Փետրվարի 22-ին տեղի ունեցավ «Սթափ զրույց» նախաձեռնության կողմից կազմակերպված «Ներքաղաքական զարգացումներ՝ Անցումային արդարադատությունը և ՀՀ Սահմանադրությունը» թեմայի շուրջ» թեմայով հանրային քննարկումը։
Զեկուցողներ՝
Ռոբերտ Հայրապետյան, Անդրանիկ Թևանյան
Հատուկ հյուրեր՝
Արա Հակոբյան, Ռուբեն Մելիքյան։
Քննարկմանը մասնակցում էին փորձագետներ, քաղաքագետներ, լրագրողներ, իրավաբաններ և հանրային գործիչներ։
Միջոցառումը բացեց «Սթափ զրույց» նախաձեռնության հեղինակ Քրիստինե Նազարյանը։
Նա նշեց․ «Վերջին շրջանում շատ է խոսվում անցումային արդարադատության մասին՝ մասնավորապես ապօրինի հարստացման ենթատեքստում։ Այստեղ բազում հարցեր են առաջանում։ Երբվանից են սկսել հաշվել «ապօրինի հարստացում»-ը, ինչ մեխանիզմով է դա արվելու։ Ինչ ազդեցություն է ունենալու անցումային արդարադատությունը երկրի ներքին և արտաքին քաղաքական կյանքի վրա։ Այս հարցերի շուրջ այսօր կծավալենք մեր զրույցը»։
Ռոբերտ Հայրապետյանը ներկայացրել է «Անցումային արդարադատություն և ՀՀ Սահմանադրության հիմնարար դրույթներ» թեման։ Նա մասնավորապես նշել է․ «Այն մոդելը, որն այսօր իշխանությունները փորձում են կիրառության մեջ դնել, ավելի շատ կբերի այնպիսի դատական որոշումների, որոնք կլինեն ի վնաս մեր երկրի։ Կարող եմ ասել, որ փորձ է արվում ստեղծել արտակարգ դատարան, ինչը հակասահմանադրկան կարող է ճանաչվել։ Անցումային արդարադատությանն անցնելը ենթադրում է նաև մարդու իրավունքների զանգվածային խախտում, որոնց վերականգման համար հստակ մեխանիզմներ պետք է լինեն»,- նշել է իրավաբանը։
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրենի Անդրանիկ Թևանյանը ներկայացրել է «Անցումային արդարադատություն՝ միջազգային փորձ, հետևանքներ» թեմայով զեկույցը, նշել է․ «Բանն այն է, որ այսօր Հայաստանում անցումային արդարադատության նախադրյալներ չկան՝ ոչ քաղաքական, որ տնտեսական, ոչ իրավական, ոչ սեփականության ձևի փոփոխության մասով։ Այն, ինչ ներկայացվում է անցումային արդարադատություն հասկացության տակ ավելի շատ սեփականության վերաբաշխում, սեփականության կենտրոնացում և քաղաքական մոնոպոլիզացիա հիշեցնում։ Անցումային արդարադատության ներկայացվող տրամաբանությամբ մենք պետք է դատեինք նախկին ռայկոմի նախկին քարտուղարներին կամ Դեմիրճյանին պիտի ուղարկեինք Սիբիր։ Այդպես մեր երկիրը պարզապես գոյություն չէր ունենա։ Տնտեսական ու քաղաքական առումով սա կոլափսի կբերի մեր պետությունը»։
Հանդիպման ավարտին հատուկ հյուրեր Ռուբեն Մելիքյանը ու Արա Հակոբյանն ամփոփեցին քննարկումը։ Նրանք կարևորեցին նման քննարկումների առկայությունը հատկապես այն թեմաների շուրջ, որոնց հասարակությունը լավ տեղեկացված չէ։ Բանախոսները նաև ներկայացրին իրենց մտահոգությունները՝ անցումային արդարադատության անվան տակ արտակարգ դատարանների ստեղծման և տնտեսական համակարգի հավանական խարխլման առնչությամբ։
ArPR Holding