Փետրվարի 25-ին ԵՊԼՀ ԹՄՀ ֆակուլտետի անգլերեն-հայերեն թարգմանչական բաժնի 1-ին կուրսի 2-րդ խմբի ուսանողները հայոց լեզվի դասախոս Գ. Վերդյանի հետ միասին իրենց դասը նվիրել էին Մայրենիի օրվան:
Միջոցառման մասնակից, ԵՊԼՀ հայագիտության ամբիոնի վարիչ Գ. Գևորգյանը իր խոսքում ընդգծեց, որ ուսանողների այս նախաձեռնության շնորհիվ ԵՊԼՀ-ն անմասն չի մնում երկրում նշվող հիշարժան օրերը կարևորելուց. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԹՄՀ ֆակուլտետի I-ին կուրսի II-րդ խմբի Թարգմանչական գործ` անգլերեն-հայերեն մասնագիտության ուսանողուհիներին այս գեղեցիկ նախաձեռնության համար: Ամբողջ խումբը մասնակցում էր միջոցառմանը: Սա լավ հատկանիշ է, քանի որ չէր կարևորվել, թե ով է ավելի լավ ասմունքում կամ ընթերցում: Կարևորը դա չէր: Կարևորն այն էր, որ խումբը համախմբված էր, և բոլորը ցանկություն էին հայտնել մասնակցելու այս միջոցառմանը:
Ես կարծում եմ՝ մյուս խմբերը ևս այսուհետև միջոցառումներ կազմակերպելիս պետք է հաշվի առնեն այս հանգամանքը, որի շնորհիվ ավելի համախմբված կլինեն: Մայրենիի օրը նշվում է ամեն տարի, սա իսկապես կարևոր և հիշարժան օր է, իսկ մենք ինչո՞վ ենք նպաստում, որ մեր լեզուն, որով խոսում ենք, որը սիրում ենք, և որի մասին այստեղ ջերմ խոսքեր ասվեցին, բանաստեղծություններ արտասանվեցին, առավել հղկվի, մաքրվի սխալ գործածվող ձևերից: Ի՞նչ ենք անում, որ սովորենք անսխալ խոսել մայրենի լեզվով»,- ապա նաև հավելեց.
«Սիրելի՛ ուսանողներ, «Հայոց լեզվի» դասընթացի շրջանակներում հայագիտության ամբիոնի դասախոսները օգնում են, որ կարողանաք ձերբազատվել ձեր խոսքային սխալներից, բացատրում են, թե ինչու պետք է չօգտագործել այս կամ այն մերժելի ձևը: Դուք պետք է ականջալուր լինեք նրանց և հետևեք ձեր խոսքին: Չէ՞ որ այսօրվա հրամայականն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի լիարժեք տիրապետի հայերեն գրավոր և բանավոր խոսքին, կարողանա ցանկացած ձևով ու ոճով արտահայտել իր մտքերը, զգացմունքներն ու հույզերը»:
ԵՊԼՀ