ՀՀ ոստիկանության աշխատակիցներից մեկն օրերս ծառայակիցների անունից անանուն զանգ էր կատարել Aravot.am-ի խմբագրություն՝ խնդրելով ներկայացնել իրենց աշխատավարձերի բարձրացման հարցը: «Դեռեւս նախորդ տարվանից հայտարարվում է, որ ոստիկանների աշխատավարձը պետք է բարձրանա, ասում են՝ 30%-ով. ո՞ւր է: Վարչապետն էլ վերջերս ասաց, որ 100 հազար դրամ ստացող ոստիկանը չի կարող լավ աշխատել: Հունվարից որեւէ մեկիս աշխատավարձը չի բարձրացել, սպասում ենք»,-ասաց մեր զրուցակիցը:
Աշխատավարձի բարձրացման վերաբերյալ Aravot.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից հետեւյալ պատասխանները տվեցին:
«ՀՀ ոստիկանության համակարգում սույն թվականի հունվարի մեկի դրությամբ աշխատավարձի բարձրացում տեղի չի ունեցել։ ՀՀ 2019թ.-ի պետական բյուջեով՝ պետական մարմինների, այդ թվում՝ ոստիկանության համար նախատեսվել է պարգևատրման ֆոնդ՝ ծառայողների (աշխատողների) պաշտոնային դրույքաչափերի 30 տոկոսի չափով՝ 12 ամսվա հաշվարկով։ Նշված պարգևատրումները սահմանված կարգով տրվելու են որակյալ աշխատանք կատարող ծառայողներին (աշխատողներին)՝ ոստիկանության պետի անհատական իրավական ակտի (հրամանների) հիման վրա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ