Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում հաստատվել է պայթունավտանգ իրավիճակ, որը սկսվել է դեռևս օրեր առաջ մի շարք գյուղացիների կողմից նախաձեռնված ապօրինի գործողությունների պատճառով, որոնք լի են սպառնալիքներով, սեփականության հանդեպ ոտնձգություններով և դառը հետևանքներով:
Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան, «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ («Արգիչի» ՓՀԷԿ)-ի (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ստանալով կոնկրետ դիմում-բողոք Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում համայնքապետի և մի շարք գյուղացիների կողմից նախաձեռնված ապօրինի գործողությունների կապակցությամբ, որոնք հստակ միտված են «Արգիչի» ՓՀԷԿ-ի դեմ, խստիվ դատապարտում է և իր մտահոգությունն է հայտնում նման ամենաթողությունների պատճառով ոլորտում հասունացող անկառավարելի և պայթունավտանգ երևույթների վերաբերյալ, որոնք ցանկացած պահի կարող են դուրս գալ վերահսկումից և բազում կենդանի և նյութական վնասներ պատճառեն: Առավել ևս ֆիզիկական մեծ վտանգ է հանդիսանում այն, որ բռնազավթողները, պահելով հիդրոկայանի աշխատակիցներին ահ ու սարսափի մթնոլորտում, սպառնում են վերջիններիս ֆիզիկական վնաս հասցնել և հաշվեհարդար տեսնել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանի ղեկավարությամբ և մասնակցությամբ մի շարք գյուղացիներ, չունենալով որևէ իրավական հիմնավորումներ և առաջնորդվելով առանց բացառության ինքնիրավչական, ապօրինի և ավազակային գործողություններով, սկզբից պաշարել, այնուհանդերձ բռնազավթել են համայնքում օրինական բոլոր պահանջներով տարիներ առաջ կառուցված և ներկայումս էլ գործող «Արգիչի» փոքր հիդրոկայանը՝ սպառնալով այն «անջատել» և «ջարդել»: Վերջիններս հանդես են գալիս մի պահանջով, որը չունի որևէ իրավական հիմնավորում և հակասում է բոլոր օրենքներին և օրենսդրությանը, այն է՝ հէկ-ը պարտավոր է իր եկամուտներից գումար տրամադրել համայնքին, հակառակ դեպքում, սպառնում են անջատել այն՝ ընդհուպ հնչեցնելով տարաբնույթ սպառնալիքներ վերջինիս նկատմամբ՝ տարբեր վնասներ պատճառելու նպատակադրվածությամբ:
Ի հավելում, նշենք, որ իր գործունեության ընթացքում «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ («Արգիչի» ՓՀԷԿ), չկրելով որևէ իրավական պարտավորություն, այնուհանդերձ մեծ ներդրումներ է իրականացրել համայնքում, մասնավորապես՝ իր միջոցների հաշվին վերանորոգվել են ճանապարհները, աշխատանքներ են իրականացվել ոռոգման համակարգի բարելավման ուղղությամբ, օգնություն է տրվել համայնքի մանկապարտեզին և սոցիալապես անապահով ընտանիքներին:
Այնուհանդերձ, առնվազն անհասկանալի և անընդունելի է, երբ խնդրանքի փոխարեն գործի են դրվում պարտադրանքի գործիքները, երբ խնդրագրի փոխարեն Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանն Ընկերությանը դիմում է պահանջագրով՝ հստակ պարտադրելով վճարել տարեկան ոչ պակաս, քան 50 մլն ՀՀ դրամ գումար, այն էլ 2015 թվականից սկսած: Հետաքրքիր է իմանալ, որտեղի՞ց նման ախորժալի թվեր և հաշվարկներ, միգուցե՞ 50 մլն չէ, այլ 50 մլրդ ՀՀ դրամ: Եվ այս ամենն այլ կերպ, քան դրամաշորթություն անհնար է անվանել, երբ համայնքում, ըստ էության, հարկերը չկարողանալով հավաքագրել, եկամտի հիմնական աղբյուրը սկսում են դիտարկել գումար շորթելու ուղին, իսկ այս պարագայում, իհարկե, հիդրոկայանը դիտարկվում է որպես ամենալավ շահութաբեր բիզնես, որին կարելի է պարտադրել, ստիպել, և կարևոր չի այս պարագայում այն օրինական թե անօրինական ճանապարհով է արվում…
Ի հավելում նաև նշենք, որ Ընկերությունն արդեն նյութեր է պատրաստել և դիմել է իրավապահներին՝ ՀՀ Ոստիկանությանն ու ՀՀ Դատախազությանը՝ քրեական գործ հարուցելու պայմանով, հստակ նշելով այն բոլոր հանցածին և ապօրինի դրսևորումներն ու գործողությունները, որոնք իրականացվել և շարունակաբար իրականացվում են սույն գործով Ընկերության նկատմամբ, ավելացնելով, որ իրավիճակի սրման և հետևանքների համար այն որևէ պատասխանատվություն չի կրելու:
Ելնելով կոնկրետ իրավիճակից և հստակ գնահատելով հասունացող վտանգը՝ Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան կոչ է անում զերծ մնալու նման արատավոր երևույթներով լի ցանկացած գործողություններից, որոնք միտված են խարխլելու պետության հիմքերը, այն ամրացնող իրավական պետության համբավը, որտեղ առաջնային նշանակություն ունեն սեփականության իրավունքը, սոցիալական հանդուրժողականությունը, ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը:
Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան հայտնում է նաև, որ իր կողմից կիրականացվեն բոլոր անհրաժեշտ քայլերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված կլինեն այդ արժեքների պահպանմանն ու օրինականության հաստատմանը:
ՀՀ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ