Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ներդրողները, կապիտալը փախչում են հեղափոխությունից». Սամվել Նիկոյան. «Իրատես»

Փետրվար 26,2019 11:12

Նախկին իշխանությունը՝ ՀՀԿ-ն, այս օրերին ինքնակազմակերպվում, ինքնամաքրվում ու իրավիճակից դուրս գալու ելքեր է որոնում։ Սակայն մեծ վիրավորանք համարում նաև, երբ իրենց փորձում են համեմատել այս իշխանությունների հետ։ «ՀՀԿ-ն յուրաքանչյուր օր շատ ավելի ազդեցիկ է դառնում, քան նախորդ օրը, և վստահ եղեք, որ վաղը շատ ավելի ազդեցիկ է լինելու։ Ողջ գործող իշխանության, նրա ընդդիմադիրների համեմատության թեման ՀՀԿ-ն է։ Առանց մեզ ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը չեն կարող։ Մեր ուրվականը բոլորի հետ է, փորձում են համեմատվել մեզ հետ։ Ընդդիմադիրները, այս իշխանությանը վիրավորելով, ասում են, թե նույնիսկ նախկինները նման բան չէին անում, հարգելիներս, մի վիրավորեք մեզ, մի համեմատեք մեզ այս իշխանությունների հետ, դա սրբապղծություն է։ ՈՒզու՞մ եք համեմատվել, փորձեք կրկնել Կարեն Կարապետյանի 2018-ի առաջին եռամսյակի արդյունքները։ Բայց դուք անկարող եք դա անել»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ, որի հետ զրուցեցինք ներքին և արտաքին թեմաների շուրջ։

-Անդրադառնալով ներքին քաղաքականությանը, քաղաքական հեղափոխություն արած քաղաքացուց այսօր պահանջում են լինել տնտեսական հեղափոխության ակտիվիստ։ Դուք ժամանակին ինչո՞ւ ակտիվիստներ չէիք դարձնում մարդկանց, որ տնտեսությունը զարգանար։

-Չկա տնտեսության մեջ հեղափոխություն, տնտեսությունում կարող է լինել թռիչքաձև աճ։ Բոլոր խնդիրների մասին, որոնք այսօր տնտեսության մեջ կան, ՀՀԿ-ն բարձրաձայնել է ու փորձել է լուծել։ Կարեն Կարապետյանի կառավարության վերջին ամիսների՝ 2018-ի առաջին եռամսյակի արդյունքները, կարծում եմ, գործող իշխանությունների համար դառնալու են չգերազանցված։ Շատ պարզ պատճառով. տնտեսական հարցերում հեղափոխական մոտեցումներն անհասկանալի են։ Բոլորը պետք է հասկանան, որ տնտեսությունը հենց հեղափոխություն բառից վախենում է, կապիտալը սիրում է կանխատեսելի և կայուն վիճակ։ Հայաստանում վիճակը ոչ կանխատեսելի է, ոչ էլ կայուն։ Եթե մանկամտորեն մտածում են, որ հեղափոխություն են արել, ու բոլորը կգան ու այստեղ գործ կդնեն, ծիծաղելի է։ Ընդհակառակը ներդրողները, կապիտալը փախչում են հեղափոխությունից։ Ամենամտահոգիչը ներդրումների բացակայությունն է։ Եթե անգամ մեկ-երկու ներդրման ժապավենն էլ կտրել են, դա եղել է նախորդ կառավարության բերած ներդրումը։ 10 ամիս հեքիաթներ են պատմում, թե հեսա-հեսա գումարները հոսելու են Հայաստան, ու՞ր են այդ ներդրումները։

-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախկինում եղել են միայն ախպերների և ախպոր ախպերների ներդրումներ, պատահական մարդիկ Հայաստանում ներդրումներ չեն արել։ Ինչու՞ պատահական մարդկանց չեք թողել Հայաստանում ներդրումներ անել։

-Դա կեղծ քարոզչություն է, կարելի է պարզապես ապշել այն մարդկանց դատողության վրա, որ մտածում են, թե որևէ երկրի ղեկավար չի ցանկանա գան, իր երկրում ներդրումներ անեն և իր քաղաքացու սոցիալական վիճակը լավացնեն։ Յուրաքանչյուր իշխանություն հասկանում է` որքան վատ լինի ժողովրդի սոցիալական վիճակը, այնքան բողոքը իշխանության հանդեպ մեծ է լինելու։ Անգամ ինքնապաշտպանության բնազդը կստիպի, որ այդ հնարավորությունն օգտագործի։ Բայց Հայաստանն անգամ այն ժամանակ համարվում էր ռիսկային գոտի, ոչ բոլորն էին ցանկանում ներդրումներ կատարել։ Հիմա առավել ևս շատ քչերը կհամաձայնեն ներդրումներ անելու։ Եթե որևէ մեկը կարողացել է ընկերոջը, բարեկամին, ծանոթի ծանոթին բերել Հայաստան, շատ ավելի լավ, կարևորը ներդրումն է։ Եթե այսօր Ռուսաստանի մի մեծահարուստի ինչ-որ մեկը ծանոթ է ու գնում համոզում է, որ Հայաստանում ներդրում անի, ուրեմն փառք ու պատիվ իրեն։ Ներդրումներն այդպես են լինում, հո լուսնից չե՞ն իջնելու։ Թշնամին չի գալիս թշնամական երկրում ներդրումներ անելու, կամ երբ իշխանության ղեկավարների հանդեպ կասկածներ ունեն, ներդրումներ չեն անում։ Մինչև ներդրումներ անելը տևական գործընթաց է գնում, ուսումնասիրում են երկիրը, քննարկումներ, հանդիպումներ ունենում, վստահություն ձեռք բերում և հետո բիզնես սկսում։

-Ասում են՝ մենաշնորհներ, կոռուպցիա չկան։ Համամի՞տ եք։

-Բոլոր այն մարդկանց, որոնց հատուկ մանիպուլյատիվ քարոզչության պատճառով ազգի, ժողովրդի թշնամի էին հռչակում, բոյկոտում էին խանութները, մի քվեարկությամբ դարձան հերոսներ, ժողովրդի մարդիկ։ Սա է մեր իրողությունը, եթե նախկին իշխանության հետ ես, օլիգարխ ես, եթե իմ` սեփականատեր։ Ինչ վերաբերում է մենաշնորհներին, կոռուպցիային, Կարեն Կարապետյանը վարչապետության առաջին օրերից հայտարարեց, եթե որևէ մեկը ուզում է ապրանք ներկրել և խոչընդոտների է հանդիպում, թող զանգի այս համարով։ Այն ժամանակից արդեն այդպիսի խնդիրներ չկային։ Բանանի հետ կապված պատմությունը հիշում ենք։ Հասկանում եմ, որ այս 10 ամիսներին մեր ազգային «սիմվոլի»՝ բանանի շուկայի ազատականացման հարցում մեծ հրճվանք ապրեցինք, բայց ոնց որ գինն էլի նույնն է մնացել։ 10 ամսվա ընթացքում այդ ո՞ր ապրանքի շուկայում է փոփոխություն եղել, կարո՞ղ են ասել, որ շաքարավազի 50 տոկոսը ներկրում է Պողոսյան Պողոսը։ Չեն կարող, որովհետև այդպես չէ։ Սա փոքր շուկաների օրինաչափություն է, բոլոր փոքր երկրները չեն խրախուսում, բայց չեն էլ արգելում մենաշնորհը։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728