Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապատեղեկատվությունը և ատելությունը՝ գլոբալ սպառնալիք

Փետրվար 26,2019 11:28

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը ահազանգել է մարդու իրավունքների ոտնահարումների մասին:​

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 40-րդ նստաշրջանի բացմանը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը ահազանգել է մարդու իրավունքների ոտնահարումների մասին՝ մատնանշելով դրանց բացասական հետևանքները որպես սպառնալիք աշխարհի խաղաղությանն և անվտանգությանը: Հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Ըստ Գուտերրեսի՝ աշխարհի մի շարք երկրներում մարդու իրավունքները օրակարգից դուրս են մղվում՝ խոչընդոտ հանդիսանալով սոցիալական արդարության հաստատման և կյանքի որակի բարելավման համար:

Գուտերեսը մտահոգիչ է համարում մոլորակի գրեթե յուրաքանչյուր հատվածում, այդ թվում՝ համացանցում, քաղաքացիական հասարակության աստիճանաբար նեղացող միտումը։

«Ակտիվիստներն ու լրագրողները հայտնվում են գաղտնալսումների, բռնության սպառնալիքների, և հաճախ՝իրական բռնության և ապատեղեկատվության քարոզարշավների թիրախում: Տեղեկատվական արտահոսքը և դեմքի ճանաչման տեխնոլոգիան անհարկի օգտագործվում են տեղեկատվություն ստանալու և ազատ խոսքի միջամտության համար՝սահմանափակելով երկխոսության հնարավորությունը»:

Գուտերեսն իր անհանգստությունն է հայտնել նաև հակասեմականության և հակամահմեդական տրամադրությունների աճի մասին և ընդգծել, որ ատելության խոսքն ուղիղ սպառնալիք է ժողովրդավարական արժեքներին, հասարակական կայունությանն ու խաղաղությանը:

Նա հավելել է, որ արատավոր այս երևույթը զանգվածային բնույթ է ստանում թե՛ ավտորիտար, թե՛ ժողովրդավարական երկրներում:

Առաջիկա չորս շաբաթվա ընթացքում 47 անդամներից բաղկացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հանգամանալից կքննարկի Գուտերեսի կողմից նշված խնդրահարույց հարցերը, այդ թվում՝ Սիրիայի, Մյանմարի, Բուրունդիի, Հարավային Սուդանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի մարդու իրավունքների մասին զեկույցները:

Խորհուրդը նաև քննարկումներ կծավալի՝ խոշտանգումների, առևանգումների, ահաբեկչության և կրոնի ազատության թեմաներով:

Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս եկավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից՝ անվանելով այն քաղաքական նախապաշարմունքների և մարդու իրավունքների խախտման պաշտպան մարմին:

ԱՄՆ-ը, ինչևէ, կարող է ներկայանալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի առաջիկա նիստերին, սակայն, որպես դիտորդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728