«City of smile» բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, հրապարակել է 2018-19 թվականին նվիրատվություններ կատարած ընկերությունների եւ անհատների անունները:
«City of smile»-ը՝ «Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է, որպեսզի օգնի քաղցկեղով եւ արյան հիվանդություններով տառապող մարդկանց։
2018-ին ամենախոշոր նվիրատուն եղել է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Գործարան»-ը. 51 միլիոն դրամ է փոխանցել հիմնադրամին: Սակայն այս տարի այս ընկերությունը նվիրատվություն չի կատարել: Չնայած, դեռ ժամանակ ունի:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն անցյալ տարի «City of smile»-ին է փոխանցել 2 միլիոն դրամ, իսկ Ծառուկյանի տիկինը՝ Ջավահիր Ծառուկյանը՝ 5 միլիոն դրամ: Այս տարի նրանց փոխանցումներն ավելի քիչ են. «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն այս տարի փոխանցել է 1 միլիոն դրամ, եւ նույնքան էլ Ջավահիր Ծառուկյանը: Իսկ Ծառուկյանի դուստրը՝ Անահիտ Ծառուկյանը փոխանցել է 5 միլիոն դրամ:
Անցյալ տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Դեր Մամփրե Կուզույանը 47 միլիոն 985 հազար դրամ է փոխանցել: Այս տարի Մայր Աթոռը փոխանցում չի արել:
«Ամերիաբանկ»-ը 2018-ին հիմնադրամին է փոխանցել 11 միլիոն 856 հազար դրամ, իսկ այս տարի զգալիորեն ավելի՝ 33 միլիոն 793 հազար դրամ:
Անցյալ տարի «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամը «City of smile»-ին է փոխանցել 10 միլիոն դրամ: Այս ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմն» ու «Ալեքս տեքստիլ» ընկերությունները փոխանցել են համապատասխանաբար 3 միլիոն դրամ եւ 2 միլիոն դրամ:
Գործարար Խաչատուր Սուքիասյանի «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը, ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Տաշիր» հիմնադրամը «City of smile»-ին անցյալ տարի փոխանցել են յուրաքանչյուրը 1 միլիոն դրամ:
ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետ կապված «Մեգա թոյս» եւ «Մեգաֆուդ» ընկերությունները եւս անցյալ տարի «City of smile»-ին նվիրատվություն են կատարել. ամենքը 200 հազար դրամ:
«Զիգզագ» ընկերությունը, որի բաժնետերերից է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայրը, «City of smile»-ին անցյալ տարի փոխանցել է 1 միլիոն դրամ:
Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր տիկինն էլ միասին 200 հազար դրամ են փոխանցել հիմնադրամին:
Ըստ հիմնադրամի, 2018-ին թվով 77 նվիրատվություն է եղել:
Այս տարի ընդամենը 19 նվիրատվություն է եղել. հաշվի առնելով, որ տարին նոր է սկսվել, նվիրատուների թիվը պետք է որ ավելանա:
Այս տարվա նվիրատուներից ամենախոշորը «Ամերիաբանկ»-ն է՝ 33 միլիոն 793 հազար դրամ, 2-րդ տեղում Ամերիկայի Հայկական Ավետարանչական Միությունն է՝ 3 միլիոն 416 հազար դրամ, 3-րդ տեղում՝ «Ինեկոբանկ»-ն է՝ 2,5 միլիոն դրամ:
Ապա ցանկը շարունակում են Սարգիս, Էստեֆան Անդրիասյաններ եւ ընկերները՝ 1 միլիոն 461 հազար դրամ նվիրատվությամբ:
«Քարֆուր» սուպերմարկետների հանգանակության տուփերում հավաքված գումարն էլ փոխանցվել է հիմնադրամին, այն կազմում է 843 հազար 980 դրամ:
«Կարաս գրուպը», որը հայտնի է որպես ազգային սննդի ցանց, հիմնադրամին է հանգանակել 307 հազար 800 դրամ: Ամեն երկուշաբթի Կարասից առաքմամբ պատվերի 5%-ը, ինչպես «Կարաս»-ից են հայտնում, փոխանցվում է «City of smile» հիմնադրամին:
Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներն էլ այս տարի հիմնադրամին փոխանցել են 350 հազար դրամ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ