«ՊԱՆՏԵՌԱ ՍԻՔՅՈՒՐԻԹԻ» աշխատակից Կարեն Հովհաննիսյանը Արդարադատության նախարարության «Նուբարաշեն»ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել, պահանջելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: «Կարենի հետ որեւէ բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կկրի գլխավոր դատախազը: Նա սրտի հետ կախված լուրջ խնդիրներ ունի«,-ասում է Կարեն Հովհաննիսյանի կինը՝ Արեւիկ Շախբարյանը:
Մեկ ամիս առաջ գլխավոր դատախազության շենքի դիմաց Կարեն Հովհաննիսյանի կինը, մայրը, մանկահասակ երեխաները, հարազատները վաղ առավոտից մինչ օրվա ավարտը բողոքի ցույց արեցին: Նրանք պահանջում էին, որ իրենց գրավոր հարցերին գրավոր պատասխանի Շենգավիթ համայնքի դատախազը: Մինչդեռ համայնքային դատախազությունից պատասխանել էին, թե նրանց հարցերին պատասխանել են բանավոր:
Արեւիկ Շախբարյանն «Առավոտին» ասաց, որ ամուսնու հետ հանդիպել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, սակայն Կարեն Հովհաննիսյանը հացադուլը չի դադարեցրել:
Հիշեցնենք, որ Կարեն Հովհաննիսյանը կալանավորվել է Մարիամ Դանիելյանին առանձին դաժանությամբ սպանելու կասկածանքով:
Մարտի 2-ին կլրանա վեց ամիսը, ինչ նա անազատության մեջ է:
Ամուսնու հետ կնոջը թույլատրել են տեսակցել երկու անգամ:
Մանրամասները այս գործի հետ կապված կարդացեք վաղվա «Առավոտում»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ