Լոռու մարզի Շամլուղ համայնքի 1-ին փողոցի 10-րդ բազմաբնակարան շենքի հարցը շարունակում է դեռեւս չլուծված մնալ:
Օրեր առաջ շենքի բնակիչները երկրորդ բաց նամակ են ուղարկել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանին ու ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին: Բնակիչները պահանջում են, որպեսզի պատկան մարմիններն ուշադրություն դարձնեն իրենց խնդրին, կատարեն շենքի տանիքի հիմնանորոգման ու շենքի ուժեղացման-վերանորոգման աշխատանքներ, որովհետեւ նրանց պնդմամբ՝ շենքն արդեն իսկ փլուզվում է, բնակիչները լսում են քարերի թափման ձայներ:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, նշելով, որ մինչեւ տարեվերջ կվերանորոգվի, ոչ միայն 10-րդ շենքի, այլեւ համայնքում գտնվող եւս 3 նման շենքի տանիքը: Իսկ շենքի ամրացման աշխատանքների մասին դեռեւս խոսք չկա. «Սուբվենցիոն ծրագրերի հետ կապված կա նոր կարգ եւ ավելի է բարելավել: Համայնքի ներդրումը շատ դեպքերում պակասել է եւ Շամլուղը քանի որ գտնվում է մարզկենտրոնից հեռավորության վրա, այնտեղ համայնքի տրամադրվող տոկոսներն ավելի քիչ են լինելու, եւ մենք պլանավորում ենք սուբվենցիոն ծրագրերով այդ խնդիրը լուծել: Դա ոչ միայն 10-րդ շենքնն է, այլ այնտեղ կա 4 շենք, որոնք որ կարիք ունեն տանիքների վերանորոգման: Հուսով եմ, որ այս տարվա ընթացքում 4-ն էլ կկարողանանք նորոգել: Մարտի 10-ից նոր ընդունվելու են սուբվենցիոն հայտերը, դա գործընթաց է, որ տարվա ընթացքում պետք է լինի»:
Հիշեցնենք, նշված շենքը Շամլուղի ամենահին կառույցներից է: 1930-ականների վերջերին կառուցված շինությունը բնակիչների խոսքով՝ վերջին 15 տարիներին մատնվել է անուշադրության: Շենքը գտնվում է ծայրահեղ անմխիթար ու վտանգավոր վիճակում, ունի ոչ միայն տանիքի վերանորոգման, այլեւ ընդհանուր ամրացման, հիմնանորոգման կարիք:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ