Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետ. «Ես ավելի շատ զբաղված եմ եղել կրթության, այսպես ասած, հրդեհների մարմամբ, այսինքն` տարատեսակ վեճերի ու տարաձայնությունների քննարկմամբ»

Փետրվար 25,2019 22:43

Շիրակի մարզպետն այսօր հանդիպել է մարզի դպրոցների տնօրենների հետ: Աշխատանքային առաջին հանդիպման ընթացքում Տիգրան Պետրոսյանն անդրադարձել է ոլորտի հիմնահարցերին ու դրանց լուծմանը միտված առաջիկա անելիքներին: Նշելով, որ կրթությունը պետության կողմից մարզում իրականացվող ամենամեծ ծրագիրն է, որի ֆինանսավորումը մարզի ֆինանսավորման առյուծի բաժինն է տանում, Շիրակի մարզպետն ընդգծել է, որ այդ բնագավառն ամենաշատ խնդիրներն ունի:

«Այն, որ կրթական գլոբալ ճգնաժամ կա ողջ աշխարհում գաղտնիք չէ որևէ մեկի համար, բայց որ մեզ մոտ խնդիրները երբեմն դեռ կենցաղային մակարդակի վրա են՝ մտահոգիչ է: Աշխատանքային այս մի քանի օրերի ընթացքում ես ավելի շատ զբաղված եմ եղել կրթության, այսպես ասած, հրդեհների մարմամբ, այսինքն` տարատեսակ վեճերի ու տարաձայնությունների քննարկմամբ, սա ինձ մտահոգում է: Ես հասկանում եմ, որ կրթության կազմակերպիչները նախկինում, իրավիճակից դուրս գալով, դարձել են քաղաքական անառողջ խաղերի սկզբից մասնակիցներ, հետո նաև դերակատարներ, դարձել են տնտեսական կապերի շահաբաժին ձեռք բերելու գործիք ու արդյունքում տուժվել է կրթական ողջ գործընթացը: Հիմա փոխվել է ամեն ինչ»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:

Մարզպետը վստահեցրել է, որ այսուհետ կրթական գործընթացներին ու կրթության կազմակերպիչների նկատմամբ վերաբերմունքը հստակ է լինելու, յուրաքանչյուր պատասխանատու իր աշխատանքում ազատ է լինելու՝ իրականացնելու օրենքով սահմանված լիազորություններն ու պարտականությունները:

«Մեր կրթության վարչությունն այսօր հստակ հանձնարարական է ստացել մշակելու Շիրակի մարզի կրթության զարգացման «ճանապարհային քարտեզ», որի միջոցով մենք կնախանշենք մեր առաջնահերթություններն ու դրանց լուծմանը միտված ձեռնարկները: Ձեզ նաև ուզում եմ տեղեկացնել, որ մենք արդեն որոշակի գործիքներ ենք մշակում խնդիրների լուծման համար: Առաջին քայլերից մեկն է լինելու ուսուցիչների բանկի ստեղծումը, որը հնարավորություն կտա համակարգից դուրս մնացած մասնագետներին աշխատանք գտնելու: Կստեղծենք նաև Շիրակի մարզի կրթության զարգացման աշխատանքային խումբ, որն իր բնույթով լինելու է ավելի շատ խորհրդակցական մարմին, ինչը հնարավորություն է տալու մարզպետին որոշումների կայացման հարցում ունենալ նաև մասնագիտական եզրակացություն»:

Շիրակի մարզպետը նախանշել է այն երկու կարմիր գծերը, որոնցից անցնելու դեպքում նպատակահարմար չի համարելու աշխատել տվյալ պատասխանատուների հետ, դրանցից մեկը այն դեպքն է, երբ գիտակցված գործողությունների արդյունքում տուժել է պետության հեղինակությունը: Երկրորդն այն դեպքն է, երբ գիտակցված գործողության արդյունքում խաթարվել է մարդկանց հավատը իրականացված փոփոխությունների նկատմամբ:

Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը հորդորել է տնօրեններին լինել ավելի նախաձեռնողական, հանդես գալ նորարար գաղափարներով, որոնց իրականացմանը միտվելու են բոլոր պատասխանատուների ջանքերը:

Շիրակի մարզպետարանի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728