Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի այսօրվա որոշմամբ՝ Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում՝ մարտի 12-ին, ժամը 12:00-ին, որպես վկա պետք է հարցաքննվեն Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Անդրիաս Ղուկասյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու, նրանց միանալու փորձի համար: Այս նույն մեղադրանքը ժամանակին առաջադրվել էր նաեւ Սանասարյանին եւ Մարտիրոսյանին եւ էլի մի շարք անձանց, սակայն նրանց բոլորի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել էր, բացի Անդրիաս Ղուկասյանից:
Դատավորին տեղեկություններ էին հասել այն մասին, որ Արմեն Մարտիրոսյանը երկրում չէ, ուստի հաջորդ նիստի նշանակման համար երկու շաբաթ ժամկետ որոշվեց՝ պարզելու համար, թե արդյոք Արմեն Մարտիրոսյանը հատե՞լ է ՀՀ սահմանը:
Ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանին, ապա նա կծանուցվի դատական նիստի օրվա եւ ժամի մասին:
Հաշվի առնելով այն փաստը, որ 2018թ.-ին Սանասարյանն ու Մարտիրոսյանը մեղադրյալի կարգավիճակում էին, իսկ հիմա՝ վկայի, մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց, որպեսզի դատարանը հարցաքննի նրանց՝ գտնելով, որ կողմնակալ վերաբերմունք կա: «Նրանք հիմա մեղադրյալ չեն, բա էլ ի՞նչ կարգավիճակով հրավիրվեին դատարան, եթե ոչ վկայի: Որտե՞ղ կողմնակալություն տեսաք»,-չհամաձայնեց դատավոր Վարդան Գրիգորյանը:
«Նրանք եղել են ինձ հետ, նրանց ցուցմունքները կարեւոր կլինեն ճշմարտության բացահայտման համար»,-իր հերթին կարծիք հայտնեց մեղադրյալ Անդրիաս Ղուկասյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/310790599796304/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ