Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության ծրագրի կրթության և գիտության բաժինը, դրական և ողջունելի դրույթներին զուգահեռ, ունի մի շարք անորոշ և մտահոգիչ նպատակադրումներ. ՀՅԴ

Փետրվար 26,2019 13:39
hyd

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ (բաժին 8)

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ: Սկիզբը կարդացե’ք այստեղ (բաժին 1 և բաժին 2), (բաժին 3), (բաժին 4), (բաժին 5), (բաժին 6), (բաժին 7)

Կրթություն և գիտություն

1. Ծրագրում կրթությունը դիտված է որպես սոցիալ-տնտեսական զարգացման հենասյունային մակրոգործոն, սակայն այս մոտեցման լիարժեքությունը, ներառական զարգացման, հատկապես՝ մեր երկրում կրթության բոլոր ձևերի հասանելիության ապահովման տեսանկյունից, օբյեկտիվորեն պահանջում է, որ այն բնակչության համար լինի անվճար՝ պետական ամբողջական ֆինանսավորմամբ:

2. Արձանագրենք, որ ծրագրի այս հատվածում կան դրույթներ, որոնց իրագործումը խրախուսելի է: Պետք է փաստել նաև, որ վերջիններս հիմնականում վերցված են նախկին ծրագրերից։ Օրինակ՝ նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում կրթության և ուսուցման որակը բարձրացնելու համար գործատուների ակտիվ ներգրավմամբ դուալ կրթական համակարգի ընդլայնումը, ֆինանսական և գործառնական ուսումնառության ծրագրերի զարգացումը, որոնք ներդրվել են 2017-2018 ուսումնական տարվանից: Խրախուսելի է 2010 թվականից գործադրվող բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին կայուն դպրոցական սննդով ապահովելու ծրագրի պահպանումը: Նույնը վերաբերում է նաև դպրոցական կառավարման բարելավված համակարգի, փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելների ներդրումը, միջին մասնագիտական կրթական ծրագրերի արդիականացումը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնումը, հավասարակշռված հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմների ինստիտուցիոնալ հենքի ստեղծումը և այլն:

3. Ծրագրում առկա են մի շարք անորոշ ձևակերպումներ և գաղափարներ, որոնց իրականացման մեխանիզմները, սկզբունքները և գործիքակազմը հստակեցման և որոշակիացման կարիք ունեն։ Մասնավորապես դպրոցները զարգացման կենտրոնների վերածելու շրջանակում նախ անհրաժեշտ է ծրագրի կենսագործման գնահատման վերլուծություն կատարել՝ հստակեցնելու գաղափարի նյութատեխնիկական բազան, հատկապես երբ ծրագրում խոսք չկա դպրոցաշինության, դպրոցների շենքային պայմանների բարելավման մասին։

4. Հանրակրթության ոլորտում, առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը, ոչինչ չի ասվում ազգային և հայրենասիրական դաստիարակության մասին: Մեր կարծիքով՝ սա առանցքային թերացում է, որին պետք է լուրջ ուշադրություն դարձնել:

5. Շրջանառության մեջ է դրվել «Մանկավարժի վարքականոն» կոչվող փաստաթուղթը։ Չանդրադառնալով վերոհիշյալի առնչությամբ էթիկայի դաշտում հնչած քննադատություններին՝ ցանկալի պիտի լիներ, որ կառավարությունը ոլորտի աշխատավարձի բարձրացում նախատեսեր, ինչպես նաև կարևորեր ուսուցիչների պատրաստման, զարգացման և մասնագիտական առաջընթացն ապահովող ծրագրերը։

6. Հանրակրթության ոլորտում պետք էր արձանագրել սփյուռքահայ կրթօջախներին աջակցելու, դասագրքերով ապահովելու, սփյուռքահայ ուսուցիչներին վերապատրաստելու անհրաժեշտությունը:

7. Միջին մասնագիտական կրթության ոլորտում նախանշված ողջունելի դրույթների հետ մեկտեղ անհրաժեշտ էր ամրագրել նաև հետևյալ հանձնառությունները. պետպատվերի ձևակերպումն իրականացնել ըստ աշխատաշուկայի պահանջների, բարեփոխել օրենսդրական դաշտը, միջին մասնագիտական հաստատությունների գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ֆինանսավորումն իրականացնել ըստ մասնագիտությունների առանձնահատկությունների, համակարգում ներդնել սոցփաթեթի ինստիտուտ:

8. Վերանայել և արդիականացնել բուհերի կրթական ծրագրերը, որոշ առարկաներ տեղափոխել ավագ դպրոց:

9. Որևէ անդրադարձ չկա մագիստրոսական կրթությանը, մինչդեռ այն շարունակում է մնալ բարձրագույն կրթական համակարգի խոցելի օղակը։ Պետք է վերանայել որոշ մասնագիտությունների մագիստրոսական ծրագրերը, դրանք տևողությունը և նպատակահարմարությունը:

10. Ծրագրից բացակայում է Հայաստանը տարածաշրջանային համալսարանական կենտրոն դարձնելու կամ, նվազագույնը, արտասահմանցի ուսանողների համար Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալը հրապուրիչ դարձնելու նպատակը:

11. «Բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետությունը, տրամադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին» դրույթը թերի է: Մինչդեռ պետք է շեշտել նաև անվտանգության կարիքները, պակաս կարևոր չեն ազգային հումանիտար-հայագիտական ուղղությունները:

12. Գիտությունը ծրագրում ներկայացված է հիմնականում կրթության հետ, և երկու դեպքում էլ Հայաստանի իրողություններից բխող խնդիրները ամբողջությամբ ներկայացված չեն: Տեղի է ունենում գիտության ծերացում, որն ազգային սպառնալիք է: Գիտության զարգացման համապարփակ ծրագրի մշակումը առաջնահերթություն է: Անհրաժեշտ է նաև գիտության արդյունավետ, ուղղահայաց կառավարման սկզբունքի որդեգրումը, գիտական աստիճանաշնորհման կարգի վերանայումը:

13. Անդրադառնալով ՀՆԱ-ի մեջ կրթության և գիտության մասնաբաժնին՝ պետք է առաջիկա 5 տարվա ընթացքում այն 2 տոկոսից բարձրացնելու նպատակ դնել:

14. Այսպիսով՝ կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագրի կրթության և գիտության բաժինը, դրական և ողջունելի դրույթներին զուգահեռ, ունի մի շարք անորոշ և մտահոգիչ նպատակադրումներ, որոնք չեն բխում ոչ միայն հռչակված հեղափոխական նպատակներից, այլև մեր երկիրը դեպի զարգացում տանելու խոստումներից: Ակնհայտ է, որ այն խոստումները, որոնք տրվել էին նախընտրական փուլում և դրանից առաջ, բացարձակապես արտացոլված չեն ծրագրում։

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728