ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հրավերով փետրվարի 25-ին խորհրդարան էին այցելել բնապահպանական խնդիրներով զբաղվող շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ:
Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի տեղեկացմամբ՝ համատեղ քննարկումը նախաձեռնվել է, որպեսզի Հայաստանի բնապահպանական խնդիրներով զբաղվող կազմակերպություններն ու փորձագետները ներկայացնեն ոլորտում առկա խնդիրները, մտահոգություններն ու առաջարկները: Դրանք լսելուց հետո հանձնաժողովը կկազմավորի աշխատանքային խմբեր, որոնցում պատգամավորների հետ մեկտեղ կաշխատեն նաեւ բնապահպաններ: Վարազդատ Կարապետյանը նշել է, որ փորձագետների առաջարկներն ու մտահոգությունները կարեւոր են նաեւ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելու տեսանկյունից:
Բնապահպանների դիտարկումները վերաբերել են հանքարդյունաբերությանն ու բացվելիք հանքերին, Սեւանա լճի հիմնախնդրին՝ մասնավորապես ջրառին եւ դրա բացասական հետեւանքներին, անտառների պահպանությանն ու դրանց վերականգնմանը, կենդանիներին ու նրանց իրավունքների պաշտպանությանը, գետերը լցվող կեղտաջրերին, բնապահպանության ոլորտի աղճատման հետեւանքով մարդկանց առողջության վտանգմանը, որը, ըստ բնապահպանների, այսօր արդեն աղետալի չափերի է հասել:
Մասնավորապես «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության ղեկավար Նազելի Վարդանյանն անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի բացման հարցին եւ նշել, որ դրա շահագործումը չափազանց վտանգավոր է ջրերի աղտոտման տեսանկյունից ու մարդկանց առողջության համար: Նա կարեւորել է հանքարդյունաբերությամբ զբաղվող կազմակերպությունների պատասխանատվության բարձրացումը, քանի որ, նրա խոսքով՝ խախտվում է օրենսդրությունը:
Շարունակելով գործընկերոջը՝ բնապահպան, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը մտահոգություն է հայտնել հանքերի շահագործման պատճառով ծանր մետաղների եւ թունավոր նյութերի արտանետումների կապակցությամբ: Նրա տեղեկացմամբ՝ քաղցկեղի տարածվածությամբ այժմ Հայաստանն առաջատար դիրքերում է, ավելացել է նաեւ շեղումներով ծնվող երեխաների թիվը: Բնապահպաններից առաջարկ է հնչել կատարել ուսումնասիրություններ եւ պարզել հանրապետության՝ բնապահպանական ռիսկեր պարունակող տարածքները:
Գյուղատնտեսական որոշ մթերքներում շատացել են քաղցկեղածին նյութերը, մասնավորապես դիոքսինը. այս մասին էլ ահազանգել է բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Ղանդիլյանը: Նա նշել է, որ այս տվյալը վերցված է չեխական կազմակերպության անցկացրած ուսումնասիրությունից:
Մասնակիցները կարեւորել են հանրության մասնակցությունը բնապահպանական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացներում: Ըստ որոշ բնապահպանների՝ բնակչությունը հանքերի շահագործման հարցին դրական է վերաբերվում՝ ելնելով աշխատատեղերի բացակայությունից:
Քննարկումները կլինեն շարունակական, կձեւավորվեն ճյուղային աշխատանքային խմբեր. ամփոփիչ խոսքում տեղեկացրել են հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը եւ հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը:
ՀՀ Ազգային ժողով