Կիրակի օրը իշխանական էլիտան «Մարիոթ» հյուրանոցում կուսակցության փակ համաժողով անցկացրեց։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության չորրորդ համաժողովը տեւել է ավելի քան 5 ժամ, եւ ավելի քան 40 հոգի ելույթ է ունեցել, արդյունքում ձեւավորվել է աշխատանքային երկու հանձնախումբ՝ կանոնադրական եւ աշխատանքային, առաջինը՝ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի ղեկավարությամբ, զբաղվելու է եւ համագումարին առաջարկելու է կուսակցության կանոնադրության մեջ փոփոխություններ, երկրորդը՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի նախագահությամբ, նախապատրաստելու է կուսակցության ծրագրում փոփոխությունների հարցը։ Համագումարը նախատեսվում է հրավիրել ամռանը կամ մայիսի վերջերին, որի ժամանակ ՔՊ-ն նաեւ նոր վարչություն կընտրի, չի բացառվում, որ այստեղ էլ «իշխանափոխություն» տեղի ունենա, եւ Սասուն Միքայելյանի փոխարեն վարչության նախագահի պաշտոնում ակտիվն ընտրի Նիկոլ Փաշինյանին։
Պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ՝ որպես թեմայի շարունակություն, տեղեկացրեց, որ թիմի համար «ողջունելի» առաջարկ է հնչել, որ պարտադիր չէ բոլորին անդամագրել կուսակցությանը, կարելի է նաեւ «համակիրների խումբ» ձեւավորել. «Պետք չէ կրկնել կուսակցության մեծաքանակությունը, կարեւոր է որակի եւ բովանդակության մասը, բայց քանի որ մարդկանց ցանկությունը մեծ է՝ միանալ կուսակցությանը, այս դեպքում կարելի է այլընտրանքային տարբերակով լուծումներ մտածել, օրինակ՝ համակիրների խումբ ձեւավորել, տարբեր ուղղվածությամբ մարդկանց ներգրավվածություն…»։ Այսինքն՝ ֆանատների խո՞ւմբ։ «Չէ, ֆանատներ պետք չեն, այդ վիճակից պետք է դուրս գալ»։
Թե ով է այս գաղափարի հեղինակը, Լուսինե Բադալյանն ասաց, որ չի հիշում. «Երիտասարդ աղջիկ էր»։
Կա առաջարկ, որ կուսակցությանն անդամագրումը տեղի ունենա առնվազն 2 հնաբնակի երաշխավորությամբ՝ ինչպես Կոմկուսի ժամանակներում էր. մարզերում ձեւավորվեն կուսակցական խմբեր, եւ դիմումները վարչությանը ներկայացվեն երաշխավորությամբ։
Թե ինչու էր համաժողովը փակ, եւ լրագրողները հնարավորություն չունեին լուսաբանելու, ասաց. «Անկեղծ ասած՝ չգիտեմ, հավանաբար երեւի, որ ազատ քննարկենք»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում