Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը փետրվարի 25-ի երեկոյան հայտարարել է իր հրաժարականի մասին. Նա այս պաշտոնը վարում էր 15 օգոստոսի 2013 թվականից՝ Ռոհանիի նախագահ ընտրվելուց հետո: Ռոհանիի խոսնակը հայտնել է, որ նախագահը այս հրաժարականի կապակցությամբ դեռևս դիրքորոշում չի արտահայտել: Վերջերս ավելի են սրվել նախագահի կողմնակիցների և ծայրահեղականների հարաբերությունները. հակասության թեմաներն են արտաքին քաղաքականությունը, հարաբերությունն արևմուտքի հետ, տնտեսությունը և սոցիալական հարցերը:
Մեկնաբաններն այս հրաժարականի մասին ներկայացնում են տարբեր փաստեր: 25 փետրվարին Իրանում է եղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը. երկրի հեռուստատեսությամբ ցուցադրել են կադրեր, որտեղ հեղափոխության առաջնորդ պրն Խամենեին ընդունում է Սիրիայի նախագահին. պրն Խամենեին հազվադեպ է ընդունում արտասահմանցի հյուրերի, բայց նրանց ընկերակցում են նախագահը և կառավարության անդամներ: Այս կադրերում երևում են միայն զինվորականներ և պրն Խամենեիի գրասենյակի անդամներ, Ռոհանիի և Զարիֆի բացակայությունը մեկնաբանությունների տեղիք է տալիս. որոշների կարծիքով չի բացառվում նաև, որ այցը համաձայնեցված չի եղել արտգործնախարարության հետ: Ռոհանիի կառավարությունը Սիրիայում Իրանի ներկայության համար ունեցել է վերապահություններ:
Զարիֆը համարվում է ԱՄՆ-ի հետ երկարատև բանակցությունների ճարտարապետը. Ռոհանին և Զարիֆը 2015 թվականի ամռան հաջողեցին համաձայնության գալ ԱՄՆ վարչակարգի և մյուս գերտերությունների հետ և կնքել «Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման համապարփակ պլան»-ը: Դրանով վերջ տրվեց ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին, որն անշուշտ կարճ կյանք ունեցավ և նախագահ Թրամփը 2018 թվականի մայիսին վերականգնեց այդ պատժամիջոցները: Իրանի ծայրահեղականները երբեք չներեցին Զարիֆին, ափսոսանքով հիշեցին այն բոլոր աշխատանքները, որ Իրանը տարել էր միջուկային տեխնոլոգիաների զարգացման համար և այդ ճնշումների հետևանքով կանգ տրվեց: Մեկնաբանների կարծիքով, ծայրահեղականները պրն Զարիֆին հասկացնել են տվել, որ եկել է նրա հրաժարականի ժամանակը և իրենց կոշտ գծի հետևորդներ են պետք՝ կոշտությամբ հայտնի Թրամփի հետ կռիվ տալու համար:
Զարիֆը երկու առաջ դարձյալ դիմել էր «Վարչակարգի նպատակահարմարության խորհրդին» և խնդրել էր վավերացնել «Պալերմոյի արձանագրություններ»-ը և «Ահաբեկչության ֆինանսավորման ապահովման» միանալու Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի որոշումը: ԻԻՀ-ի կառավարությունն այս կապակցությամբ մինչ այժմ չորս նախագիծ էր ուղարկել խորհրդարան, որը վավերացվել էր, բայց հաստատման փուլում հանդիպել էր Սահմանադրության Պահապան Խորհրդի ընդդիմության. Պահապան Խորհուրդը մասամբ էր հաստատել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքները: Իրանի Սահմանադրության համաձայն՝ Խորհրդարանի և Պահապան Խորհրդի տարաձայնության դեպքում հարցը հղվում է «Վարչակարգի նպատակահարմարության խորհրդին».
Զարիֆն անգամներ այցելել է Հայաստան և աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարներից Էդվարդ Նալբանդյանի և Զոհրաբ Մնացականյանի հետ: Չի թվում, որ ԻԻՀ-ի արտգործնախարարի հրաժարականը փոփոխի ՀՀ վարչապետի Իրան կատարելիք այցի ժամանակացույցը: ՀՀ վարչապետը 27-28 փետրվարին լինելու է Իրանում:
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ
Լուսանկարում՝ այս տարվա փետրվարի 16-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպել էր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: