Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է իր եւ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի «կապի» մասին անհեթեթ խոսակցություններին՝ համոզիչ կերպով հերքելով «հոգեզավակի» մասին քարոզչական հեքիաթը: Այն, ինչ այս թեմայով գրել է առաջին նախագահը, վստահ եմ, որ ճշմարտություն է, եւ այդ բացատրություններից հետո գոնե չնախապաշարված մարդկանց համար այդ թեման վերջնականապես կփակի: Ես էլ, երբ ինձ հարցնում էին այդ առասպելական «հոգեզավակության» մասին, մշտապես պատասխանում էի, որ Նիկոլ Փաշինյանը դժվար թե որեւէ մեկի խորհուրդը հարցնի եւ ավելի անհավանական է, որ այդ խորհրդին հետեւի: Ի դեպ, վարչապետի այդ հատկանիշը որքան առավելություն է, այնքան էլ՝ թերություն:
Հարցեր է առաջացնում Տեր-Պետրոսյանի տեքստի վերջին պարբերությունը, որտեղ օգտագործվում են «հակապետական», «ազգային դավաճանություն», «պատերազմ» եւ այլ նման թունդ արտահայտություններ: Ինչ խոսք, դա տեղավորվում է վերջին 30 տարվա մեր քաղաքական հռետորաբանության շրջանակներում. «ազգային դավաճան» էին սկզբից կոմունիստները, այնուհետեւ ինքը՝ Տեր-Պետրոսյանը եւ ՀՀՇ-ն՝ հատկապես 1998-ից հետո, երբ նրանք «պարտված» ռեժիմ էին եւ «ռեւանշիստներ»: «Ժողովրդին պատերազմ էին հայտարարել» Հայաստանի բոլոր երեք նախագահները եւ վաղն, անշուշտ, նման բաներ են ասելու նաեւ վարչապետ Փաշինյանի մասին:
Արդյոք այս պահիս կա՞ն Հայաստանում մարդիկ, որոնք «վառված» են իշխանությունը կորցնելու պատճառով եւ գրեթե ամեն օր արտահայտում են իրենց «աբիժնիկական» հույզերը, ասում են, որ առանց իրենց Հայաստանը կործանվում է եւ այլն: Իհարկե, կան: Բայց դրա մեջ չկա որեւէ անսովոր եւ արտառոց բան: Նման մարդիկ եղել են եւ միշտ կլինեն, նրանք մշտապես կփորձեն վարկաբեկել օրվա իշխանություններին: Բայց դա ոչ դավադրություն է, ոչ էլ պատերազմ՝ դրանք մի խումբ մարդկանց միանգամայն հասկանալի զգացմունքներ են: Ես կհամաձայնեի այն հեղինակների հետ, որոնք կոչ են անում ուշադրություն չդարձնել այն մարդկանց ասածներին: Մյուս կողմից, այդ մարդիկ իրավունք ունեն արտահայտվելու, եւ լրատվամիջոցներում նրանց ի հայտ գալուն պետք է հանգիստ վերաբերվել:
Իսկ այդ խմբի կողմից արտահայտած մտքերին «դավադրական» նշանակություն տալը, նրանց ելույթների կարեւորությունը չափազանցնելը որոշակի վտանգ է ներկայացնում հասարակական մթնոլորտի տեսանկյունից: Իշխանության հասցեին ցանկացած քննադատությանը կարելի է կպցնել «նախկինների» կողմից կազմակերպված «ազգային դավաճանության» պիտակը, եւ եթե որեւէ երեւույթի տրված բացասական, ոչ հրճվալից գնահատական ընկալվի հենց այդ տեսանկյունից, ապա դա ոչ այլ ինչ է, քան անտեղի կասկածամտություն: Կարծում եմ, դա Նոր Հայաստանին հարիր մոտեցում չի: Եվ ամենակարեւորը՝ դրանով մեծ ծառայություն չի մատուցվում ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Շատախօս կերպով, չի նշանակեր «համոզիչ կերպով»:
Իսկ «նախապաշարումը» երկու ուղղութեամբ կը գործէ, երբ որ հարցը կու գայ անձի մը ըսածները ընդունելու, կուլ տալու որպէս բացարձակ ճշմարտութիւն, կամ ոչ:
Հոգեզաւակ, մոգեզաւակ, անճոռնի բառերը մէկդի դրած, անհերքելի է որ նիւթի առարկայ, բարձրաստիճան երկու քաղաքական գործիչները սերտ դաշնակիցներ եղած են, մինչեւ այդ ծայրագոյն կացութիւններին մէջ, զորս բոլորս գիտենք: Կրակի եւ արեան մէջ կնքուած քաղաքական դաշինք մը, ուրեմն: Մէկը միւսին ձեռքէն բռնած: Բացի ամենավերջին պահուն, երբ մէկը աւելի խելացի գտնուեցաւ: Վերջապէս, փորձառուն ան էր…
Նոյնիսկ եթէ այդ աղետալի դէպքերէն ետք իրարու հետ ուղղակի յարաբերութիւնները խզած են, բացայայտ եւ անհերքելի է երկուքին միջեւ մտածողութեան, մտածելակերպի, մօտեցումներու, եւ գաղափարախօսութեան սոսկալի նմանութիւններ, որոնք ճակատային, բեւեռային, բի՛րտ կերպով կը հակադրուին՝ համայն Հայութեան մէկ նշանակալից մասի գաղափարներուն, համոզումներուն եւ դիրքորոշումներուն:
Ի դէպ, իր կարծիքին համեմատ որեւէ այլախոհութեան դէմ Փաշինյանը կատաղի պոռթկումները իսկ հար եւ նման Տեր-Պետրոսյանը վարգագիծը կը վերարտադրեն: Ինչպէս նաեւ նպատակը-կ’արդարացնէ-միջոցների մօտեցումը: եւայլ՜ն, եւայլն
«Ազգային դավաճան» ն ալ ձեր այդտեղի տիպականօրէն չափազանցեալ, ծայրայեղ խօսակցակերպին կը պատկանի: Այս երկու մարդիկը, իրենց հետեւորդներով, պարզապէս՝ ապազգային գաղափարաբանութեան տէր մարդիկ են: Առաւել, խոր արհամարհանք ունին բոլոր այն հայերուն հանդէպ որոնք կը ժպրհին համաձայն չըլլալ իրենց հետ, յատկապէս ազգային ըմբռնողութեան բնորոշման, ազգութեան էական սահմանումի կապակցութեամբ: Այս է խնդիրը, եւ շատ խոր է: Անդարմանելի:
Եթէ վերոշնեալ բոլոր նմանութիւնները չլինէին, լիովին վստահ եղէք որ, երեսուն տարիներ ետք, ոչ ոք նուազագոյն փափաքը ունէր տակաւին ու նորէն Լեւոն Տեր-Պետորսյանին անունը իսկ լսելու: Նամանաւանդ ոչ անոնք որոնք զինք «ազգային դաւաճան» կրնան կոչել, որովհետեւ ջղայնացած են. կամ ալ իրեն պէս վարպետօրէն խօսիլ եւ ճարպիկօրէն գրել չեն գիտեր, պարզ, ազգասէր հայեր են:
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
«Հիւանդ Անկախութիւնը», 1993 ՝
https://haytougchamlian.blog/հիւանդ-անկախութիւնը/
(քառորդ դար յետոյ, անշուշտ թէ նոյն… անզիջողութիւնը չունիմ, եւ կարգ մը բաներ աւելի լաւ հասկցած եմ. սակայն ցաւը կը մնայ եղածին պէս նոյնը, մինչ ներազգային վնասները այժմ կ’աւելնան. նոյն, հին վէրքերը, նորէն բացուեցան)
՛՛ Մյուս կողմից, այդ մարդիկ իրավունք ունեն արտահայտվելու, եւ լրատվամիջոցներում նրանց ի հայտ գալուն պետք է հանգիստ վերաբերվել: ՛՛
Ես պիտի ըսէի որ իրաւունք չունին -Այն բոլոր յայտնագործութիւնները որ օրէ օր կը հրապարակուին իրնց գողութիւններու և անիրաւութիւններու մասին /որ միայն Մանուէլներու և Շմայսներու չեն վերաբերիր ցաւօք /,լաւ կ՛ընեն 25/30 տարի մը քարանցաւ մը երթան ծածկուին ևգալիք սերունդներու թողուն ՛՛ կասկածներով՛՛ մօտենալու մեր ներկայ տեսակէտներուն — Աներեսութիւնն ու լկտիութիւնն ալ սահման մը ունին -Որքան որ ՛՛ խօսքի ազատութեան ՛՛ սկզբունքը իրաւունք կու տայ –
բայց անմբռնելի է թէ ինչպէս կորսնցուցած են մարդկային արժանապատւութեան տարրական զգացումը ?
Այո՜…