«168 ժամի» զրուցակիցն է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը
– Օրերս ԱՄՆ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդն իր հարցազրույցում անդրադարձել էր բանակցային գործընթացին՝ նշելով, որ ներկայումս կողմերը ցանկանում են, որ սահմանված լինի Ղարաբաղում հանրաքվեի ստույգ օրը։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս տեղեկատվության գաղտնազերծմանը։
– Ամերիկացին ամեն ինչ կարող է ասել։ Բոլթոնը եկավ տարածաշրջան որպես անկախ Աստված, ասաց ինչ-որ բաներ և գնաց։ Եվ բոլորը սկսեցին. «Օ՜, Բոլթոնն այս ասաց, այն ասաց…», բայց մենք մեր կյանքն ունենք։
Երկրորդ՝ ի՞նչ է, Ղարաբաղում հանրաքվե չի՞ եղել։ Ղարաբաղում հանրաքվե վաղուց է եղել։ Ադրբեջանցիները հայերի հետ այդ տարածքներում ապրել են, բայց հայերն ավելի շատ են եղել, իսկ ադրբեջանցիներն իբրև թե չեն քվեարկել, քանի որ Ադրբեջանի նախագահը հրաման էր տվել չքվեարկել, բայց դա արդեն իրենց խնդիրն է, իսկ ինչո՞ւ էր նման հրաման տվել։ Կքվեարկեին, և պարզ կլիներ տոկոսային հարաբերակցությունը։ Իսկ հիմա ուզում են հանրաքվե, նույնիսկ հիմարի համար պարզ է, որ Ադրբեջանի նախագահը Կարս-Թբիլիսի-Գյանջա-Բաքու երկաթուղով Բաքվից միլիոն բնակչություն կբերի, կմտցնի Ղարաբաղ և հանրաքվե կիրականացնի, այդպես ադրբեջանցիները մեծամասնություն կկազմեն։ Այդպես չի կարելի։ Ոչ մի հանրաքվե։ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ Ղարաբաղում եղել է հանրաքվե, այդ երկիրն ինքնորոշվել է ամբողջությամբ, և վերջ։
– Այսինքն՝ Դուք դեմ եք Մադրիդյան սկզբունքներին, որոնցում ամրագրված է նաև պլեբիսցիտի անցկացման հարցը։
– Սկզբունքներում խոսք կա նաև օկուպացիոն զորքերի հեռացման մասին, այսինքն՝ ՊԲ-ն հեռանա, որպեսզի այնտեղ մնան կանայք ու երեխաները, որպեսզի նրանք ոչնչացնեն ժողովրդին, ինչպես թուրքերը՝ մեր մայրերին ու հայրերին։ Կա դրույթ, որ պետք է տեղակայել ադրբեջանցի փախստականներին և անցկացնել հանրաքվե։ Իսկ ինչո՞ւ չի ասվում հայ փաստականներին իրենց բնակավայրեր վերադարձնելու մասին՝ Շահումյան, Մարտունի, Մարտակերտ։ Բայց սա չի արվում։ Իսկ Ալիևն այնքան մարդ կբերի, որ հնարավոր չի լինի ապացուցել՝ նա փախստակա՞ն է, թե՞ ոչ։ Ուստի Մադրիդյան սկզբունքները և՛ լավն են, և՛ վատը, պետք է ընտրողաբար մոտենալ այդ սկզբունքներին։ Ես որպես ռազմական գործիչ եմ կարծիք հայտնում, ով տեսել է պատերազմներ և մասնակցել է ռազմական առաքելությունների։
– Իսկ ինչպիսի՞ բանակցային լուծում եք տեսնում ԼՂ հակամարտության կարգավորման համար։
– Լուծումը պետք է լինի խաղաղ բանակցային ճանապարհով։ Բանակցություններ պետք է վարել նաև ՌԴ-ի հետ՝ հասնելով մոսկովյան պայմանագրերի չեղարկմանը և Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի պայմանագրի չեղարկմանը, որով վերցնում են Հայաստանից այդ տարածքը։ Պետք է չեղարկել այդ պայմանագիրը։ Ղարաբաղը, ըստ այս ծրագրի՝ ինչպես եղել է հայկական, այնպես էլ կմնա, որից հետո ճանաչել Ղարաբաղը և միացնել Հայաստանին։
Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում