ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թ-ի մայիսին դուրս է եկել Իրանի միջուկային գործարքից եւ, ԻԻՀ դեմ պատժամիջոցներ սահմանելով՝ նպատակ ունի Իրանին համոզել վերանայման ենթարկել Համատեղ Գործողությունների Համապարփակ ծրագրի որոշ կետերը և Իրանի հրթիռային ծրագրի շուրջ բանակցել նոր պայմանավորվածության հանգելու նպատակով:
ԻԻՀ հոգևոր իշխանությունները և արտաքին գործերի նախարարությունն ու ազգային անվտանգության գերագույն խորհուրդը, ինչպես նաև համակարգի այլ դերակատար կառույցներ, ներառյալ Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսը բազմիցս հայտարարել են, որ Իրանը երբևէ պատրաստ չե ՀԳՀԾ-ի շուրջ վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի ու Արևմուտքի հետ և խիստ մերժել են Իրանի բալիստիկական հրթիռների զարգացման ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի ներկայացրած պահանջները:
Թեև ԱՄՆ-ի տնտեսական և նավթային պատժամիջոցները կարող է մարդկանց ներքաշել մեկ այլ հեղափոխության մեջ, բայց եթե Իսլամական Հանրապետությունը փլուզվի, ապա ինչ մնում է Իրանի և տարածաշրջանի համար կարող է քաոսային իրավիճակ ստեղծել ամբողջ տարածաշրջանում:
Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական խիստ կարևոր դիրքը տարածաշրջանում Իրանի քաղաքական և տնտեսական զարգացումները անվիճելիորեն կարող են ազդել Հայաստանի հետագա զարգացումների վրա, այն էլ այս խիստ զգայուն պայմաններում, երբ Հայաստանը Թավշյա հեղափոխությունից հետո փորձում է նոր կառավարություն ձևավորել եւ Եվրա-ատլանտյան ու Եվրասիական ուղղություններով վերադասավորել իր արտաքին քաղաքականությունը:
Միացյալ Նահանգները ներկայումս վարում է Իրանի իսլամական համակարգի փլուզման քաղաքականություն, թեեւ այս քաղաքականությունը կարծես թե շարժվում է դեպի մեկ այլ նպատակի, այն է` Իրանի հրթիռային ծրագրերի սահմանափակման կամ զսպման ուղղությամբ, սակայն պարզ է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը ցանկանում է, որ Իսլամական Հանրապետությունը փլուզվի: Չնայած պատժամիջոցների պատշաճության և ազդեցության մասին քննարկումներին, թվում է, որ ոչ ոք չի մտածում Իրանի ապագայի մասին և այն ազդեցությունը, որ կարող է ունենալ Իրանում իշխանափոխությունը տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա: Միջազգային ԶԼՄ-ները հաճախ են պաշտպանում Վաշինգտոնի մեկնաբանություններն Իրանի ապակայունացնող դերակատարության մասին տարածաշրջանում, հաճախ անտեսելով, որ ԻԻՀ արդեն 40 տարի է, որ ակտիվ մասնակցություն ունի Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական և էներգետիկ հավասարությունների ձևավորման ոլորտում և Իսլամական համակարգի գոյության և չգոյության պայմաններում հնարավոր չէ Իրանին հանել Մերձավոր Արևելքի քաղաքական և տնտեսական դաշտից:
«Վաշինգտոն Փոստ»-ի վերլուծաբան Անն Օպելբավեմը գրել է. «Իրանի մասին, ամեն ինչ նույնիսկ նման համակարգի փլուզումը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ տարածաշրջանի համար: Իրանի տնտեսությունը վերահսկվում է այն ընկերությունների կողմից, որում մեծ ազդեցություն ունեն իսլամական հեղափոխական պահապանների կորպուսը: Իրանի բանկերի մեծ մասը ուղղակիորեն պատկանում է կառավարությանը: Իրանի դատական համակարգը գտնվում է հոգեւոր իշխանության վերահսկողության ներքո: Իրանի կրթական համակարգը մի քանի տասնամյակ կրոնական գաղափարախոսության ազդեցության տակ է եղել: Ճիշտ է, երկրի ներսում և արտասահմանում լիբերալիզմի եւ մարդու իրավունքների հիմնական ոլորտներում շարունակական գործողություններ են ընթանում, սակայն Արեւմուտքը կառավարություններից սկսած մինչև ոչ կառավարական ինստիտուտները, հասարակական կազմակերպությունները եւ լրատվամիջոցները շատ բան չեն անում, որպեսզի օգնեն այդ գործընթացների տարածմանը Իրանում»: ( http://irdiplomacy.ir/en)
Այնուամենայնիվ, չնայած այդ պատժամիջոցները մեծ դժվարություններ կառաջացնեն Իրանի ժողովրդի համար, սակայն շատ հավանական է, որ դա կհանգեցնի ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփի պահանջների իրականացմանը: Իրանը ֆինանսական ծանր ճնշումներ է դիմագրավում, բայց քանի որ 1990-ականներին Իրաքի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված ծանր պատժամիջոցները չհաջողվեցին տապալել Իրաքի դիկտատոր Սադամ Հուսեյնի ռեժիմը, հազիվ թե այդ պատժամիջոցները կարող են փոխել Իրանի վարչակազմը:
Իրանի միջուկային գործարքից հեռանալու մասին Դոնալդ Թրամփի որոշումը եւ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումից ի վեր եվրոպացիները հայտարարել են, որ դեմ են այս մոտեցմանը: Թվում է, թե նրանք փորձում են Վաշինգտոնի հետ վիճարկել ՀԳՀԾ-ի հարցով, սակայն մինչ այժմ նրանց առաջարկած ֆինանսական հատուկ նշանակության մեխանիզմի անարդյունավետությունը թանկ է նստել Թեհրանի համար:
Եվրոպական երկրների տարած ջանքերը`Իրանի հետ առեւտուրը պահպանելու համար, որպես պատասխան ԱՄՆ պատժամիջոցների հետեւանքների մեղմացման, նմանում է թակել փակ դուռը: Եվրոպական քաղաքական գործիչները կարծեք թե խուսափում են առկա իրականությունը ընդունել, քանի որ անդամ երկրների ընկերություններից ոչ մեկը չի աջակցել ֆինանսական հատուկ նշանակության մեխանիզմի գործադրմանը:
Ֆինանսական վերլուծաբանների կարծիքով, նույնիսկ ԵՄ-ի լիակատար աջակցությունը ՀԳՀԾ-ին, և ֆինանսական հատուկ նշանակության մեխանիզմը չեն կարող պաշտպանել ԵՄ ընկերություններին ԱՄՆ պատժամիջոցներից: Եվրոպական նշանակալի պետությունների տված խոստումների չկատարվելը և ֆինանսական մեխանիզմի ձախողումը, Իրանի կողմից կարելի է համարվել դավաճանություն եւ դա կհանգեցնի Իրանի միջուկային գործարքի ավարտին և հրթիռային ծրագրերի առավել ակտիվ շարունակմանը: Դա կարող է հանգեցնել նաեւ Իրանում պահպանողական-ծայրահեղական թևի ամրապնդմանը, ովքեր անհամբեր պատրաստվում են 2020 թ.-ի նախագահական ընտրություններին:
Մինչ օրս Իրանի իշխանությունները դիմադրել են նոր պատժամիջոցներին: Նրանք հավատարիմ են ՀԳՀԾ-ի հանդեպ իրենց պարտականություններին, չնայած ռազմական հնարավորությունները ավելացրել են եւ չեն հրաժարվել տարածաշրջանային հավակնություններից: Իհարկե, ԱՄՆ-ի ճնշումները վնաս է հասցրել երկրի տնտեսությանը, սակայն մինչ արեւմտյան եւ ասիական երկրների պաշտոնյաները խոստացել են դիմադրել ԱՄՆ պատժամիջոցներին, արտասահմանյան ընկերությունները, որոնք ներդրումներ են կատարում Իրանում, դուրս են գալիս երկրից: ԱՄՆ-ի կողմից սահմանված երկրորդ պատժամիջոցներից հետո ավելի շատ ընկերություններ որոշեցին հեռանալ Իրանից:
Այնուամենայնիվ, Իրանի պատժամիջոցներին դիմակայելու ունակությունը չպետք է թերագնահատել, հատկապես հաշվի առնելով, որ համակարգը ամրապնդեց առեւտրատնտեսական կապերը իր խոշոր գործընկերների, այդ թվում `Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ: Ռուսաստանի դեպքում, ռազմավարական գործընկերության եւ զենքի վերաբերյալ համաձայնագրերի երկկողմ հարաբերությունները հանգել են համատեղ ներդրումների:
Չինաստանը նաեւ ֆինանսավորել է բազմաթիվ ծրագրեր, այդ թվում երկաթուղիներ և հիվանդանոցների կառուցման և նոր տեխնոլոգիաներ տեղափոխելու համար:
Հնդկաստանը նաեւ ազատվել է ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցներից: Հնդկաստանը համագործակցում է Իրանի հետ` Օմանի ծովում գտնվող Չաբահարի նավահանգստի ծովային հատվածը կառուցելու համար` իր հարավային թշնամի Պակիստանի ազդեցության գոտուց դուրս գալու և, Աֆղանստանին ու Կենտրոնական Ասիային միանալու նպատակով:
Ներկայիս դրությամբ Իրանը խիստ կարիք ունի արևմտյան տեխնոլոգիաների և կապիտալի ներգրավմանը, որպեսզի կարողանա զարգացնել երկրի հիմնակառույցները և բազմավեկտոր քաղաքականության վարելով շրջանցել ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները:
Ահա այստեղ Իրանը նաև կարևորություն է տալիս իր հյուսիս արևմտյան հարևան Հայաստանի հետ հարաբերություններին: Ստեղծված պայմաններում Հայաստանը կարող է չեզոքությունը պահպանելով և Եվրամիության կողմից փոքր և միջակ ընկերություններին թույլ տված առևտրային ազատությունը օգտագործելով փոքր և միջին բիզնեսի ոլորտներում շարունակել իր համագործակցություններն ու ներդրումն Իրանի մեծ շուկայում: Հայաստանն իր IT ոլորտում արձանագրած բարձր հաջողություններով կարող է օգտակար հանդիսանալ հարևան երկիր Իրանին տնտեսական և ֆինանսական ճնշումները մեղմելու գործին, իսկ Հայաստանի բանկերը կարող են ԵՄ-Իրան ֆինանսական փոխանակումներում ազդեցիկ և դրական դեր ստանձնել, մի հարց որով խիստ շահագրգռված են Իրանի իշխանությունները: Չնայած բանկային փոխանակումների ոլորտում Իրանի դեմ սահմանված արգելքներին և ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ համագործակցող ցանկացած կողմի վրա գործադրվող ճնշումներին, Հայաստանը այդուամենայնիվ Հայաստանը կարող է Եվրամիություն, ԱՄՆ և ԵԱՏՄ-ի հետ ունեցած իր կապերն ու ազդեցությունն օգտագործել, որպես կամուրջ Իրանի, միջազգային շուկայի և ասիական երկրների հետ առևտրա-ֆինանսական կապերը շարունակելու համար: Չմոռանանք, որ ներկա դրությամբ Հայաստանը ևս Թուրքիայի և Ադրբեջանի կողմից գտնվում է ցամաքային շրջափակման պայմաններում և դեպի ազատ ջրեր հասանելիություն ունենալը խիստ անհրաժեշտ է ՀՀ համար: Հայաստանի փոքր և թույլ տնտեսությունը նաև կարիք ունի ազատվել Ռուսաստանի գերիշխող տնտեսական պարտադրանքներից և ազատ առևտուր ծավալել հարևան երկրների և միջազգային շուկայի հետ:
Հաշվի առնելով Իրանի կարիքը հարևան և բարեկամ երկրների աջակցությանը Հայաստանը իր տեխնոլոգիական, արդյունաբերական, գյուղատնտեսական հնարավորություններով և ֆինանսական ու միջազգային հարաբերություններով՝ կարող է նպաստել հարևան երկրի ճնշումները թեթևացնելու քայլերին, պայմանով որ լուրջ դիվանագիտական քայլեր ձեռնարկի Իրան-ԱՄՆ, Իրան-ԵՄ և Իրան-Ռուսաստան հարաբերություններում հավասարակշռությունը պահպանելու և Հայաստանի ազգային շահերը պաշտպանելու ուղղությամբ: Դա պետք կատարվի Հայաստանի ազգային շահերից ելնելով և ոչ թե Ռուսաստանի թելադրանքով և կամ ինչ որ երրորդ ուժի կողմից Հայաստանին պարտադրվող սահմանափակումների շրջանակում: Հայաստանն այսուհետ կարող է իր սեփական շահերն ապահովելու նպատակով ինքնուրույն և ազատ քաղաքականություն ձևակերպել ցանկացած հարևանի կամ երկրի հետ: Իրանը, հարևան երկիր Հայաստանին դիտում է որպես կամրջող կապ դեպի Եվրամիության և Եվրասիական երկրներ և տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար կարիք ունի Հայաստանի օգնությանը: Հայաստանը ևս կարիք ունի դեպի Ասիական և արաբական աշխարհի շուկաները դուրս գալու ծովային ճանապարհների և այս հնարավորությունն Իրանը կարող է տալ Հայաստանին: Այստեղ երկու երկրի շահերը համընկնում են միմյանց հետ և կողմերից յուրաքանչյուրը կարող է համապատասխան քայլերով ապահովել իր սեփական շահերը տարածաշրջանում: Միայն մնացել է Հայաստանի հետհեղափոխական շրջանում երկրում ձևավորվող իշխանությունները Իրանի հետ հարաբերությունները կառուցեն նոր որակի ու փոխադարձ շահերի ապահովման հիման վրա և ԻԻՀ-ը հավաստել, որ Հայաստանը այլևս Ռուսաստանի վարած տարածաշրջանային քաղաքականության կցորդը չէ և այսուհետ կարող է ինքնուրույն ձևավորել իր տարածաշրջանային քաղաքականությունը և միջազգային հարաբերությունները:
Սահակ Շահմուրադյան
Թեհրան