Փետրվարի 24-ին Մասիսի երիտասարդական կենտրոնում AFFA (Adibekyan family foundation for advancement) բարեգործական հիմնադրամի և Մասիսի Երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպվել էր հուշ-երեկո՝ նվիրված ֆրանսահայ հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի,«Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր Միշել Լեգրանի 87-ամյակին: Երեկոյի պատվավոր հյուրն էր հայ ջազային երաժիշտ, երաժշտության պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը:
Միշել Լեգրանին նվիրված հուշ-երեկոյի ընթացքում որպես բանախոս հանդես եկավ ռեժիսոր, երաժիշտ, cinema music ռադիոհաղորդման հեղինակ-վարող Մարիա Գասպարյանը, ով երեկոն վարելու ընթացքում ներկաներին ծանոթացրեց Լեգրանի այն ստեղծագործությունների հետ, որոնք գրվել են ֆիլմերի համար:
Երեկոյի ծրագիրը սկսվեց Լեգրանի մասին պատմող տեսանյութով: Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ՝ ճանաչելու ծագումով հայ երաժշտին, տեղեկանալ նրա՝ Հայաստանի հանդեպ ունեցած վերաբերմունքի, սիրո պատմության և այլ մանրամասների մասին: Այնուհետև Մարտին Վարդազարյանը ներկայացրեց Լեգրանին և նրա կյանքից հետաքրքիր պատմություններ պատմեց’ ներկայացնելով ֆրանսիահայ կոմպոզիտորի մարդակային հատկանիշները և Միշել Լեգրան կոմպոզիտորին: Այս ամենը առավել պատկերավոր դարձնելու համար մաեստրոն օգտագործեց դաշնամուրը:
Երաժշտական կատարումներով հանդես եկան նաև Հայաստանում ֆրանիսական համալսարանի ուսանողական խորհուրդի երիտասարդները, ովքեր հնարավորություն ունեցան մաեստրոյի հետ իմպրովիզացիոն ելույթներ ունենալ:
Այս հանդիպումը տպավորիչ էր ոչ միայն մասիսցիների, այլև Երևանից և Արարատի մարզի տարբեր շրջաններից եկած հյուրերի համար:
Երեկոյի ընթացքում Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Առաքելյանը ներկայացրեց հիմնադրամի առաջիկա ծրագրերը: Նա նշեց, որ AFFA բարեգործական հիմնադրամի և Մասիսի Զարգացման հիմնադրամի առաջարկով ցանկանում են Մասիս քաղաքի 5–րդ փողոցը անվանակոչել Լեգրանի անունով, իսկ Երևանյան փողոցը’ Մասիս քաղաքի քաղաքապետարանի հետ համատեղ Շառլ Ազնավուրի անունով։
Միշել Լեգրանին նվիրված հուշ-երեկոյի ավարտին Արարատի մարզի մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման համար և ասաց, որ մարզպետարանը մշտապես համագործակցում և շարունակելու է համագործակցել Մասիսի Զարգացման հիմնադրամի հետ’ ի նպաստ Մասիս քաղաքի։
Մասիսի զարգացման հիմնադրամ