Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դաբրոների ժամանակը խոր անցյալում է. Տիգրան Հակոբյան

Փետրվար 26,2019 14:43

«Կառավարությունը, իշխանությունները մեր գործերի մեջ չեն խառնվում»,-«Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսին հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Նա վստահեցրեց՝ դաբրոներ չկան. կա հանձնաժողով և ծրագրեր և կլինի ճիշտ լուծում. «Ես նույնիսկ ինձ հաճելիորեն անտեսված եմ զգում: Ես ոչ վարչապետի, ոչ փոխվարչապետերի հետ շփման մեջ չեմ: Ինձ ոչ մեկ չի զանգում, ասում՝ սա պիտի անես, նա պիտի անես: Այդ դաբրոների, կարգավորման ժամանակը կարծում եմ խոր անցյալում է, հատկապես նաև ես այն մարդը չեմ, որ ղեկավարվի օրենքից դուրս հրահանգներով կամ առաջարկներով: Այս պարագայում գրեթե համոզված եմ, որ այս մրցակցությունը կլինի ոչ թե դաբրոներով, այլ կլինի խոր, կոշտ մրցակցություն, և այդ պայմաններում կընտրվի այն անձնավորությունն ու ծրագիրը, որը կփորձի ավելի արդիականացնել և իր նպատակին ծառայեցնել Հանրային հեռուստաընկերությունը»:

Տիգրան Հակոբյանն ասաց՝ առաջին անգամ Հայաստանում Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահը չի նշանակվում ՀՀ նախագահի կողմից ու մանրամասնեց. «Նախկինում ՀՀ նախագահն էր նշանակում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին: Այսօր նոր օրենքով հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կազմավորում է մրցութային հանձնաժողով, որը մրցույթ է հայտարարում և ընտրում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին և նախագահին: Այսօրվա նախագահի՝ Ռուբեն Ջաղինյանի լիազորություններն ավարտվում են մարտի 3-ին: Երեք օր հետո հայտարարվում է մրցույթ, և արդեն մրցութային հանձնաժողովը կսկսի ստանալ այն առաջարկները, որոնցից պետք է ընտրություն կատարի: Կարգի մեջ մտցրինք այն, որ թեկնածուները պետք է ներկայացնեն ծրագրային դրույթներ»:

Տիգրան Հակոբյանն ասաց՝ շատ թեկնածուների հրապարակային ելույթներ նայելով՝ տպավորություն ունի, որ շատերը չեն հասկանում՝ ուր են գնում աշխատելու: Այնուհետև մանրամասնեց. «Հանրային հեռարձակողը Հանրային հեռուստաընկերությունը չէ: Դա հսկայական մի կառույց է, որի կապիտալիզացիան մի քանի հարյուր միլիոն դոլար է: Այստեղ եկող մարդը ոչ թե պետք է Հանրայինը հանրային դարձնի, ինչպես ասում են և որի տակ իմաստ չկա, այլ ղեկավարի խոշոր տեղեկատվական կառույց, որը պիտի դառնա ՀՀ փափուկ ուժի բաղադրիչներից ՀՀ ում և արտերկրում, մատակարարի ամբողջ հայկական եթերը»:

Տիգրան Հակոբյանը նաև տեղեկացրեց՝ հիմա հայտարարված է Հանրային ռադիոյի ղեկավարի մրցույթ, բայց իրենց հանձնաժողովն առնչություն չունի դրա հետ. դա անում է Հանրային հեռուստառադիոխորհուրդը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728