Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա ծանր տարավ դա». Սեյրան Օհանյանին թույլ չեն տվել սահմանը հատել, բայց նա մեղադրյալի կարգավիճակում չի եղել

Փետրվար 26,2019 17:44

Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար, մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանն ահազանգում է, որ իր պաշտպանյալի մասով նախաքննությունը տեղի է ունեցել խախտումներով:

Հիշեցնենք, որ նախաքննությունն ավարտվել է:

Կարեն Մեժլումյան

«Այն իրականացվել է թերի եւ միակողմանի, մեր իրավունքները խախտվել են: 76 հատոր գործի նյութերը պահանջել ենք մեզ տրամադրել տպագիր տարբերակով, ինչը նախաքննության մարմինը մերժել է: Սեյրան Օհանյանին եւ պաշտպանական կողմին հարմար էր գործի նյութերին ծանոթանալ հենց այդ կերպ: Բացի այդ, մենք միջնորդել էինք գործի նյութերին ծանոթանալու համար տրամադրել 76 օր, սակայն նախաքննական մարմինը տրամադրել է 50 աշխատանքային օր»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Կարեն Մեժլումյանը:

Նա տեղեկացրեց. «Երբ մեզ էլեկտրոնային տարբերակով տրվեցին գործի նյութերը, արձանագրեցինք, որ կա եւս 71 հատոր առանձին նյութ՝ շատ տեսանյութեր, ձայնագրություններ, ուստի կրկին միջնորդել ենք, որպեսզի հավելյալ 71 աշխատանքային օր տրամադրվի՝ ծանոթանալու այդ նյութերին, որոնց մասին մենք, ի դեպ, չգիտեինք: Պահանջել ենք մեզ տրամադրել նաեւ մայր գործի նյութերը՝ 500 հատոր, որովհետեւ մեր տեղեկություններով՝ դրանց էլեկտրոնային տարբերակը կա: Ինչո՞ւ ենք պահանջել, որովհետեւ մեղադրանքի էությունն այն է, որ խաղաղ ցույցերի պարագայում բռնի ուժ է կիրառվել, սակայն գործի նյութերում շատ ապացույցներ կան այն մասին, որ ինչ-որ ժամանակ հավաքները խաղաղ չեն եղել, անգամ՝ զանգվածային անկարգությունների հետ կապված մեղադրանքներ կան: Մեր այդ միջնորդությունն էլ մերժվեց, մինչդեռ արդարացնող ապացույցներ կային: Մենք պահանջել էինք ստանալ նաեւ 0038 հրամանը, ինչը եւս մերժել են՝ պատճառաբանելով, թե դա նախաքննական գաղտնիք է»:

Կարեն Մեժլումյանը նաեւ նշեց, որ ըստ իրենց՝ Սեյրան Օհանյանին անհիմն մեղադրանք են առաջադրել, եւ գործի այն նյութերը, որոնք տրամադրվել են իրենց, չեն առնչվում Օհանյանին առաջադրված՝ ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքին: «Սեյրան Օհանյանի դեմ ցուցմունք, կարելի է ասել, չկա: Նա էլ հրաժարվել է ցուցմունքներ տալ, քանի որ իր հանդեպ իրավունքների խախտման գործողություններ են իրականացվել: Նա կարծում է, որ իր հանդեպ խտրական վերաբերմունք կա»,-համոզմունք հայտնեց Կարեն Մեժլումյանը:

Նա նաեւ ասաց, որ Սեյրան Օհանյանն այժմ ՀՀ սահմանը հատել չի կարող, ընդ որում՝ արգելքը դրված է եղել նաեւ մինչեւ դեկտեմբերը՝ այսինքն այն ժամանակ, երբ Սեյրան Օհանյանը «Մարտի 1-ի» գործով մեղադրյալի-կասկածյալի կարգավիճակ դեռ չուներ. «Դեկտեմբերի 21-ին Սեյրան Օհանյանը պետք է մեկներ Վրաստան՝ այդ երկրի Պաշտպանության նախկին նախարարի ծննդյան օրվա հրավերով: Կար նվեր, պայմանավորվածություն, բայց նա չի կարողացել սահմանը հատել: Իրականում նա շատ ծանր տարավ դա, ինչպե՞ս կարելի էր… Արցախի հերոս, Պաշտպանության նախկին նախարար, հրամանատար…այդ օրվա դրությամբ նա չուներ մեղադրյալի կարգավիճակ: Դեկտեմբերի 26-ին է նրան տրվել այդ կարգավիճակը: Կարծում ենք՝ այստեղ հանցագործության տարրեր կան»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ նշյալ փաստի առնչությամբ ՄԻԵԴ դիմելո՞ւ եք: «Որոշակի գործընթաց արդեն սկսել ենք»,-պատասխանեց Կարեն Մեժլումյանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/288527885177190/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728