Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան հարցը լուծում չունի՝ առանց ադրբեջանական հարցի լուծման

Փետրվար 26,2019 22:00

Տարածաշրջանի վերջին բռնապետությունը կկործանվի առանց «հայ թշնամու» կերպարի

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի չափազանց կարեւոր, տարողունակ եւ բազմաշերտ մեկնաբանությունն իր եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխհարաբերությունների վերաբերյալ լավ առիթ է մի շարք արձանագրումների եւ եզրակացությունների համար, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Ընդ որում, այդ արձանագրումներում ու եզրակացություններում հնարավոր չէ շրջանցել այն համատեքստը, որ անխուսափելիորեն հաղորդում են Ղարաբաղյան կարգավորման ներկայիս փուլի իրողությունները եւ դրանց վերաբերյալ մեկնաբանություններն այնպիսի անձանց, որոնք տարբեր դերակատարում ունենալով Ղարաբաղյան կարգավորման տարբեր ժամանակաշրջաններում, իրենց բավականին ուշագրավ դիտարկումներով կիսվեցին հայալեզու լսարանի հետ, խոսքն ամերիկացիներ Փոլ Գոբլի եւ Ռիչարդ Հոգլանդի մասին է։

«Ո՛չ ես, ո՛չ Փաշինյանը երբեւէ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը չենք օգտագործել։ Դա բացարձակ հերյուրանք է, մոգոնված չարակամների ու ձեռնածուների կողմից։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորման ծրագրին, ապա, ի տարբերություն ՀՀ երեք նախագահների, Փաշինյանի ծրագիրը դեռեւս հայտնի չէ։ Նա առայժմ բավարարվել է միայն խնդրի վերաբերյալ որոշ սկզբունքների, մասնավորապես, Ղարաբաղի անունից բանակցելու քոչարյանա-սարգսյանական դիրքորոշումից հրաժարվելու եւ ԼՂՀ-ի՝ որպես լիիրավ հակամարտող կողմի երբեմնի կարգավիճակը վերականգնելու անհրաժեշտության շեշտադրմամբ», – փաստում է առաջին նախագահը։

Հետհեղափոխական ժամանակաշրջանը նշանավորվեց Երեւան-Բաքու ինտենսիվ շփումներով, որոնց արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն շփման գծում կրակի դադարեցման ռեժիմը խստորեն պահպանելու, Երեւան-Բաքու օպերատիվ կապ հաստատելու եւ բանակցային երկխոսությունն ակտիվացնելու վերաբերյալ։ Բացի դրանից, այս ժամանակաշրջանում Ղարաբաղի հարցով տարբեր տեսակի եւ որակի շահարկումները հեղեղեցին հայկական եւ ռուսական մամուլը, ընդհուպ մինչեւ «պետական դավաճանության» մեջ մեղադրանքները Փաշինյանի հասցեին, իսկ որոշ «պայծառատես-վերլուծաբաններ» Մոսկվայից նույնիսկ մեզ ավետեցին ժամկետը, թե երբ եւ ինչպես է Հայաստանի ղեկավարը «հանձնելու Ղարաբաղը»։

Այս համատեքստում ԱՄՆ կողմից ԵԱՀԿ Մինսկի Խմբի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը կարծում է, որ լավատեսական տրամադրության հետ մեկտեղ՝ «որեւէ լուրջ բեկում հորիզոնում չի նկատվում, գոնե այս պահին չի նկատվում»։ Նիկոլ Փաշինյանը նոր սերնդի գործիչ է, որին ընտրել է նոր սերունդը, նշում է ամերիկացի պաշտոնաթող դիվանագետը, հավելելով. «Կարծում եմ, Հայաստանի քաղաքացիները նրան ընտրել են, քանի որ ցանկանում են, որ իրենց երկիրը այլ ուղղություններով զարգանա, դա բազմաթիվ ոլորտների է վերաբերում, ոչ միայն Ղարաբաղին»: Սակայն, կա եւս մի կարեւոր հանգամանք, որի վրա ուշադրություն է հրավիրում Ռիչարդ Հոգլանդը. «Բազմաթիվ տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի առաջնորդը ղարաբաղցի չէ: Այսպիսով, նա պետք է չափազանց զգույշ լինի եւ եթե նախատեսում է լուրջ փոփոխություններ կատարել, պետք է դրանք քայլ առ քայլ անի, քանի որ հակառակ կողմում կան մարդիկ, ովքեր նրան դեմ են եւ ովքեր կհարվածեն, եթե նա շատ արագ եւ շատ արմատական գործի: Ուստի, կարծում եմ զգույշ, քայլ առ քայլ մոտեցումը շատ խելացի գործելաոճ է»:

Հայտնի ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը համարում է, որ անպայման չէ ծանոթ լինել բանակցությունների ներկայիս բովանդակությանը՝ հասկանալու համար այն հանգամանքը, որ Մոսկվան ամեն կերպ նպաստում է այս հակամարտության չկարգավորմանը եւ դա կաներ նաեւ կարգավորման այնպիսի փաթեթների միջոցով, որոնց իրատեսականությունը շատ ցածր է: Խոսքը, բնականաբար, այսպես կոչված՝ «Լավրովի պլանի» մասին է, որի առկայությունից խոսում են բոլորը, նույն ինքը՝ Հոգլանդը, ժխտում է միայն անձամբ պարոն Լավրովը։ Ընդ որում, Հոգլանդը նշում է, որ այդ պլանին դեմ են թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը։
Բնականաբար, շատերի մոտ է հարց առաջանում, որ եթե Փաշինյանի ծրագիրը դեռեւս հայտնի չէ, ինչպես նշում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, հավելելով նաեւ, որ «ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ինչպիսի ծրագրով էլ Փաշինյանը հանդես գա, դա լինելու է իր սեփական ծրագիրը, ինչպես եղել է թե՛ իմ, թե՛ Քոչարյանի, եւ թե՛ Սարգսյանի պարագայում։ Հայաստանի յուրաքանչյուր առաջնորդ պատասխանատու է ի՛ր ծրագրի համար, որքան էլ այն ընդհանրություններ ունենա նախորդների ծրագրերի հետ», ապա ո՞ւր է տանում այս գործընթացը, եւ ինչպիսի՞ ծրագիր կարող է նշմարվել։

Նշելով մի-քանի իրողություններ, նախ, փաստենք հետեւյալը, որ Հայաստանի ներկայիս կառավարության լեգիտիմությունը ոչ ներսում, ոչ դրսում՝ որեւէ կերպով չի առնչվում չկարգավորված Ղարաբաղյան հակամարտության հետ, ի տարբերություն նախկին իշխանությունների եւ հատկապես՝ ի տարբերություն Ալիեւի ռեժիմի։ Բացի դրանից, Հայաստանի կառավարությունը ձեւավորվել է միանգամայն այլ սկզբունքներով՝ ստանալով մանդատ հայ ժողովրդից եվրոպական ստանդարտներին համապատասխան ընթացակարգով, մինչդեռ մեր ընդդիմախոսը՝ պարզունակ ժառանգական բռնապետություն է, որտեղ «ընտրություն» բառն արդեն քմծիծաղ է առաջացնում, որը գործում է մաֆիոզ-գողապետական կանոններով եւ սկզբունքներով, որի՝ երկրից դուրս «հետցնցումների» վերաբերյալ կարելի է բաց մամուլում ծանոթանալ տարբեր մասշտաբի «լանդրոմատների» մասին միջազգային զեկույցներից։

Այս հակամարտության գլխավոր խնդիրը ոչ այնքան երկու դիրքորոշումների տարբերությունն է ինքնին, որքան արժեհամակարգային տարբերությունը՝ պատճառ, որը հանգեցրել է տրամագծորեն տարբեր դիրքորոշումների, որոնց մերձեցումը վերջին գրեթե երեսուն տարիների ընթացքում այդպես էլ տեղի չունեցավ նույնիսկ այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանում քսան տարի շարունակ իշխում էր Բաքվի ներկայիս ռեժիմին անպատկերացնելիորեն հոգեհարազատ ռեժիմ։ Եվ դրա պատճառն էր արդեն հասարակությունների՛ տարբերությունը, որքան էլ մենք հարեւաններ ենք, եւ վերջին մի քանի դարերի ընթացքում ընդհանուր պատմություն ունենք։

Այստեղ խնդիրը ոչ միայն եւ ոչ այնքան քաղաքական ճաշակի հարթության վրա է, այն է՝ ժողովրդավարությունը լավ է, իսկ բռնապետությունը՝ վատ, այլ հակամարտության կարգավորման գործընթացի մեթոդաբանության, եթե կուզեք՝ ալգորիթմի, պայմանավորված հակամարտող կողմերի ներքին շարժառիթների առանձնահատկություններով։

Ռուսական «անկախ» մամուլի եւ նույնքան «անկախ փորձագետների» մրթմրթոց-հարայհրոցի ներքո, թե Փաշինյանն «անկանխատեսելի է», նույն ինքը Փաշինյանը, ներկայացնելով հիմնավորումներն Արցախի՝ բանակցային ձեւաչափ վերադառնալու անհրաժեշտության վերաբերյալ, ուղղակի բարձրացնում է մանդատի հարցի առաջնահերթությունը։ Այսինքն, այն, որ Փաշինյանը Ղարաբաղից չէ՝ խոսքը նրա ծննդականով ամրագրված ծննդավայրի մասին չէ։ Ի վերջո, նույն հաջողությամբ նա կարող էր ծնունդով նաեւ արցախցի լինել, ինչպես եւ հայերիցս յուրաքանչյուրը, այնպես, ինչպես աշխարհում հայության մոտավորապես մեկ հինգերորդը։

Այստեղ խոսքը մանդատի մասին է. Արցախի Հանրապետության քաղաքացիներն ընտրել են որպես իրենց բարձրագույն ներկայացուցիչ ոչ թե Փաշինյանին, այլ Բակո Սահակյանին, իսկ 2020-ին պատրաստվում են նոր նախագահ ընտրել, եւ հնարավոր չէ եւ չի լինի այդ իրողության հետ հաշվի չնստել, այնպես, ինչպես հնարավոր չէ «շրջանցել» հակամարտության եռակողմ էությունը, որում Արցախի դերն առանցքային է։ Ի վերջո, հակամարտությունը, երկու պատերազմներն իզուր չէին կոչվում Ղարաբաղյան, իսկ բանակցային գործընթացը կանխորոշելու է ի վերջո հենց Արցախի՛ ճակատագիրը, եւ Արցախի համաձայնությունը վերջնական կարգավորման բանաձեւին ամրագրելու է նախեւառաջ արցախցիների հավաքական կամքը եւ իրավունքը։ Իսկ արցախցիներն անցած երեսուն տարիների ընթացքում ցույց տվեցին, որ որեւէ հակաբնական կամ հակաբանական եւ ոչինչ չեն ցանկանում, այլ «ընդամենը» այն, ինչն իրենց անօտարելի իրավունքն է՝ ազատություն, ինչը Բաքվի ռեժիմի «ցլիկի» համար կարմիր լաթի էֆեկտ է առաջացնում իրենց քաղաքացիների նույնիսկ փոքրաթիվ խմբերի պարագայում։

Անշուշտ, ակնհայտ է մի բան, որ մեծ հաշվով Ղարաբաղյան խնդրի լուծումը հնարավոր է, սակայն, այն բանից հետո, երբ լուծված կլինի Ադրբեջանի հարցը՝ տարածաշրջանի միակ եւ վերջին բռնապետության հարցը, որը Ռուսաստանի մանրակերտը լինելով, մնալով «միակ հոգեհարազատը» տարածաշրջանում, շարունակելու է ֆունկցիոնալ առումով մնալ Կրեմլի կայսերապաշտության գլխավոր հաղորդիչը տարածաշրջանում, թեկուզ եւ մաս չկազմելով ռուսական «ինտեգրացիոն» ձեւաչափերին, եւ իր այդ անշնորհակալ «առաքելության» հաջողության գրավականն ու ներքին ամրության «ցեմենտը»՝ «հայ թշնամու» կերպարն է։ Մեզ պետք չէ «պատրաստել» խաղաղության, խաղաղությանը մենք պատրաստ ենք եղել ի սկզբանե, մենք եղել ենք եւ ցանկանում ենք լինել խաղաղ, մեզ պարտադրել են պատերազմ, մենք ընդունել ենք մարտահրավերը, եւ համարժեք գործողություններով պարտադրել խաղաղություն։ Եվ խաղաղությանը պատրաստելու համատեքստում է նաեւ, որ պետք լուծել ադրբեջանական հարցը։

Ուստի, իրատեսությունը հուշում է երկու բան։ Նախ, քանի ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը չունեն ռազմավարություն Ռուսաստանի՝ արդյունավետ զսպման եւ հետպուտինյան Ռուսաստանի վերաբերյալ, դեռ շարունակվելու է իներցիան այն մտայնության, որ այս հակամարտության կարգավորման գործում «բանալին Մոսկվայում է», ինչի մասին նշում է նաեւ Հոգլանդը։ Նույն իներցիայի բերումով էլ, քանի «դնչկալը» պատրաստ չէ, Արեւմուտքը չի ցանկանում սադրել Ռուսաստանին իր «ավանդական ազդեցության գոտում»։ Դրանով է պայմանավորված նաեւ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի նախաշեմին տասնամյակից ավել սպասելը, Ուկրաինայի վերաբերյալ անհասկանալի դիրքորոշումը եւ այն, ըստ էության, հակաբնական ձեւաչափը, որտեղ հրդեհ հրահրողը ներգրավված է «հրշեջների» կազմում, խոսքը Մինսկի Խմբի եռանախագահության մասին է, որը միջազգային բոլոր հնարավոր ձեւաչափերի մեջ մնացել է միակը, որտեղ Մոսկվան եւ Արեւմուտքը գոնե արտաքուստ հանդես են գալիս ներկայումս միասնական դիրքերից։

«Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը, որը տխրահռչակ «Լավրովի պլանի» հիմքն է եւ ենթադրում է հակամարտության «երկրաչափության» փոփոխություն ի վնաս հայկական կողմերի եւ վերջնական կարգավորման առկախում հայկական կողմերին հաղթաթղթերից զրկելով, իսկ ըստ էության՝ «հողեր՝ օդի դիմաց» բանաձեւը նույնիսկ Հայաստանի ամենավատթար ժամանակաշրջաններում է եղել ոչ իրատեսական։ Դրա ուղղակի վկայությունն այն է, որ այդ ձեւաչափն առաջ տանելու համար էր Մոսկվան 2016-ի ապրիլին երեք օր շարունակ աչքերը, ականջները եւ բերանը փակեց Բաքվի հարձակման վերաբերյալ, միայն «իրար եկավ» ապրիլի 4-ին… Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել։ Եվ քանի լուծված չէ ադրբեջանական հարցը, Ղարաբաղյան հարցը լուծում ունենալ չի կարող։ Եւ պարոն Հոգլանդն այդ մասով միանգամայն իրատեսական առաջարկ է ներկայացնում, ի տարբերություն «տարածքները Ղարաբաղի շուրջ վերադարձնելու» վտանգավոր գաղափարի, որի հետ կապված եթե հայերը տեսականորեն ազգովի ցնորվեն եւ գնան այդ քայլին, ուղղակի անվտանգության վակուում է ստեղծելու տարածաշրջանում, սպառնալով նաեւ Եվրոպական անվտանգությանը։ Խոսքը դրա մասին չէ, այլ նրա, որ «զգույշ, քայլ առ քայլ մոտեցումը շատ խելացի գործելաոճ է»։

ՌՈՒԲԵՆ Մեհրաբյան

Կոլաժը՝ chervonec-001 բլոգից

«Առավոտ» օրաթերթ,

26.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Շնորհակալություն արհեստավարժ մեկնաբանությունների համար: Ինչպես միշտ համոզիչ և իրատեսական:

  2. Հ.Շ. says:

    որպէս վարպետ եւ փորձառու հրապարակագիր, ինչպէ՞ս նկատի չէք ունենար որ, ձեր յօդուածը իր առաջին տողին մէջ կը սկսի Լեւոն Տեր-Պետրոսյանի անունով եւ գովասանքով, արդէն մնացեալի ընթերցողներուն քանակը անմիջապէս կը պակսեցնէք

    դուք ալ ուրեմն այս մէկ հատը մի կարդաք՝
    https://haytougchamlian.blog/հիւանդ-անկախութիւնը/

    (հայերուն նմանը չկայ, խուլերու երկխօսութեան մէջ…)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728