Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն ոչ միայն տաղանդավոր արտիստ է, այլև ոգեշնչման աղբյուր և օրինակ՝ իր երկրպագուների համար: Հայ երկրպագուներից մեկին՝ 32-ամյա Արման Գրիգորյանին նա շատ մեծ օգնություն է ցուցաբերել:
Արմանը 1-ին կարգի հաշմանդամ է, ունի տեղաշարժման խնդիր, օգտագործում է ձեռնափայտեր։ Արմանը կարողացել է չընկճվել, շարժվել առաջ՝ գտնելով մեկին, ում օրինակով կոգեշնչվի և ում շնորհիվ իր կյանքը նոր գույներով ու երազանքներով կլցվի։ Արմանի համար այդ մեկը դարձել է հենց Նատալիա Օրեյրոն, ով, լինելով հասարակ և անապահով ընտանիքից, հաղթահարելով բազմաթիվ փորձություններ ու դժվարություններ, իրականացրեց իր երազանքը՝ դառնալով պրոֆեսիոնալ և համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի, դերասանուհի։
Արմանը փաստում է՝ շնորհիվ Օրեյրոյի նա կարողացել է հաղթահարել հոգեբանական և անձնական մի շարք խնդիրներ և դժվարություններ, ուսման հանդեպ մեծ հետաքրքրություն է ձեռք բերել։
«Ինձ, ինչպես շատերին, գերեց Օրեյրոյի անթերի գեղեցկությունը, ձայնային տեմբրը, բազմաժանր երգերը, ֆիլմերում և սերիալներում իր մարմնավորած կերպարները, նրա տաղանդն ու պրոֆեսիոնալիզմը: Ես ոչ մի արտիստի մեջ դեռ չեմ տեսել այն բարին, դրականը, որ տեսնում ու զգում եմ հենց Օրեյրոյից. նա յուրահատուկ անձնավորություն է, աստղային հիվանդություն երբեք չի ունեցել, չափազանց հասարակ է և բանիմաց։ Իր անկեղծ ժպիտը, աշխատասիրությունն ու նպատակասլացությունն ինձ ոգեշնչեցին դեպի նոր հաղթանակներ, հասկացա, որ ես ունեմ մեծ հնարավորություններ կատարելագործվելու, կարող եմ երազել ու աշխատել իմ երազանքներն իրական դարձնելու ուղղությամբ։ Հասկացա, որ ոչինչ անհնար չէ. քրտնաջան աշխատանք ու անկոտրում ձգտում է պետք միայն»,-նշում է հայ երկրպագուն:
Արմանը փաստում է՝ Օրեյրոն հեռվից հեռու իրեն սովորեցրել է, որ ոչինչ կյանքում հենց այնպես չի տրվում մարդուն. մեկը հեշտությամբ է կանգնում իր ուղու վրա, մյուսին առավել մեծ ջանքեր են պետք այդ ճանապարհին հասնելու համար։
Հայ երկրպագուի համար Նատալիա Օրեյրոն եղել և մնում է իր կյանքի իմաստը: «Օրեյրոյի նպատակասլացությանը հետևելով՝ հասկացա, որ ուզում եմ ու կարող եմ նոր լեզու ուսումնասիրել. շատ կարճ ժամանակահատվածում սովորեցի իսպաներեն։ Գրանցվել եմ «Couchsurfing»-ում և հաճախ հյուրընկալում եմ իմ տանը Հայաստան ժամանող իսպանախոս զբոսաշրջիկների: Ընկերներ եմ ձեռք բերում ամբողջ աշխարհով, կատարելագործում եմ խոսակցական իսպաներենս»,-նշում է Արմանը:
Նա փաստում է, որ սիրում է երգչուհու բոլոր երգերը, որոնցից յուրաքանչյուրն իր համար առանձնահատուկ է, քանի որ կապված է իր կյանքի մի հատվածի հետ:
Մամուլի հաղորդագրություն