Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ողբալի վիճակ է մարզային հեռուստաընկերություններում». Տիգրան Հակոբյան

Փետրվար 26,2019 15:10

«Ողբալի վիճակ է մարզային հեռուստաընկերություններում»,-«Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նա այս առիթով մանրամասնեց՝ ըստ հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի՝ եթերում պետք է պահպանվի 55 տոկոս հայրենական արտադրանքը ու պարզաբանեց. «Մեզ մոտ, ցավոք, այդ 55 տոկոսը չի պահպանվում: Եթե խոշոր հեռարձակողները պահպանում են այդ տոկոսը, ապա հեռուստաընկերությունների մի մասը չի պահպանում: Ողբալի վիճակ է մարզային հեռուստաընկերություններում, որոնք 15-16 տոկոս հայերեն լեզվով արտադրանք են տալիս: Այնտեղի բնակչությունը ստիպված է առավոտից երեկո նայել ռուսերեն ֆիլմեր: Մարդիկ զրկված են մայրենի լեզվով բովանդակություն նայելուց»:

Ըստ Տիգրան Հակոբյանի՝ անալոգային տիրույթում վիճակը շատ ավելի ողբալի է. «Դեկտեմբերի՝ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կան հեռուստաընկերություններ, որոնց հայերեն լեզվով բովանդակությունը կազմել է ընդամենը 1.1 տոկոս: Եթե խստորեն հետևենք օրենքին, մարզային հեռուստաընկերությունների մի մասը կփակվի: Երկու լուծում ենք ուզում առաջարկել կառավարությանը՝ ստեղծել ընդհանուր հարթակ, որտեղ հայերեն լեզվով բովանդակությունը կհատկացվի, մարզային հեռուստաընկերությունները պայմանագրի շնորհիվ կկարողանան օգտվել այդ բովանդակությունից: Մյուս գաղափարն է մի բազայի վրա ստեղծել կրկնօրինակման ստուդիա, որտեղ ֆիլմերը, որոնք գնվում են, հատկապես մուլտֆիլմերը, թարգմանվեն և նոր սկսեն վաճառվել հեռուստաընկերություններին: Նաև կխնդրենք պետական աջակցություն»:

Ըստ Տիգրան Հակոբյանի, որպեսզի կարողանանք ներդաշնակություն ստեղծել հանրօգուտ աշխատանքի և հեռուստաընկերությունների կոմերցիոն շահերի միջև, առաջարկում ենք մի ֆոնդ ստեղծել և իջեցնել բոլոր հեռուստաընկերությունների հանրօգուտ հաղորդումների պետպատվեր:

Դառնալով մարզային հեռուստաընկերությունների խնդրին՝ Տիգրան Հակոբյանն ասաց. «Սոսկալի տագնապալի վիճակում են: Թվային մուլտիպլեքսի գաղափարը նրա համար էր, որ անվճար ՀՀ քաղաքացին ստանար այն հաղորդումները, որոնք իրենց համար կարևոր են: Ամեն մարզում թվային մուլտիպլեքս ստեղծվել է, որը հաղթել էր, որը հատուկ այդ մարզի համար հետաքրքիր խնդիրներ պիտի բարձրացներ: Հիմա դրանք փակվում են՝ արտոնագիրը վերադարձրեց Արագածոտնի մարզային հեռուստաընկերությունը, Տավուշում տեղական հեռուստաընկերությունը չի գործում, սնանկացման գործընթաց է գնում, Վայոց ձորը չունի տեղական մարզային հեռուստաընկերություն: Նույնը շատ այլ մարզերում է: Նախկինում տեղի քաղաքական ֆեոդալական խմբերն ինչ-որ գումարներ էին տալիս հեռուստաընկերություններին և դրանք սպասարկում էին այդ խմբավորումների շահերը: Այսօր դա փլվել է, և տեղական իշխանիկներն այդ հեռուստաընկերությունները չեն պահում, քանի որ քաղաքական նպատակահարմարություն չկա: Ուստի պետությունը պիտի աջակցի: Պետք են նաև օրենսդրական փոփոխություններ՝ Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում, Գովազդի մասին օրենքում և այլն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728