Արագություն, լարվածություն, էքստրեմալ զգացողություններ, շատերին է ծանոթ «Տաքսի» ֆիլմաշարը, որի գլխավոր հերոս Սամի Նասերիին այսօր հյուրընկալեցին մայր բուհի ուսանողները, ժուռնալիստիկայի ֆակուլտետի Ե.Չարենցի անվան դահլիճում։ Սամի Նասերին եկել էր եղբոր՝ Բիբի Նասերիի հետ։ Նրանց ուղեկցում էին նաև երեք թարգմանչուհիներ։ Հայաստան գալու ցանկությունը մեծ էր, ինչպես նշեց դերասանը, ցանկանում էր տեսնել Շառլ Ազնավուրի երկիրը։
Դահլիճը լեփ-լեցուն էր տարբեր ֆակուլտետներից եկած ուսանողներով։ Նրանց ոգևորությունը շատ մեծ էր, բարձր ծափողջույններով դիմավորեցին դերասանին և իր ուղեկիցներին։ Հանդիպումը ընթանում էր հարց ու պատասխանի ձևաչափով։ Հարցերը բազմաբնույթ էին՝«Տաքսի» ֆիլմի, դերասանի երազանքների, ֆուտբոլային սիրելի թիմերի, Հայաստանի մասին ստացած տպավորությունների և շատ այլ թեմաների մասին։ Սամի Նասերին և եղբայրը Հայաստան են ժամանել փետրվարի 22-ին։
Առաջին հարցը, որ հնչեց դահլիճից այն էր, թե հասցրել է արդյոք դերասանը Հայաստանում օգտվել տաքսի ծառայությունից, նրա պատասխանը բացասական էր։ Ուսանողներից մեկը հարցրեց թե արդյո՞ք Սամին հասցրել է տեսնել Հայաստանը այս օրերի ընթացքում, նա պատասխանեց, որ բավականին շատ տեղերում է եղել երեք օրերի ընթացքում, նույնիսկ կոնյակի գործարան է այցելել։ Սամիին ուղղված այն հարցին, թե hասցրել է ճաշակել և սիրել հայկական ուտեստները, նրա փոխարեն պատասխանեց եղբայրը ասելով, որ աշխարհում չկա ավելի լավ խոհանոց, քան ֆրանսիականն է։ Այնուհետև ասեց, որ կատակում է։
Հարց հնչեց՝ ունի արդյոք դերասանը հայազգի ընկերներ, նա պատասխանեց, որ ծնվել և մեծացել է Ֆրանսիայի հայկական թաղամասերից մեկում և հայազգի բազմաթիվ ընկերներ ունի, նաև հավելեց, որ Շառլ Ազնավուրի մտերիմ բարեկամն էր և շտապել էր նաև նրա Երևանյան թանգարանում լինել։
Բիբի Նասերին մի արտահայտություն արեց, որից հետո մի ուժգին ալիք բարձրացավ դահլիճում, սա աղջիկների՞ համալսարան է, թե՞ տղաների, ես այստեղ միայն աղջիկներ եմ տեսնում, կարող եմ ենթադրել, որ հայ աղջիկները ավելի խելացի են քան տղաները։
Հանդիպման ավարտին բոլոր ուսանողները ցանկանում էին նկարվել դերասանի հետ, սակայն դա հնարավոր չէր, քանի որ նա շտապում էր գնալ մեկ այլ հանդիպման, և նա առաջարկեց սելֆի անել և տեղադրել այն իր ինստագրամյան էջում։
Թամարա ԱՎԱԳՅԱՆ