Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մարդ բերելու խնդիր չունենք». Հակոբ Սիմիդյանը՝ Մարտի 1-ի երթի մասին

Փետրվար 26,2019 16:49

Այսօր «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում փակ նիստ էր անցկացնում քննարկելու մարտի 1-ի երթի հետ կապված տեխնիկական հարցեր: Քիչ առաջ նիստի ավարտից հետո խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Քանի որ ֆրակցիան մեծ է, աշխատանքային խումբ ստեղծեցինք: Տարբեր առաջարկներ եղան մեր մասնակցության վերաբերյալ, աշխատանքային խումբը կհավաքի առաջարկները: Մասնակցության հետ կապված միգուցե հայտարարության տեքստ լինի»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք քննարկվե՞լ է երթին այսպես ասած «մարդ բերելու» հարցը, որպեսզի երթը մարդաշատ լինի՝ Հակոբ Սիմիդյանն արձագանքեց. «Ձեր կարծիքով, մարդ բերելու հա՞րց ենք հիմա այստեղ քննարկել: Բնականաբար, պետք է իրազեկենք, բայց ոչ մարդ բերենք, մենք մարդ բերելու խնդիր չունենք»: Դիտարկմանը, որ ձեր նախորդ երթին փոքրաթիվ մարդիկ էին մասնակցում՝ Սիմիդյանը պատասխանեց. «Մենք մտավախություն չունենք, որից ենթադրելով՝ ձեր ասած մարդ բերելու խնդիր պետք է դնենք մեր առաջ»:

Հարցին՝ Մարտի 1-ի երթին ձեր խմբակցության բոլոր պատգամավորները մասնակցելո՞ւ են՝ Հակոբ Սիմիդյանը պատասխանեց, որ հարցն էլ հենց դա է, որ պատգամավորները տարբեր առաջարկներ են արել, բայց թե «բոլորով մասնակցո՞ւմ ենք, թե՞ ոչ, ի մի կբերվեն առաջարկները: Մարդիկ կային, որ ասում էին՝ բոլորով մասնակցենք, կարծիքներ էլ կային, որ պետք է ազատ թողնել»:

Լրագրողները հիշեցրին, որ անցյալ տարի Մարտի 1-ի երթը կազմակերպել է ՀԱԿ-ը, ՔՊ-ն մասնակցեց, բայց հարթակ չբարձրացավ, այս տարի այլ քաղաքական ուժերից միասնաբար մասնակցության առաջարկ եղե՞լ է՝ Հակոբ Սիմիդյանը պատասխանեց, որ խմբակցությունը նման առաջարկ չի ստացել. «Ես տեղեկություններ չունեմ, մյուս ուժերը միանալո՞ւ են, թե՞ ոչ: Սա մեկ քաղաքական ուժի երթ չէ, բոլորը կարող են մասնակցել»:

Հակոբ Սիմիդյանը նաեւ տեղեկացրեց, որ Մարտի 1-ին Ազատության հրապարակում, Մյասնիկյանի արձանի մոտ ելույթներ չեն լինելու, միայն երթ է նախատեսված:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Հակոբ Սիմիդյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728