Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանն Aravot.am-ին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ արդեն հանդիպել է գործարարների հետ, քննարկել Շիրակի մարզում հնարավոր ներդրումների հարցը։ Առաջին հանդիպումը եղել է չինական պատվիրակության հետ, որոնց իր մոտ է ուղեկցել ամերիկաբնակ գյումրեցի գործարար Ազատ Հովհաննիսյանը։ Նրանք մտադրված են պլաստմասե տարաների արտադրություն բացել, թեև հայտարարել են, որ իրենց թիմը արտադրության տարբեր ուղղությունների նկատմամբ առնվազն մի քանի հետաքրքրություններ ունի։ Մարզպետի փոխանցմամբ, առայժմ կսկսեն պլաստիկ տարաների արտադրությունից, որը հնարավորություն կտա ընկալել ներդրումային նոր մթնոլորտը Հայաստանում, մասնավորապես Շիրակի մարզում ու հետազոտել տեղի և մերձակա շուկաները, այդ թվում նաև ԵՏՄ շուկան։ Ըստ մարզպետի, ԵՏՄ շուկան բավական հետաքրքրող գործ է միջազգային ներդրողների համար։
«Մենք հիմա աշխատում ենք իրենց հետ և հույս ունենք, որ օր շուտ մեր քաղաքացիներն ու ազգաբնակչությունը կվայելեն այդ աշխատանքի արդյունքները։ Այլ բիզնես ծրագրերի հետ կապված քննարկում ևս ունեցել ենք։ Չեմ ուզի շտապել ու այս մասին խոսել․ ներդրումային մթնոլորտը սիրում է, երբ ամեն ինչ հաստատվում է, նոր են խոսում, թվեր հրապարակում, բայց կասեմ, որ մենք շատ սերտ կապի մեջ ենք Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ՝ կապված նաև ներդրումային այն ծրագրերի հետ, որոնք իրականացվում են կամ որոնք հետաքրքրություն ունեն Գյումրու հանդեպ։ Աշխատում ենք և՛ տեղեկատվության արագ փոխանցման, և՛ հարցերի լուծման ռեժիմում․ մարդկանց ընդունելու, մարդկանց միմյանց ուղղորդելու հարցերով ենք զբաղվում, հատկապես այն մարդկանց, որոնք ունեն կոնկրետ գաղափարներ․ հետազոտում են դաշտը։
Սա մեր աշխատանքային ուղղություններից մեկն է, պետությունը ևս որոշակի տեսլականներ ունի, մենք փորձում ենք ֆիքսել, ներդրումային խողովակներ են կոչվում, երբ որ մարդը գալիս է տարածք, ինքը ունի գաղափար, կոնկրետ գաղափարն ու հնարավորությունները, պետական ու նաև մասնավոր տարբեր հստակ մեխանիզմները ֆիքսելուց հետո բերել, կյանքի կոչել։
Մենք այսօր ուզում ենք ներդրումային խողովակաշարը սարքել և գաղափարից մինչև շուկա, մինչև ռեալիզացում հասկանանք, թե պետությունը, Շիրակի մարզպետարանը ինչ գործառույթներով, մեխանիզմներով է աջակցում, ընդունում մարդկանց, ինչ է առաջարկում, ուր է ուղղորդում և վերջիվերջո ոնց է հետևում, որ գործընթացը ընթանա և վերջնարդյունքում այդ մարդու իրականացրած ծառայությունը, այդ մարդու ստեղծած աշխատատեղերը ծառայեն իրենց նպատակներին։ Փորձում ենք ստեղծել այդ մեխանիզմները»,-ասաց մարզպետը։
Մեր դիտարկմանը, թե գործարարներից շատերը բախվել են 50/50 տոկոս փայ մտնելուն, հիմա ինչպե՞ս եք համոզում, որ հին սովորույթները չեն գործում, Շիրակի մարզպետը ծիծաղելով ասաց․ «Մենք ներկայացնում ենք մեր նոր մոտեցումները, մեր պետության, մեր կառավարության և մեր երկրի վարչապետի մոտեցումները՝ Հայաստանում ընդհանրապես բարիք ստեղծելու և այդ բարիքից օգտվելու հետ կապված։ Իհարկե, այս փիլիսոփայության մեջ առավելագույնս իրենց ներկայացվում է, որ այս դեպքում՝ ի դեմս մեզ, իրենք կտեսնեն աջակիցների, որոնք մնում են օրենքի տիրույթում, սա շատ կարևոր է։ Մենք ֆիքսում ենք, որ մեր հարաբերությունները պիտի սկզբունքորեն մնան հենց բուն օրենքի տիրույթում․ բիզնեսը շատ հաճախ կարող է գայթակղություն ունենա։ Բիզնեսի համար իմ կարծիքով միշտ կարևոր են խաղի կանոնները, երբ որ ֆիքսվում են խաղի կանոնները, ինքն աշխատում է այդ կանոններով։ Լավն են խաղի կանոնները, ինքն աշխատում է լավ կանոններով, վատն են կանոնները, ինքը կաշխատի վատ կանոններով, բայց պիտի հստակ լինեն կանոնները, բիզնեսն այս տեսանկյունից սիրում է հստակեցում։ Երբ որ կա հստակություն, ինքն արդեն իր հաշվարկները, մոտեցումները, իր ընկալումները ֆիքսում է և անցնում է գործունեություն։
Հիմա այն մարդկանց, որոնք այստեղ են գալիս, ներկայացնում ենք մեր երկրում՝ Նոր Հայաստանում ֆիքսված խաղի կանոնները, որոնք են՝ մնալ օրենքի տիրույթում, պետությանն աջակցել հարկեր մուծելով, աշխատատեղեր ստեղծելով, որտեղ աշխատող մարդիկ պիտի ստանան արժանավայել աշխատավարձեր։ Սա շատ կարևոր գործոն է, որովհետև մենք պիտի փոխենք այն մտածելակերպը, որ օրինակ Շիրակի մարզը, Գյումրին՝ անկախ իր անօթևանության և գործազրկության խնդիրներից, էժան աշխատատեղերի վայր է։ Սա պետք է փոխել, մարդկանց պետք է աշխատանք և աշխատանքի դիմաց արժանավայել վարձատրություն, գոնե տարրական նորմերը բավարարելով աշխատավարձեր։
Այսօր մենք փորձում ենք շատ ուշադրություն դարձնել այս կետերին․ այն գործարարները, որոնք հետաքրքրված են մեր շուկայով, մենք փորձում ենք իրենց այս փուլից նախապատրաստել, որ ձեր ներդրումային ծրագրերում աշխատատեղերի քանակն ու աշխատավարձերի մակարդակը պետք է լինեն այն հիմնական գործոնները, որոնք վերջիվերջո նաև պետությանը ու մեզ հնարավորություն է տալիս հասկանալ՝ որ պարագայում, որին պետք է տալ որոշակի արտոնություն, մաքսային արտոնություններ։ Այսինքն՝ մենք փորձում ենք իրենց ուղղորդել ավելի շատ տիրություն անել, ուշադրության կենտրոնում պահել նաև այդ գործոնները»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ