Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Օհանյան. «Հրապարակի» հանդեպ հատուկ մոտեցում է, որը սկսվել է Փաշինյանի «ստատուսներից», եւ այդ գործընթացը շարունակվում է

Փետրվար 26,2019 17:23

Երեւանի քաղաքապետարանը հորդորում է մի շարք լրատվամիջոցների՝ ազատել զբաղեցրած տարածքը: Խոսքը Բյուզանդի 1/3 հասցեում, ավելի շատ հայտնի, որպես «Երեւաննախագիծ» պետական շենքում տեղակայված խմբագրությունների մասին է:

«Հրապարակ» օրաթերթի խմբագրությանը քաղաքապետարանից ծանուցել են՝ 5-օրյա ժամկետում ազատել զբաղեցրած տարածքը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը: Նա նաեւ ասաց, որ իրենց պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերի 31-ին, 2009 թվականից խմբագրությունն այդ շենքում է, մի քանի տարի վարձակալության փոքր գումար է վճարել: Տարիներ առաջ Երեւանի քաղաքապետարանը, ինչպես Օհանյանն ասաց, որոշ լրատվամիջոցներին անհատույց օգտագործման է տրամադրել իրենց այդ տարածքները. «Այստեղ են «Առկա» գործակալությունը, Nyut.am-ը, «Հայելին» «Հրապարակը», «Հետքը», «Ա1+»-ը եւ «Անդին» ամսագիրը: Այս բոլորին անհատույց են տվել, որպես իրենց «ժեստ», որպես՝ իրենց փոքրիկ նպաստը բերելու: Հիմա այս երիտասարդ իշխանությունը որոշել է՝ սա շատ է մեզ համար եւ ոչ միայն չեն առաջարկել գումարով վարձակալությամբ տրամադրեն տարածքները, պայմանագրեր կնքեն, այլ՝ վտարեն տարածքներից: Այստեղ հսկայական ծախսեր ենք արել, վերանորոգում, կահավորում եւ այլն: Մեր ընթերցողները մեզ ճանաչում են այս հասցեով, երկար տարիներ գրանցված ենք Բյուզանդի 1/3-ում»:

Խմբագրի խոսքերով՝ Երեւանի նախկին ավագանին երկու անգամ որոշում է կայացրել տարածքներն անհատույց տրամադրելու մասին, ընդ որում, վերջին անգամ «Ելք» խմբակցության առաջարկով:

«Վարձակալության համար ընդամենը 150 հազար դրամ էր կազմելու, մեծ բան չէ, ընդամենը 100 մետր տարածք ենք զբաղեցնում: Այլ երկրներում լրատվամիջոցներին դոտացիաներ են տալիս»,-ասաց Օհանյանը:

Նրա կարծիքով՝ այս գործընթացը սկսվել է որպես հատուկ մոտեցում «Հրապարակի» հանդեպ. «Այլ դիտանկյունից պետք է նայել խնդրին՝ եթե «Հայկական ժամանակ» օրաթերթը 200 մետր օգտագործում է եւ ոչ մեկը չի պատրաստվում իրեն այնտեղից հանել, ինչո՞ւ են ուզում «Հրապարակին» հանել: Այս երկակի մոտեցումն ինչո՞վ է պայմանավորված: Ես կարծում եմ, «Հրապարակի» հանդեպ հատուկ մոտեցում է, որը սկսվել է Նիկոլ Փաշինյանի «ստատուսներից» եւ այդ գործընթացը շարունակվում է»:

Էդիկ Բաղդասարյան

«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն Aravot.am-ին ասաց, որ խմբագրությունն այդ նույն շենքում տարածքն անհատույց չի տնօրինում, պայմանագիր ունեն կնքած, այն մեկ տարի հետո է լրանալու եւ «Հետքը» տարածքի վարձակալության համար վճարում է:

Մեսրոպ Մովսեսյան

A1+- ի գլխավոր խմբագիր Մեսրոպ Մովսիսյանն էլ մեզ հետ զրույցում հաստատեց՝ Երեւանի քաղաքապետարանից ծանուցում ստացել են, բայց 5-օրյա ժամկետ չեն նշել, պարզապես նամակով տեղեկացրել են՝ շուտափույթ ազատել տարածքը:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է պայմանագիրը վերակնքեն եւ տարածքը վարձակալությամբ ստանան, Մովսիսյանը պատասխանեց՝ «Մեզ համար վճարովին նույնն է, ինչ ազատենք տարածքը, դա մեզ համար ծանր կլինի: Երեւի բանակցելու խնդիր է: Ես նամակով դիմել եմ, տեսնենք՝ ինչ կպատասխանեն»:

Aravot.am-ը փորձեց նաեւ «Հայկական ժամանակից» պարզել՝ արդյոք խմբագրության տարածքը պետական գույք է, թե՞ մասնավոր տարածքում են, ինչ պայմաններով է խմբագրության տարածքը զբաղեցրած եւ այլն: Խմբագրությունից մեզ պատասխանեցին՝ «Փաստաթղթային մասի ուսումնասիրություն կանենք, ձեզ գրավոր կպատասխանենք»:

Մենք դիմեցինք նաեւ «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի մամուլի քարտուղարին, որպեսզի վերը նշված հարցերը հստակեցնենք: Խոստացան առաջիկայում պատասխանել:

Երեւանի քաղաքապետարանից վստահեցրեցին, որ շուտով հանդես կգան հայտարարությամբ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728