Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանրաքվեի մասին օրենքի ընդունումից հետո վերանայումները գործող կարգերում պարտադիր են. Սրբուհի Արզումանյան

Փետրվար 25,2019 17:56

Հարցազրույց ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հետ

– Տիկին Արզումանյան, oրերս Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է մի շարք որոշումներ, որոնք ուղղակիորեն սահմանում են ԱՀ Սահմանադրությամբ նախատեսված քաղաքացիական նախաձեռնության կարգով օրինագծեր շրջանառության մեջ դնելու ընթացակարգեր: Ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ որոշումները և որքանո՞վ էր ակտուալ դրանց ընդունումը այս ժամանակահատվածում:

– Սկսեմ հարցի երկրորդ մասից: 2019թ. փետրվարի 18-ին ԿԸՀ-ն ընդունել է գերատեսչական նորմատիվ իրավական ակտեր, ինչը պայմանավորված էր ԱՀ սահմանադրության 122-րդ և 162-րդ հոդվածների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: Այս հոդվածներից բխող իրավակարգավորումներն, իդեալական տարբերակում, պետք է կանոնակարգվեին նախ «Հանրաքվեի մասին» ԱՀ օրենքով, և ապա ` ԱՀ ԿԸՀ որոշումներով: «Հանրաքվեի մասին» ԱՀ օրենքը` նոր խմբագրությամբ, արդեն իսկ նախագծված է և դրված շրջանառության մեջ: Սակայն հաշվի առնելով, որ բավական ժամանակ է պետք, որպեսզի օրինագիծն ընդունվի, ինչպես նաև այն իրողությունը, որ արդեն հրապարակային հայտարարություն կար շրջանառության մեջ` քաղաքացիական նախաձեռնության կարգով օրինագիծ շրջանառելու մտադրության մասին, ուստի այս ամենը գոնե ժամանակավոր իրավակարգավորումների անհրաժեշտություն ուներ` ԿԸՀ որոշումների տեսքով: Հակառակ դեպքում, գործ կունենանք քաղաքացիների իրավունքների պատշաճ ապահովման պայմանների բացակայության հետ: ԿԸՀ հիշյալ որոշումները պետական գրանցում են ստացել 20.02.2019թ. և ուժի մեջ կլինեն ս.թ. մարտի 2-ին:

– Ինչ վերաբերվում է դրանց բովանդակությանը, որոնք, ի դեպ, մշակվել են ՀՀ օրենսդրական դաշտին համահունչ, ապա այն համառոտ կարելի է այսպես ներկայացնել:

– Օրինագիծ առաջարկելու կամ հանրաքվեի դնելու համար կազմավորվում է առնվազն 10 քաղաքացուց բաղկացած նախաձեռնող խումբ, որն, ի թիվս կարգով սահմանված մի քանի փաստաթղթերի, ԿԸՀ է ներկայացնում նաև համապատասխան օրինագիծը՝ ԿԸՀ կայքում հրապարակելու և հանրությանը իրազեկելու նպատակով, որին հաջորդում է ստորագրահավաքի իրականացումը:

Ստորագրությունների հավաքումն իրականացվում է ստորագրությունների հավաքման հատուկ ձևաթերթիկի միջոցով՝ տեղում ստորագրելու եղանակով: Ի դեպ, ստորագրել կարող են միայն ստորագրելու պահին հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները: Ստորագրությունների հավաքումն իրականացվում է համայնքապետարաններում և շրջվարչակազմերում (Ստեփանակերտի քաղաքապետարանում): Եվ ոչ միայն. դրան կարելի է միանալ նաև այդ մասին նոտարական կարգով տրված հայտարարությամբ, որի ձևը սահմանված է ԿԸՀ որոշմամբ:

– Ո՞րն է ստորագրահավաքի գործընթացում համայնքապետարանների և շրջվարչակազմերի դերը:

– Նախ և առաջ, դա նպատակ ունի քաղաքացիների սպասարկման համար տեխնիկական պայմաններ ապահովելու: Քանի որ այս գործընթացին մեր քաղաքացիներն են ընդգրկվում, տեղական իշխանությունները պարտավորվում են որոշակի պայմաններ ստեղծել նրանց քաղաքացիական իրավունքների իրացման համար: Այն դիտարկումները, որ դրանք նպատակ ունեն հսկողության տակ առնել, այսպես ասած, <<գործընթացն ուզած հունով տանելու համար>>, էժանագին  շահարկումների դաշտից են և իրականության հետ որևէ աղերս չունեն: Ընդամենը տեղական իշխանության ներկայացուցիչների` հանրային ծառայողների մասնակցությամբ է այս գործընթացն ապահովվում, մարդիկ, ովքեր, ի դեպ, ևս այս երկրի քաղաքացիներ են և բարեխիղճ ծառայողներ, հետևաբար նրանց գործունեության օրինականությունն ի սկզբանե, առանց հիմնավորման, կասկածի տակ առնելն առնվազն անբարոյականություն է :

ԿԸՀ կարգով սահմանվում է, որ  ստորագրությունների հավաքմանը ստորագրողը կարող է մասնակցել՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ: Տեղում ստորագրելու դեպքում ստորագրությունների հավաքումն իրականացնող անձը՝ ստորագրությունների հավաքման վայրում նշանակված համապատասխան հանրային ծառայողի մասնակցությամբ, ստուգում է ստորագրողի ինքնությունը, այնուհետև ձևաթերթիկում համապատասխան լրացումներ կատարելուց հետո հնարավորություն է ընձեռում ստորագրողին ձևաթերթիկում ստորագրելու իր տվյալների դիմաց համապատասխան սյունակում: Ձևաթերթիկն ամբողջական լրացվելուց հետո ստորագրվում է նախաձեռնող խմբի՝ ստորագրությունների հավաքումն իրականացնող ներկայացուցչի և ստորագրությունների հավաքման վայրում նշանակված համապատասխան հանրային ծառայողի կողմից:

– Նշեցիք ժամկետների մասին: Արդյո՞ք դրանք իրատեսական են, օրինակ` 45-օրյա ժամկետը ստորագրահավաք իրականացնելու համար:

– 45 օր տրամադրվում է ստորագրահավաք իրականացնելու, ևս 15 օր ` դրանք ամփոփելու և ԿԸՀ ներկայացնելու համար: ԿԸՀ ներկայացված նյութերը ստուգում է 1 ամսվա ընթացքում:

Իրատեսականությունն ակնառու է, եթե հաշվի առնենք հետևյալ իրողությունները: Ամենամեծ համայնքի` Ստեփանակերտի օրինակով ասենք. Ստեփանակերտում ընտրողների թիվը 01.01.2019թ. դրությամբ 38 647 է: Տվյալ դեպքում նախագիծ ընթացքավորելու համար պետք է կլինի առնվազն 3 865 ընտրողի ստորագրություն, ինչը նշանակում է, որ օրական կարող է սպասարկվել 86-90 քաղաքացի, ինչը լիովին կարելի է ապահովել առնվազն մեկ կետում սպասարկում իրականացնելիս: Իսկ սպասարկման կետերը կարող են նաև մեկով չսահմանափակվել:

– Հանրաքվեի մասին օրենքի ընդունումից հետո հնարավո՞ր են վերանայումներ գործող կարգերում:

–  Ոչ  միայն հնարավոր, այլ պարտադիր են` առնվազն իրավական ակտին ուղղակի հղումներ նախատեսելու առումով: Իսկ եթե օրենքով նաև բարելավումներ ենթադրվեն, ապա այդ դեպքում ԿԸՀ որոշումներում փոփոխություններն անխուսափելի են:

Առայժմ քաղաքացիական նախաձեռնությամբ օրինագծեր շրջանառելիս առաջնորդվելու միակ իրավական հիմք են մնում ԿԸՀ հիշատակվող որոշումները:

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728