Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նախկին կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին եւ զոքանչին՝ Կարինե Մանսուրյանին կացնահարած Վլադիկ Մարտիրոսյանի դեմ հայցով դատական նիստն էր: Նախկինում, ինչպես հայցվոր կողմն է պնդում, ամիսներ շարունակ դատական նիստերը հետաձգվում էին: Այս նիստն էլ հետաձգվեց:
2016-ի հուլիսի 8-ին, Շենգավիթ համայնքի շենքերից մեկում Վլադիկ Մարտիրոսյանը կացնով հարվածներ է հասցրել նախկին կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին, նրա հորը՝ Վաչագան Մանսուրյանին, իսկ Թագուհու մորը՝ Կարինե Մանսուրյանը Վլադիկ Մարտիրոսյանի հարվածներից մահացել է: Մարտիրոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել սպանության եւ սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Մանսուրյանի՝ դատարանում ներկայացուցիչ Ինեսա Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրուցում անդրադառնալով նիստի հետաձգմանն, ասաց, որ մոտենում են գործի վերջնական փուլին՝ հետազոտվում էին փաստաթղթերը, հայցադիմումն է հետազոտվել, ներկայացվել է Մանսուրյանների պահանջն ընդդեմ ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանի. «Նկատի ունենալով, որ Թագուհի Մանսուրյանը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին էլ է ենթարկվել վիրահատության, դրա հետ կապված փաստաթուղթ կար, որ պետք է ներկայացնեինք դատարան, ինչպես նաեւ Վլադիկ Մարտիրոսյանի պաշտպանը ժամանակ խնդրեց ծանոթանալու նախկինում ներկայացված փաստաթղթերին, որպեսզի կարողանա դիրքորոշում հայտնի քաղաքացիական հայցի մասով: Այդ կապակցությամբ դատական նիստը հետաձգվեց: Մենք արդեն մտնում ենք դատական վիճաբանությունների փուլ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ