Նախորդ տասը տարիների ընթացքում անընդհատ շրջանառվում էր «երեք նախագահների փակ ցիկլ» ձևակերպումը: Պատճառը պարզ էր: Նախագահ էր Սերժ Սարգսյանը, նա փոխարինել էր Ռոբերտ Քոչարյանին, որը թեկուզև ոչ իր դեմքով, բայց միջնորդավորված ակտիվ մասնակցում էր քաղաքական պրոցեսներին, իսկ ընդդիմության դրոշակակիրը, առնվազն մինչև 2017թ., ՀԱԿ–ն էր՝ առաջին նախագահ Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ: Այս տարիներին, իհարկե, դաշտում այլ ուժեր ևս կային: Սակայն հաշվի առնելով երեք նախագահների անձերի հանդեպ հանրային առավել սևեռված ուշադրությունը՝ հենց այս երեք սուբյեկտներով էլ մեկնաբանվում էր այս կամ այն քաղաքական պրոցեսը:
2018թ. իշխանափոխությունը Հայաստանում փոխեց ոչ միայն իշխանության, այլև քաղաքական դաշտի կազմը: Ակնհայտորեն տեղի ունեցածը ոչ միայն իշխանափոխություն կամ հեղափոխություն էր, այլև սերնդափոխություն: Սերժ Սարգսյանով ավարտվում է ղարաբաղյան շարժման գործիչների ժամանակաշրջանը, և դաշտ են մտնում նոր մարդիկ, նոր դերակատարներ, որոնք թրծվել են արդեն ղարաբաղյան շարժումից հետո: Ընդ որում, խոսքը ոչ միայն իշխանության մասին է, այլև ընդդիմության դաշտում նոր խաղացողների, քաղաքացիական հասարակության, քաղաքականապես ակտիվ շրջանակների:
Սակայն «երեք նախագահների փակ ցիկլ» ձևակերպումը նույնիսկ հիմա շարունակում է մնալ ակտուալ: Մի կողմից ամբաստանյալի աթոռին հայտնված Քոչարյանը, մյուս կողմից Տեր–Պետրոսյանը՝ իր վերջին շրջանի հանրային ակտիվությամբ, մեկ այլ կողմից էլ Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ–ի և այլ ռեսուրսների ակտիվության տեսքով: Ասել, որ երեք նախագահները այժմ ունեն գործնականում կենսունակ ռեսուրսներ քաղաքականություն վերադառնալու համար, անիրատեսական կլինի: Սակայն նրանց վերադարձը քաղաքականություն, կամ ավելի շուտ նրանց ներկայությունը քաղաքական պրոցեսներում ու տեղեկատվական դաշտում փաստ է: Փաստ, որի հիմքում մի կողմից նոր իշխանության թիրախներն են, մեկ այլ կողմից այն համընդհանուր քաղաքական ճգնաժամը, որի առջև կանգնած է հայաստանյան քաղաքական դաշտը՝ իշխանափոխությունից հետո:
ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում