«Կան «բայց»-եր: Ժողովրդավարության հաղթանակին մի քանի տեսանկյունից նայենք: Իհարկե, այդ օրը մարդիկ պայքարել են իրենց ընտրական իրավունքի, արդարության համար, բայց եղել են նաեւ մարդիկ, որոնք դիմել են բռնությունների: Եղել են դեպքեր, երբ մարդիկ խանութ են թալանել եւ մեքենա ջարդել: Դա արդեն իրավապահների դաշտում է: Միաժամանակ՝ ժողովուրդը մինչ օրս ասում է, որ այդ դեպքերն իրենց հետ կապված չեն, որ դրանք կազմակերպվել են ինչ-որ անձանց կողմից»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով 2008թ.-ի մարտի մեկի հայտնի դեպքերին, ասաց «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վահան Բաբայանը:
Նրա բնորոշմամբ՝ որեւէ ղեկավարություն իր իշխանությունը պահելու նպատակով իրավունք չունի գնալ ժողովրդին պատժելու եւ վերջինիս դեմ զենք կիրառելու ճանապարհով, բայց ժողովուրդն էլ իրավունք չունի անկարգություններ անել, հրդեհել, քանդել. «Մարտի մեկին ժողովուրդն իմ մտերիմներից մի քանիսի մեքենան կանգնեցրել է, քաշել-դուրս հանել՝ անիմաստ տեղը: Պատկերացնո՞ւմ եք՝ նման բաներն ինչերի կարող են հանգեցնել: Հարց է առաջանում՝ ո՞ր իշխանությունը կհանդուրժի, որ իր մայրաքաղաքն այրեն կամ թալանեն: Հետեւաբար, հարցի մեկ տեսանկյուն չկա, բոլոր տեսանկյունները պետք է հաշվի առնել»:
Վահան Բաբայանի խոսքով՝ ժողովրդավարության դրոշ բարձրացնելը չի արդարացնում ապակայունացնող գործողությունների հնարավոր հետեւանքները. «Ուստի մարտիմեկյան իրադարձությունները համապետական մակարդակով նշելը, դրանք քաղաքականացնելը, կարծում եմ, ճիշտ չէ: Չպետք է այսօր դրանք դարձնել քաղաքական ուղերձների հարթակ»:
Հիշեցնենք, որ օրեր անց՝ մարտի մեկին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երթ է նախաձեռնելու:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ