Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մինչև մարտի վերջ կունենանք համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ճանապարհային քարտեզը». Պյոտր Սվիտալսկի

Փետրվար 26,2019 13:04

«Հասել ենք այն փուլին, երբ դինամիկ երկխոսություն է տեղի ունենում ԵՄ-ի և ՀՀ-ի միջև» «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսին հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին:

Դեսպանը նշեց, որ ՀՀ-ն և ԵՄ-ն մոտ են համաձայնելու Թվինինգ ծրագրերի շուրջ, որոնք հիմնված են անհատ պետությունների ներգրավման վրա. «Մոտ ենք մեկնարկը տալու մի քանի Թվինինգ ծրագրերի, որ մեկնարկը տանք CEPA-ի (Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր.-խմբ) ծրագրին: Լավատես եմ CEPA-ի իրականացման առումով այն իմաստով, որ մենք կունենանք CEPA-ի իրագործման ամբողջական մեխանիզմը ընդամենը մի քանի ամսից և ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցության մեխանիզմները»:

Դեսպանը տեղեկացրեց՝ պատրաստվում են շատ ինտենսիվ օրացուցային հանդիպումների շարքի, բարձր մակարդակի այցեր, հանդիպումներ: Պյոտր Սվիտալսկիի տեղեկացմամբ՝ ենթահանձնաժողովի մակարդակի հանդիպումներ են տեղի ունենալու CEPA-ի շրջանակում՝ այց Բրյուսել և Երևան:

Ըստ ԵՄ դեսպանի՝ ՀՀ-ում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կարելի է ասել, լավագույնն էին, որոնք տեղի են ունեցան անկախ Հայաստանում: Ըստ Պյոտր Սվիտալսկիի՝ դրա մասին է վկայում այն փաստը, որ ընտրությունների արդյունքները չբողոքարկվեցին. «Կարծում եմ՝ Հայաստանը կարող է հպարտանալ, որ կարողացավ հասնել բարձր հուսալիության, արդարության և թափանցիկության: Սա չի նշանակում, որ ընտրությունները կատարյալ էին: Կային թերություններ, որոնք հիշատակված են զեկույցներում: Որքանով կարող եմ հասկանալ ՀՀ կառավարության ծրագրից և խորհրդարանի ղեկավարության հայտարարություններից, ՀՀ-ն հստակ մտադրություն ունի արդիականացնել և բարելավել իր Ընտրական օրենսգիրքը: Մենք՝ որպես ԵՄ, պատրաստ կլինենք շարունակել մեր աջակցությունը և ներգրավվածությունն այս գործընթացում: Այժմ Հայաստանում ունենք կառավարություն, որն ունի ուժեղ խորհրդարանական աջակցություն»:

Պյոտր Սվիտալսկին տեղեկացրեց՝ CEPA-ի իրագործման ճանապարհային քարտեզը հայկական կողմը ԵՄ-ին է ներկայացրել անցյալ տարեվերջին: Այս առիթով դեսպանը մանրամասնեց. «Այս փաստաթուղթը վերլուծության է ենթարկվել համապատասխան ծառայության կողմից՝ Բրյուսելում՝ մասնավորապես Եվրահանձնաժողովի տարբեր ծառայությունների կողմից: Սա համապարփակ և տպավորիչ փաստաթուղթ է: Այն պարունակում է հարյուրավոր գործնական միջոցառումներ: Մենք հունվարի վերջին ներկայացրել ենք մեր առաջարկությունները: Մինչև մարտի վերջ կունենանք համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ճանապարհային քարտեզը, և մենք ակնկալում ենք, որ այս ճանապարհային քարտեզի վերաբերյալ համաձայնություն և հաստատում կունենանք նախքան մեր գործընկերության հանձնաժողովի նիստը: Սա խոստումնալից սցենար է»:

Հիշեցմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանին ԵՄ աջակցությունը հեղափոխությունից հետո չի ավելացել, հարցին՝ ո՞ր ուղղություններով են պատրաստվում ավելին աջակցել Հայաստանին, քան նախատեսվում է, Պյոտր Սվիտալսկին պատասխանեց. «Վերջին օրերի ամենակարևոր զարգացումներից մեկը ՀՀ կառավարության նիստում տեղի ունեցած քննարկումն էր, որտեղ քննարկվում էր 2018-ի տարեկան գործողությունների ծրագիրը: Հասկանում եմ, որ հայկական կողմը դրական է գնահատում 2019-ի գործողությունների ծրագրի բովանդակությունը, ինչն ի ցույց կդնի այն ավելացումը, քանի որ այլ ֆինանսական աղբյուրներից բացի՝ 2018-ի գործողությունների ծրագիրը ցույց է տալիս 20-25 տոկոս ավելացում Հայաստանին մեր ֆինանսական հանձնառության ավելացում: Հանձնակատար Հաննը հայտարարեց, որ էական ավելացում է լինելու այս տարվա համար և այսպես կոչված հովանոցային ֆոնդի շրջանակում Հայաստանի համար նախատեսված է ֆինանսավորում: Առաջին անգամ հովանոցային ֆոնդից ՀՀ-ն ստացավ 10 միլիոն եվրո: Հովանոցային ֆոնդի անդամ լինելն արդեն կարևոր է, քանի որ այս ֆոնդը քաղաքական միջոց է առաջարկում այն դեպքում, երբ այդ երկիրն արձանագրում է առաջընթաց քաղաքական բարեփոխումների հարցում»:

Դառնալով ազատ վիզային ռեժիմի անցմանը վերաբերող հարցին՝ դեսպան Սվիտալսկին ասաց. «Մենք ուղղորդվում ենք քաղաքական հայտարարությամբ, որը արտացոլված է համաձայնագրում, որ վիզայի ազատ երկխոսություն հնարավոր է: Եթե լավ կառավարման և անվտանգ շարժունության երաշխիքներ տան: Լավատես լինենք, որ այս պայմանները կբավարարվեն: Հայկական կողմը հստակ գիտի՝ ինչ մտահոգություններ ունեն ԵՄ անդամ երկրները: Մեր հայ գործընկերները հասկանում են այս մտահոգությունները, արձագանքի անհրաժեշտությունը, հետևաբար չեմ կարող կոնկրետ ամսաթիվ ասել»:

Արդարադատության ոլորտի բարեփոխումների մասին Պյոտր Սվիտալսկին ասաց. «Մենք սեղանին դրել ենք աջակցության մեր առաջարկը: Կարծում ենք՝ սա խիստ էական է Հայաստանի համար: Մենք դրանց լրջորեն ենք վերաբերվում: Հատկապես գործադիր իշխանությունից անկախության առումով Հայաստանն այժմ ունի շատ տարբերվող իրավիճակ, քան, եթե համեմատենք ապրիլից առաջ իրավիճակի հետ:

Կառավարության հանձնառությունն այս հարցում կարևոր է: Ցանկացած ոք կարող է դատարանի որոշումը վիճարկել Ստրասբուրգում: Կան մի քանի կարևոր վճիռներ՝ Ստրասբուրգում, որոնք քաղաքական իրավունքներին և ազատություններին են վերաբերվում: Չեմ ուզում հետ գնալ դեպի այդ վճիռները, բայց մեզ համար դրանք հղման կետ են՝ հոդված 14-ը մասնավորապես: Անցյալում դեպքեր եղել են, երբ այս հոդվածը խախտվել է: Նոր Հայաստանում պետք է լինի թափանցիկություն՝ կապված դատարանների աշխատանքի հետ»:

Անցումային արդարադատության մասին Պյոտր Սվիտալսկին ասաց. «Դա մի բան է, ինչը հայերն իրենք պիտի որոշեն՝ արդյոք ունե՞ն դրա անհրաժեշտությունը: Դրսից միջամտությունը շատ զգայուն քննարկումներում, ինչպիսի սա է, այնքան էլ օգտակար չէ»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի սկզբին Բրյուսել այցին՝ Պյոտր Սվիտալսկին ասաց. «Ամենաբարձր մակարդակի քննարկումները գերազանց հնարավորություն են ընդգծել մեր համագործակցության շրջանակի առաջընթացը: Մենք անցել ենք համագործակցության նոր մակարդակի: Վարչապետը Բրյուսելում ԵՄ առաջնորդների հետ քննարկելու է տարբեր ակնկալիքներ և կարիքներ, որոնք ունի ՀՀ-ն խորհրդարանական ընտրություններից հետո: Մենք անհամբերությամբ սպասում ենք արդյունավետ և բարեկամական երկխոսության»:

Ըստ Պյոտր Սվիտալսկիի՝ կոռուպցիայի դեմ պայքարում միայն քաղաքական կամքը բավարար չէ. ՀՀ-ին անհրաժեշտ են նոր օրենքներ, հանրային անհանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728