Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու անձ ձերբակալվել է՝ զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու կասկածանքով

Փետրվար 26,2019 19:15

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 27-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Երկու անձ ձերբակալվել է:

2019թ. փետրվարի 23-ին՝ ժամը 23:20-ին, Ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ իրենց է զանգահարել Ֆրանսիայի հանրապետությունում մշտապես բնակվող, ՀՀ քաղաքացի, ազգությամբ եզդի մի կին՝ ծնված 1991թ., և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 22։45-ի սահմաններում, Խորենացի փողոցում երկու անձինք՝ դիմակավորված, զենքի սպառնալիքով, իրենից հափշտակել են 700 եվրո և դիմել փախուստի։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը:

Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 23-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, երկու անձինք հետևել են 27-ամյա կնոջը և Երևան քաղաքի Խորենացի փողոցում, թիկունքից և առջևից փակելով ճանապարհը, ստիպել են կանգ առնել: Նրանցից մեկը, ատրճանակն ուղղելով կնոջ դեմքին, կրակելու սպառնալիքով, պահանջել է իրեն հանձնել նրա մոտ եղած գումարն ու թանկարժեք իրերը։  Կինը, զենքի գործադրման սպառնալիքից վախենալով, դրամապանակը` 500 եվրո և 80.000 ՀՀ դրամ կանխիկ գումարի պարունակությամբ, հանձնել է ատրճանակով սպառնացող անձին, որից հետո նրանք դիմել են փախուստի։

Դեպքի առթիվ 2019 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: 27-ամյա կինը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Կնոջ մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն և քննչական փորձարարություն, որի ժամանակ վերջինս մատնացույց է արել իր՝ այդ պահին անցած ուղին և դեպքի վայրը:

Առգրավվել են դեպքի վայրի մոտակայքում գտնվող տեսաձայնագրառող սարքերը, զննվել տեսագրությունները:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, ազգությամբ հայեր՝ ծնված 1999 և 2000թթ.: Վերջիններս 2019թ. փետրվարի 26-ին ձերբակալվել են՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728