ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օրերս Իրանի Իսլամական հեղափոխության 40-ամյակի հոբելյանին Երկրի նախագահ Հասան Ռոհանին իր ելույթում խոսել է նաև պատմականորեն կորսված տարածքների մասին, այդ թվում՝ Իրանի հյուսիսային շրջանների: Ադրբեջանական քարոզչամիջոցներից մեկի՝ minval.az-ի հեղինակը նշում է, որ բոլորի համար պարզ է, թե խոսքն ինչի մասին է՝ Ադրբեջանի: Ի դեպ ադրբեջանական մամուլն այս փաստին անդրադառնում է հատկապես Վարչապետ Փաշինյանի ԻԻՀ սպասվող այցի համատեքստում:
Այն, որ մեր բարեկամ Երկրի ղեկավարի խոսքի իրական հասցեատերը մեր հակառակորդ հարևանն է՝ կասկած չի հարուցում: Սակայն արդյո՞ք այն կարող է որակվել որպես յուրատեսակ քաղաքական կանխարգելիչ զգուշացում Ադրբեջանի ղեկավարին՝ կապված Հայաստանի տարածքների հանդեպ վերջինիս անթաքույց նկրտումների հետ: Քանի որ մեծ քաղաքականության մեջ ոչ մի բան պատահական չի լինում, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության պարագայում՝ առավել ևս, ապա պետք չէ բացառել, որ իր այդ հայտարարությամբ ԻԻՀ Նախագահը ոչ միայն զգուշացնում է բոլոր նրանց, ովքեր իրենց քաղաքական հավակնություններին տուրք տալով կարող են գնալ արկածախնդրության, այլև արտահայտում է իր Պետության վճռականությունը՝ ձախողել հյուսիսից Իրանը շրջափակելու ցանկացած փորձ:
Ըստ իս, Իրանը միաժամանակ բավականին թափանցիկ ակնարկում է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման աշխարհաքաղաքական երաշխիքների ձևավորման գործում կարևոր դերակատարի իր անվիճելի և միջազգայնորեն ճանաչելի հավակնության մասին: Հարավային Կովկասում չեն կարող տեղի ունենալ աշխարհաքաղաքական տեկտոնիկ տեղաշարժեր՝ շրջանցելով Իրանին:
Շատ Խորհրդանշական է, որ այդ հայտարարությունը արվում է Հայաստանի Վարչապետի այցելության նախաշեմին: