում տալ, որովհետեւ դեռ ժամանակը չէ, բայց տեսնում եմ, որ այդ գործելաոճը չի մեռել, այն դրական աշխատանքը, որ արվել է այգում չի նկատվում, դա է ամենաշատն ինձ զայրացնում:

Իսկ այն ուղին, որով գնում է Երեւանի կենդանաբանական այգին, մեզ վայել է որպես ազգի, որը պետք է կարգին կենդանաբանական այգի ունենա: Անցել են ժամանակները, երբ կենդանիները պետք է ուղղակի վանդակում նստեն, ու մարդիկ գան նայեն…Հիմա ինչ-ինչ թվեր են հրապարակում Ռուբեն Խաչատրյանի ընդդիմախոսները, հազարներ են նշում, բայց, երևի, այգու առնետներին էլ են հաշվում»,- կարծում է Երեւանի կենդանաբանական այգու  կենդանիների խնամքի բաժնի համակարգողը:

Մեր հարցին՝ արդյոք արդարացված են դժգոհությունները, Արտյոմ Մակարյանը պատասխանեց. «Իրենք հավակնոտ են եւ տենդենցիոզ…Ցանկացած բան էլ կարելի է լավ կամ վատ ներկայացնել, նայած դու ինչ ես ուզում տեսնել: Այո կան կամ եղել են ինչ-ինչ խնդիրներ, օրինակ արջերի ազատավանդակի հետ կապված , բայց ամեն ինչ էլ կարելի է շտկել: Ուղղակի պետք է հարցը դիտարկել այն համատեքստում, թե կենդանաբանական այգին ինչից ինչ է դարձել այժմ, եւ ով է այն դարձել այդպիսին:

Նախկինում այգուն գիտե՞ք ինչպես էին նայում՝  տունս պահեմ, ինչ կստացվի, էդ էլ կենդանիներին, իսկ հիմա փոխվել է մոտեցումը: Մարդը (Ռուբեն Խաչատրյանը- Գ.Հ) կարողանում է ծրագրեր ներգրավել, փող հայթայթել, որի շնորհիվ այգու վիճակն է բարելավում: Ինքը լավ  կառավարիչ է»:

Մեր զրուցակիցը հավելում է. «Նոր եմ Մոսկվայից եկել ու բոլորը տեսնեք, թե ոնց են խոսում մեր՝ արջերի փրկության ծրագրի մասին: Ասում են՝ ինչ մեծ գործ եք անում, ու սրա կողքին ոմանց հավակնությունները  իրենց խեղդում են, դրա համար էլ կատարված աշխատանքը չեն գնահատում»:

Կենդանիների թունավորումներին էլ անդրադարձ եղավ, Մակարյանը ցավով է փաստում. «Զեբրան թունավորվել է: Ես ոչ մի մանրամասնություն չեմ կարող հայտնել, բայց դա բնորոշ է այգուն…Երբ չեն կարողանում մարդուն վնաս տալ, կենդանուն են վնասում: Նման բաները միտումնավոր են արվում, կան լաբորատոր հետազոտության արդյունքներ, որ թունավորում է տեղի ունեցել»:

Նա ուսումնասիրություններին ու ստուգումներին էլ անդրադարձավ, նշեց, որ կենդանաբանական այգին մանրակրկիտ ստուգելուց հետո անգամ որեւէ պատճառ չի գտնվել, որի համար Ռուբեն Խաչատրյանին ազատեն աշխատանքից:

Արտյոմ Մակարյանը նաեւ մտահոգված է. «Պատկերացնում ե՞ք հիմա այդ բողոքող թայֆան նորից գա այգում աշխատի, կսկսի կենդանի ծախել, սատկը կսկսվի, այգին կքանդվի…Հիմա մեզ մոտ երկու կենդանի է սատկել, մեծ աղմուկ են անում, բայց երբ էդ բողոքողներից ոմանք այգում էին աշխատում, այգին ուղղակի բզկտված վիճակում էր, մարդիկ չէին կարողանում աշխատել, կերած հացն էլ կուլ չէր գնում; Հիմա, բարեբախտաբար, նորմալ մթնոլորտ է, ջան-ջիգյար: Այգում պրոֆեսիոնալներ են աշխատում, լուրջ մասնագետներ, իսկ ով հակառակն է պնդում, մի հատ պետք է նայել՝ ինքն իրենից ի՞նչ է ներկայացնում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728