Լևոն Հարությունյան
Ժողովրդավարության IX դպրոցի շրջանավարտ
Երևանի պետական համալսարան, Պատմության ֆակուլտետ
Կովկասագիտություն բաժին
Առանց կրթական հեղափոխության ու սոցիալական զարգացման տնտեսական հեղափոխություն իրականացնել հնարավոր չէ։
9 ամիս է, ինչ Հայաստանը գտնվում է հետհեղափոխական ռեժիմում, իսկ կրթական և գիտական ողջ համակարգը՝ նոր իշխանությունների կառավարման ներքո, սակայն առաջընթաց ռազմավարական քայլերի մասին խոսելը դեռևս անհնար է:
Անցած ինն ամիսների քայլերի մասին խոսելիս ու դրանք վերլուծելիս, թերևս, հիշում ենք ուսուցիչների կամ տնօրենների կարողությունների հանրային ստուգման անընդունելի ու բուռն քննարկման առարկա դարձած փորձը ՀՀ Կրթության և գիտության նախարարի ու հանրակրթական դպրոցների տնօրենների հանդիպման ժամանակ: Դրանից հետո հանրային դիսկուրսում բավական տարածված ու հայտնի դարձավ «հիմա նույնն անգլերեն» արտահայտությունը, որը, կարծում եմ, երկու հնարավոր պատասխանի դեպքում էլ անտեղի էր և ոչ պրոֆեսիոնալ, ու տակավին պարզ չէ, թե ինչ էինք ցանկանում ստանալ, ապացուցել կամ ցույց տալ: Տրված հարցն ուներ երկու տեսանկյուն. չիմացության դեպքում կա՛մ տնօրենն էր հանրայնորեն վարկաբեկվում, կա՛մ նախարարը՝ հարցին պատասխանելու դեպքում: Մինչդեռ տնօրենի վարկաբեկումն ուղիղ ազդելու էր նաև նախարարի վրա: Այդ իսկ պատճառով ցանկալի է, որպեսզի կրթության և գիտության բնագավառի նորանշանակ ներկայացուցիչները գոնե հանրայնորեն կարողանան զսպել իրենց անհանդուրժողականությունը նախկին ռեժիմից մնացած տնօրենների և կրթական հաստատությունների ներկայացուցիչների հանդեպ:
Կրթական համակարգում բարեփոխումների՝ հանրությանը հասկանալի ու համոզիչ հայեցակարգի բացակայության մասին են փաստում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միացումը հիմնավորող ելույթի մի քանի շեշտադրումներ, որոնք նա ներկայացրեց ֆեյսբուքյան լայվի միջոցով: Իհարկե, գովելի է, որ ՀՀ վարչապետի մակարդակով նման առանցքային հարցերի վերաբերյալ դիրքորոշում արտահայտող հայտարարություններ են հնչում, և սա կարելի է գնահատել որպես հասարակության հետ բաց աշխատանքի դրսևորում:
Սակայն, ակնհայտորեն, ՀՀ վարչապետին ճիշտ չեն զեկուցում, քանի որ այն պետությունները, որոնց հետ նա համեմատություն անցկացրեց, ամենևին հաջող օրինակներ չէին: Մասնավորապես, հիշյալ նախարարությունների միավորումը հիմնավորելիս նա փորձեց ցույց տալ, թե աշխարհի մի շարք երկրներում նույնպես կրթության, գիտության և մշակույթի նախարարությունները միասին են՝ օրինակ բերելով Ավստրիային, Գերմանիային, Ֆինլանդիային, Կիպրոսին և Իսլանդիային:
Եթե վկայակոչված երկրներին ամենաթռուցիկ անդրադարձը կատարենք, ապա այսպիսի հակիրճ վերլուծություն կունենանք. Ավստրիայում ոլորտի լիազոր մարմինը կոչվում է Կրթության, գիտության և հետազոտությունների նախարարություն: Գերմանիայում կրթության նախարարություն չկա. նախարարություններ կան երկրամասերում, քանի որ Գերմանիան, լինելով ֆեդերալ երկիր, շարժվում է այլ տրամաբանությամբ: Ֆինլանդիայում և Նիդերլանդներում կան միասնական նախարարություններ, սակայն այստեղ էլ կա երկու նախարար: Կիպրոսինը կոչվում է Կրթության և մշակույթի նախարարություն, որի մեջ գիտությունը չկա: ՀՀ վարչապետի կողմից վկայակոչված միակ ճիշտ օրինակն Իսլանդիան էր: Սակայն այստեղ էլ հարց է ծագում. որքանո՞վ կարող ենք Հայաստանը համեմատել զարգացած երկրների հետ, քանի որ ոլորտում առկա խնդիրները միանգամայն տարբեր են, իսկ պետական ինստիտուտների կայացվածության ու կարողությունների մակարդակը՝ անհամեմատելի:
Վերադառնալով նախարարությունների միավորման հարցին, կարևոր է շեշտել, որ դրանք, ըստ իս, միավորվում են ոչ թե որովհետև Կրթության և գիտության նախարարությանը պետք է այդ միավորումը, այլ որոշվել է մյուս նախարարությունների աշխատանքն ինչ-որ առումով դադարեցնել: Այսինքն` ստանում ենք մի պատկեր, որը կարելի է բացատրել հետևյալ կերպ: Քանի որ նախարարությունների աշխատանքը ՀՀ կառավարությունը համարում է անարդյունավետ, ուղղակի միավորում ենք Կրթության և գիտության նախարարությանը: Սակայն հարցին նման մոտեցման դեպքում արդյո՞ք չենք վնասի ոչ միայն մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությանը, այլ նաև Կրթության և գիտության նախարարությանը: Տնտեսագիտության մեջ գոյություն ունի «արտադրողականության կոր» ասվածը, որը ենթադրում է հետևյալը՝ ժամանակ տրամադրելով մի բանին, վնասում ենք մյուսը:
Քանի որ, ինչպես նշվեց ամենասկզբում, առանց կրթական հեղափոխության չի կարող լինել տնտեսական հեղափոխություն, ապա կարևորում եմ, որպեսզի Կրթության և գիտության նախարարությունը կատարի հենց այդ առաքելությունը, մեծ եղբոր պարտականությունը՝ իր թևի տակ առնելով «անտեր» մնացած նախարարություններին:
Կրթություն, գիտություն և սոցիալական զարգացում. անելիքներ և առաջնահերթություններ
Խոսելով առկա խնդիրների մասին՝ չի կարելի շրջանցել նաև ոլորտի առաջնահերթությունները։ Վերջին տարիներին Հայաստանի կրթական օրակարգից անհետացել է դասավանդման ձևերի, մեթոդների, մանկավարժական նորարարությունների հարցը։ Հայաստանում ընդունում են, որ ուսուցման լավագույն ձևն ինտերակտիվ ուսուցումն ու տեխնոլոգիաների օգտագործումն է։ Հետևաբար` նոր ասելիք չկա։ Կառավարության՝ վերջերս հաստատված ծրագրի կրթության հատվածում այս թեմայի մասին ասվում է հետևյալը. «Առանցքային են կրթության բովանդակության արդիականացումը՝ ուղղված սովորողների ճանաչողական, անձնային և միջանձնային հմտությունների զարգացմանը, դասավանդողների կարողությունների զարգացումը, մասնագիտության հեղինակության և սոցիալական ապահովության մակարդակի բարձրացումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը»։ Ընդ որում, այս խնդիրը նշվում է ներածականի, և որևէ ձևով չի մանրամասնվում հանրակրթության ծրագրային նպատակների հատվածում։
Դասավանդման մոտեցումների հարցը միջազգային օրակարգում դեռևս զարգացող թեմա է։ Բազմաթիվ հետազոտություններ ու ուսումնասիրություններ փաստել են, որ միանշանակ բոլորի համար չեն կարող լինել դասավանդման նույն մոտեցումները։ Անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ տարբեր մոտեցումներ տարբեր խմբերում տարբեր արդյունքներ են տալիս։
Օրինակ պարզվել է, որ աշակերտական ուժեղ խմբերում ավանդական մեթոդները շատ ավելի լավ արդյունք են տալիս։ Ուսուցման ինտերակտիվ ձևերն ունեն բազմաթիվ խնդիրներ։ Մասնավորապես, որոշ աշակերտներ խմբերով աշխատելիս «թաքնվում են» լավ սովորողների թիկունքում և ոչինչ չեն անում։ Բացի այդ ինտերակտիվ ուսուցման դեպքում խնդիրները հաճախ ներկայացվում են մակերեսային ձևով, ավելի մեծ ուշադրություն է դարձվում ձևին, քան բովանդակությանը։
Այս ամենը չի նշանակում, որ պետք է հրաժարվել ինտերակտիվ ուսուցումից։ Պարզապես պետք է ինտերակտիվ ուսուցումը դիտարկել որպես մանկավարժական գործիքակազմի մաս։
Նույն խնդիրն առկա է տեղեկատվական տեխնոլոգիաների պարագայում։ Տարիներ առաջ թվում էր, որ եթե ուսումնական հաստատությունները հագեցվեն համակարգիչներով, պրոյեկտորներով, սմարթ գրատախտակներով, ապա ուսուցման որակը շեշտակի կաճի, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ դա միանշանակ չէ։ Բանաձևային է մնում այն տեսակետը, որ գլխավորը մանկավարժության որակն է։ Եթե կա բարձր որակի մանկավարժություն, ապա տեխնոլոգիաները բազմապատկում են ուսուցչի աշխատանքը։ Բայց եթե մանկավարժության որակը թույլ է, ապա տեխնոլոգիաները ոչնչով չեն օգնում։
Այսպիսով, կարծում եմ՝ պետք է փոխվեն դասավանդման դոգմատիկ մոտեցումները և շեշտը դրվի դասավանդողի հմտությունների ու ճկունության վրա՝ թույլ տալով իրեն օգտագործելով սեփական հմտությունները՝ որոշում կայացնել և ընտրել տվյալ պահին ավելի անհրաժեշտ մոտեցումը։
Առանց բարձրակարգ դասավանդման ոչ մի բարեփոխում չի կարող հաջողության հասնել։ Բարեփոխումներն արդյունավետ են, եթե հասնում են դասարաններ ու լսարաններ։
Հաջորդ խնդիրը, որը պետք է հրատապ լուծում ստանա, մասնագիտական և ակադեմիական կրթությունների տարանջատումն է։ Այսօր մասնագիտական կրթություն ապահովող կառույցները ստանձնել են անհեռանկարային և ծույլ աշակերտներին դիպլոմ հանձնող կազմակերպությունների դերը։ Ի՞նչ իմաստ ունի 4 տարի համալսարաններում հաշվապահություն, տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի մասնագիտություններով սովորել ու մասնագետներ չդառնալ, երբ ոչ մասնագետները կարող են վերապատրաստվել 3 ամիս և տիրապետել այդ մասնագիտություններին։
Կարծում եմ՝ քոլեջների դերը պետք է բարձրացվի մեր երկրում, և նրանք պետք է հիմնական պատասխանատուն լինեն այդօրինակ մասնագետների պատրաստման համար։ Համալսարանական կրթությունն ինքնին պետք է լինի դեպի գիտություն տանող ճանապարհի սկիզբը և ոչ թե 4 տարիների կորուստ, որոնք ինչպես վատ են անդրադառնում անհատի վրա, կրկնակի և եռակի ազդում են պետության զարգացման ու հեռանկարների վրա, քանի որ այդ ընթացքում տուժում են նրանք, ովքեր ակադեմիական կրթություն ստանալու և պահանջելու փոխարեն ստանում են մասնագիտական և ոչ բավարար կրթություն։
Համալսարանները պետք է դառնան արտադրանք տվող կառույցներ։ Ուսանողները պետք է պրակտիկաներ անցնեն ոչ միայն հաշվապահական գրասենյակներում, բանկերում, տուրիստական ընկերություններում կամ ծրագրավորմամբ զբաղվող կազմակերպություններում, այլ իրենց ուսումնառության տարիներին պետք է մասնակցեն գիտական հետազոտությունների՝ ասպիրանտների և գիտնականների կողքին լինելով։ Սա է այն ճանապարհը, որը թույլ կտա զարգացնել գիտությունը և աշխատաշուկային համապատասխան կրթություն տալ ուսանողներին, ունենալ սոցիալական զարգացում։
Հայաստանում, ըստ իս, գոյություն ունի երկու սուրբ մասնագիտություն՝ ուսուցչի և սպայի աշխատանքը։ Երկուսն էլ պետք է կարողանան ստեղծել վստահության այն մթնոլորտը, որը կստիպի շահառուներին անվերապահորեն կատարել իրենց հրամաններն ու հանձնարարությունները։ Եթե սպայի որոշումներից է կախված մարտի դաշտում տեղի ունեցող իրադարձությունների ելքը, ապա խաղաղ պայմաններում մեր ուժը, կամքն ու ապագա սպային կերտում է դպրոցի մանկավարժը։
Խնդիրները շատ են, տարբեր ու երբեմն՝ սարսափելի, բայց լուծումը տեսնում եմ միայն մեկ պարագայում։ Կարծում եմ՝ բոլորս ենք հիշում, թե ինչպես Ապրիլյան պատերազմի ժամանակ միավորվեց ամբողջ ազգը։ Մի մասը մեկնեց ռազմադաշտ, մյուս մասը սնունդ էր հավաքում, մյուսները՝ նամակներ ուղարկում իրենց հերոսներին, մի մասն աղոթում էր։
Խորհուրդս հետևյալն է՝ եկե՛ք միավորենք մեր ուժերը, որպեսզի հասնենք կրթական հեղափոխության։ Նախարարությունը պետք է ստանձնի կրթության ոլորտի ներկայացուցիչների միավորման պատասխանատվությունը, նրանց համար ապահովի փոխվստահության մթնոլորտ, պայմաններ ստեղծի միասնական քննարկումների և լուծումներ գտնելու համար՝ անկախ իրենց սեռից, տարիքից, կուսակցական պատկանելությունից, կարգավիճակից և զբաղեցրած դիրքից։
Մեր սոցիալական զարգացվածության հիմքը պատրաստված ուսուցիչն ու մեր միասնականությունն են։
Սույն հոդվածի թեզերը զեկուցվել են փետրվարի 23-ին տեղի ունեցած ՄԱՀՀԻ IV երիտասարդական ֆորումում:
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)